Կոլեգիայի նիստ ՏԿԱԻ նախարարությունում


Կոլեգիայի նիստ ՏԿԱԻ նախարարությունում

  • 09-02-2016 17:32:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 9-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում տեղի ունեցավ կոլեգիայի ընդլայնված նիստ, որը նվիրված էր նախարարության 2015 թ. արդյունքների ամփոփմանը: Կոլեգիայի նիստին մասնակցում էին նախարարության կազմում ընդգրկված բոլոր ստորաբաժանումների ղեկավարները:
 
ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը հիմնական զեկույցի համար խոսքը տվեց ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանին:
 
Հիմնական զեկույցում ամփոփ ներկայացվեցին 2015 թ. ընթացքում նախարարության գործունեության հիմնական ուղղությունները և արձանագրված արդյունքները: Նախարարության բոլոր ստորաբաժանումներն ամբողջությամբ իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները: Տարվա ընթացքում ավարտին են հասցվել ՀՀ բոլոր մարզերում ճգնաժամային կառավարման կենտրոնների (ՃԿԿ) ստեղծման աշխատանքները, իրականացվել է «911» ծառայության ապակենտրոնացում, որի արդյունքում յուրաքանչյուր բնակավայրից զանգերը հասցեագրվում են համապատասխան մարզի ՃԿԿ: Տավուշի մարզում իրականացվել է կենտրոնացված ազդարարման համակարգի տեղադրման պիլոտային ծրագիր: Երևանի քաղաքային որոնողափրկարարական թիմն անցել է ՄԱԿ-ի միջազգային չափանիշներին համապատասխան որակավորում` որպես միջին քաղաքային որոնողափրկարարական թիմ և դարձել INSARAG-ի անդամ: Ստեղծվել է հայ-ռուսական մարդասիրական հումանիտար արձագանքման կենտրոն և շուտով նախատեսվում է կենտրոնի պաշտոնական բացումը:
 
Նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց փրկարար ծառայության կազմում հինգ և ավելի տարիների բարեխիղճ ծառայություն անցած, բարձրագույն կրթություն ունեցող ծառայողներին ներկայացնել սպայական կոչումների շնորհման համար: ՏԿԱԻ նախարարը կարևորեց փրկարար ծառայողների մասնագիտական առաջխաղացման հնարավորությունների ապահովման հարցը:
 
ՀՀ ՏԿԱԻ նախարարը «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանից հետաքրքրվեց սեյսմիկ տվյալների գրանցման և դեֆորմոգրաֆի աշխատանքի արդյունքների մասին` հանձնարարելով խստորեն հետևել այդ գործընթացին, ինչպես նաև` 2016 թ.-ի ընթացքում ավարտին հասցնել սեյսմիկ ակտիվությունը գրանցող սարքավորումների մոնտաժումը: Նախարարի խոսքով` Սպիտակի 1988 թվականի աղետալի երկրաշարժի դասերը հաշվի առնելով` սեյսմիկ պաշտպանության ծառայությունը պետք է լինի ՏԿԱԻՆ ամենահզոր ծառայություններից մեկը:
 
 
 
Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանին նախարար Երիցյանը հանձնարարեց ուշադրություն դարձնել որոշ տնտեսվարողների անփութության պատճառով առաջացած հրդեհների մարման ընթացքում փրկարար ծառայության կրած վնասների փոխհատուցման խնդրին:
 
2015 թ. ընթացքում միավորվել են ՏԿԱԻՆ ‹‹Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» և ‹‹Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն›› ՊՈԱԿ- ները: Նախարարը դրական գնահատեց ծառայությունների միավորումը, հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել հակակարկտային կայանների գործունեությունը և հետևել, որ նոր տեղադրվող կայանները համապատասխանեն բոլոր չափանիշներին:
 
Տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում ՏԿԱԻ նախարարությունը իրականացնում է կանխարգելման, իրազեկման տարաբնույթ աշխատանքներ: ՏԿԱԻ նախարարը «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանին հանձնարարեց հետևել տեխնիկական անվտանգության բնագավառում ծառայություններ մատուցող ոչ պետական ընկերությունների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին:
 
 
 
Կոլեգիայի նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ նաև ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Փոխնախարարն անդրադարձավ 2015 թ.-ի ընթացքում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում իրականացված աշխատանքներին` շեշտելով համայնքների խոշորացման, ինչպես նաև` ապակենտրոնացման ծրագրերի կարևորությունը: Փոխնախարարի խոսքով` խոշորացվող համայնքներում կլինեն մոտ 5 միլիոն դոլարի արտաքին ներդրումներ: Տարածքային կառավարման բնագավառում Վ. Տերտերյանը կարևորեց հրատապ, ինչպես նաև մարզային զարգացման ծրագրերի իրականացումը: Առաջին փոխնախարարը նշեց, որ տեղական ինքնակառավարման բնագավառում արձանագրված հաջողություններից է համայնքային բյուջեների կատարումը և 2015 թ. ընթացքում դրանց մուտքերի ավելացումը:
 
 
 
ՏԿԱԻՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց ծառայության տարեկան գործունեության արդյունքները: Միգրացիոն ծառայությունը ՌԴ մուտքի արգելքի հետ կապված ՌԴ դաշնային միգրացիոն ծառայություն է ուղարկել 7826 դիմում, ստացվել է 7262 պատասխան, որից 3932-ը` դրական ելքով: Դրական պատասխանների ցուցանիշը 2014 թ. համեմատ բարելավվել է, որը, ծառայության պետի խոսքով, հետևանք է նաև նախարար Ա. Երիցյանի հետևողական ջանքերի: Մասնավորապես` դրան նպաստել է 2015 թ. Մոսկվայում ՀՀ ՏԿԱԻ նախարարի հանդիպումը ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդանովսկու հետ:
 
Իր ամփոփիչ ելույթում նախարար Ա. Երիցյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց նախարարության 2015 թ. գործունեությունը, ապա ուշադրություն հրավիրեց որոշ կազմակերպչական բնույթի խնդիրների վրա և տվեց մի շարք հանձնարարականներ: Նախարարը շնորհակալություն հայտնեց ՏԿԱԻ աշխատակիցներին` արդյունավետ աշխատանքի համար:
- Յուրաքանչյուր անձ, որը լավ է աշխատում, պետք է խրախուսվի,- շեշտեց նախարար Երիցյանը:
 
ՏԿԱԻ նախարարի հրամանով` պատվոգրերով պարգևատրվեցին 2015 թ. լավագույնը ճանաչված մի շարք աշխատակիցներ, ինչպես նաև կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներ: Նախարարի մեկ այլ հրամանով` ձնաբքի մեջ հայտնված քաղաքացիներին օգնություն ցուցաբերած փրկարարները կստանան դրամական պարգևներ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն