Ռուսաստանը թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի հանդեպ. «Լրագիր»


Ռուսաստանը թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի հանդեպ. «Լրագիր»

  • 09-02-2016 18:37:27   | Հայաստան  |  Վերլուծություն

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵՊՀ-ում հանդիպման ժամանակ հորդորել է ռուսական արդիական սպառազինության մատակարարման մասին հարցեր չտալ, քանի որ դա վնասում է իրենց գործունեությանը: Նա վստահեցրել է, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ աշխատանք է տարվում:
 
Իր հերթին, կառավարության պաշտոնյաներն ասում են, որ որեւէ նորություն չկա Ռուսաստանից ստացվելիք վարկերից ու ՌԴ վարչապետ Մեդվեդեւին ուղղված Հովիկ Աբրահամյանի նամակից: ՀՀ վարչապետն այդ նամակում կոչ էր արել վերանայել գազի գինը Հայաստանի համար, նվազեցնելու ուղղությամբ: Անցել է մի քանի ամիս, սակայն պատասխան չկա:
Ռուսական կողմն ընդհանրապես որեւէ կերպ չի արձագանքում Հայաստանից գնացող առաջարկներին ու կոչերին: Ակնհայտ է, որ դրանք անտեսվում են լավագույն դեպքում: Ռուսաստանը ոչ միայն հարկ չի համարում պատասխանել այդ կոչերին, այլեւ Հայաստանը չի համարում պետություն, որի շահերի հետ պետք է հաշվի նստել, եւ դա ապացուցել է բազմիցս:
Այդ պատճառով, Հայաստանի հետ կապված հարցերում խորհրդավոր լռություն է, թեեւ թվում է, թե դաշնակիցների միջեւ ինչ խնդիր պետք է լիներ այդ հարցերի մասին խոսելը:
Փոխարենը, Ռուսաստանը զենք է մատակարարում Հայաստանի հետ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին, թեեւ այդ հակամարտության կարգավորման Մինսկի խմբի անդամ է եւ Հայաստանի «ռազմավարական դաշնակիցը»: Մինսկի խմբի մյուս անդամները զենք չեն վաճառում Ադրբեջանին:
Ռուսաստանը մեկուսացրել է Հայաստանը եւ միջպետական պայմանագրերով զրկել նրան ինքնիշխանությունից, հայկական խնդիրները դարձնելով մանիպուլյացիայի առարկա միջազգային գործերում: Հայաստանը սահմանափակված է անվտանգության, էներգետիկ, առեւտրի եւ մյուս ոլորտներում իր քայլերի մեջ:
Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականության արդյունքում Հայաստանից ահագնացել է արտագաղթը, որը նրա համար սեփական դեմոգրաֆիական աղետալի վիճակը շտկելու արդյունավետ միջոց է:
Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես տարածք՝ սեփական ռազմական ներկայությունը տարածաշրջանում պահելու նպատակով: Այս մասին անթաքույց խոսում են ռուս պաշտոնյաները:
Եթե Հայաստանի հանդեպ նման քաղաքականություն վարող պետության անունը չլիներ «Ռուսաստան», հայերը նման պետությանը կհամարեին թշնամի: Ռուսաստանն իրականում թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի հանդեպ, դառնալով գլխավոր սպառնալիք բոլոր ոլորտներում:
Ռուսաստանը դարձել է հայկական հեքիաթի այն հրեշը, որը նստել է աղբյուրի ակունքին եւ ջուր է բաց թողնում միայն զոհաբերության դիմաց: Հայ ժողովուրդը արդեն հարյուրամյակներ կերակրում է այդ հրեշին իր ունեցած ամենաանգին բաներով, բայց շարունակում է մնալ հիպնոսացած ճագար, որը «կամավոր» գնում է հրեշի երախը:
Այս ամենը հնարավոր չէր լինի, կամ այս աստիճան ճչացող չէր լինի, եթե Հայաստանն ունենար այլ բնույթի ու մոտիվացիայի տնտեսա-քաղաքական էլիտաներ ու իշխանություն, եթե Ռուսաստանը չունենար հայ հանրության 80 տոկոսանոց «քվեն» ու «դաբրոն»:
Հիմա Հայաստանը չի փլուզվում միայն այն պատճառով, որ աշխարհի մյուս՝ քաղաքակրթական բեւեռում դեռ որոշակի ծրագրեր են կապվում Հայաստանի հետ եւ շարունակվում են ֆինանսական ներարկումները: Իր հերթին, այս ամենը առավել ցցուն են դարձնում հայ-ռուսական «հարաբերությունների» ողջ մերկությունը:
Այդ մերկությունը հնարավոր չէ արդեն ծածկել ոչ մի կերպ, իսկ նման փորձերն ավելի ու ավելի են խորացնում վիճակը:
Հայ-ռուսական հարաբերություններն արդեն հասել են սահմանագծին, եւ ակնհայտորեն եկել է հանգուցալուծման պահը: Դա նկատելի է արդեն նրանից, որ սկսել են փոխադարձ պահանջներ ու դժգոհություններ ներկայացվել:
Հայկական կողմը բարեխիղճ կատարում է իր բոլոր պայմանագրային եւ նույնիսկ ոչ պայմանագրային պարտավորությունները ռուսական ու պրո-ռուսական նախագծերում, սակայն հանդիպակաց քայլեր ու պարտավորությունների կատարում չկան ու չեն կարող լինել: Դա արդեն հասկացել են բոլորը:
Ի՞նչ հանգուցալուծում է սպասվում: Ըստ ամենայնի՝ խիստ ցավոտ ու ցնցումային, քանի որ չի երեւում, որ հնարավոր է առարկայական բանավեճ ու քննարկումներ, խնդիրները լուծելու պատրաստակամություն: 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն