Ինչո՞ւ է վերագործարկվում ՏՄՊՊՀ կայքը


Ինչո՞ւ է վերագործարկվում ՏՄՊՊՀ կայքը

  • 09-02-2016 18:20:42   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
<Տնտեսական  մրցակցության պաշտպանության  պետական հանձնաժողովը  ստախոս կառույց է> հոդվածի տարածումից շատ չանցած  ՏՄՊՊՀ-ն անմիջապես արձագանքեց ու իր կայքի ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժնում դրեց պատասխանը՝  <ՀՀ ՏՄՊՊՀ պատասխանը «Բարև Երևան» խմբակցության անդամ Ա. Բախշյանին>  վերնագրով, բայց չդրեց իմ նամակը: 
Կայքում անմիջապես, փետրվարի 4-ի ամսաթվով դրվեց կառավարություն ներկայացրած  ուսումնասիրությունը, որը հաստատ փետրվարի 7-ին չկար, որովհետև հոդվածումս գրել եմ, որ կայքում վերջին նորությունը 2015թ. հոկտեմբերի 15-ին է եղել: Այդ վերնագրի տակ անմիջապես ավելացվել են 22.12.2015թ. «ԱրմենՏելը» պետբյուջե կվճարի 20 միլիոն դրամ. ՏՄՊՊՀ որոշումը մնաց անփոփոխոխ> և  14.01.2016թ. <Ա. Շաբոյանը ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է տնտեսության մի շարք ոլորտներում իրականացրած վերահսկողության արդյունքները> նյութերը:
 Ինձ այպանեցին, որ ես հաշվետվություն  եմ համարել  կառավարություն ներկայացրած ուսումնասիրությունն  ու ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  մեջ եմ փնտրել այն, այնինչ հոդվածում հստակ երևում է, որ փնտրել եմ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ  էջում: 
Պատասխան նամակում գրված է.< Հետևապես, տիկին Բախշյանը կամ այնքան էլ լավ չի պատկերացնում «թափանցիկ» կամ «հրապարակային» բառերի իմաստը, կամ հետապնդում է այլ՝ միայն իրեն հայտնի նպատակներ, այլապես չէր շտապի հանդես գալու նման ակնհայտորեն չստուգված և անտեղի որակումներ պարունակող հայտարարություններով:>
Կարճ ասեմ, պարոն Շաբոյա՛ն, «թափանցիկ» կամ «հրապարակային» բառերի իմաստը  ես շատ լավ եմ հասկանում, այդ պատճառով էի   էքսկուրսիա  անում ՏՄՊՊՀ-ի  կայքում, որի նպատակը  այդ  կառույցի  վերաբերյալ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հետաքրքրող տեղեկությունը կայքից ստանալու հնարավորությունը  պետք է լինի, ոչ թե  գրավոր  հարցում  անելն  ու  ստանալը, որը Ձեր աշխատակազմի սուրբ պարտականությունն է և կապ չունի «թափանցիկ» կամ «հրապարակային»   գործունեության հետ, ստացվում է, որ Դուք  երևի լավ չեք պատկերացնում  այդ բառերի  իմաստը:
 Պատասխանում նաև  գրված է. «Բարև Երևան» Խմբակցության անդամը պարտավոր էր իմանալ, որ Հանձնաժողովը ընդգրկված չէ հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման գործընթացում,  հետևապես կայքում նման տեղեկատվություն պարզապես չէր կարող տեղադրվել >: Նախ, շատ վատ է, որ ընդգրկված չէ, որովհետև   կոռուպցիան ու մենաշնորհային դիրքունեցող տնտեսվարող սուբյեկտները, որոնցով   պետք է զբաղվի  Ձեր  կառույցը, խիստ  փոխկապակցված են, երկրորդ, ապա ինչո՞ւ է  այդ էջը բացելիս գրվում. <Կայքը գտնվում է վերագործարկման  փուլում>: Ուրեմն վերագործարկում    եք, որ ի՞նչ անեք:
 
       Անահիտ Բախշյան
      Երևանի ավագանու «Բարև Երևան»
      Խմբակցության անդամ
Նոյյան տապան  -   Հասարակություն