Վահան Տերյանին ամբողջությամբ ներկայացնելու համար շատ անելիքներ կան. Առուշան Հակոբյան (տեսանյութ)


Վահան Տերյանին ամբողջությամբ ներկայացնելու համար շատ անելիքներ կան. Առուշան Հակոբյան (տեսանյութ)

  • 09-02-2016 19:58:45   | Հայաստան  |  Մշակույթ



Փետրվարի  9-ին լրանում է հայ մեծանուն գրող Վահան Տերյանի ծննդյան 131-ամյակը: Այս կապակցությամբ «Նոյյան Տապան»-ը զրուցեց գրողի անունը կրող մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանի հետ:
 
Նրա տեղեկացմամբ` ամեն տարի այս օրը, «Վահան Տերյան» մշակութային կենտրոնն իրականացնում է «Տերյանի հետ» միջոցառումը, որի շրջանակներում պետական և մշակութային գործիչները, Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցի ուսուցիչները և աշակերտներն այցելում են Կոմիտասի անվան պանթեոն և ծակեպսակներ դնում Վ. Տերյանի հուշաքարին, խնկարկում, ինչպես նաև ասմունքում են հանճարեղ գրողի բանաստեղծություններից: 
Ա. Հակոբյանի խոսքերով` մեկ ու կես տասնամյակ գործող կենտրոնն իր առջև նպատակ է դրել անպայման ապահովել այն բոլոր միջոցառումների իրականացումը, որոնք նվիրված են լինում Վ. Տերյանին կամ կապված են լինում նրա անվան հետ: 
Ամեն տարի հուլիս ամսվա նախավերջին կիրակին Վ. Տերյանի ծննդավայր Գանձայում անցկացվում է Տերյանի օրեր, իսկ ամբողջ տարվա ընթացքում ինչպես Հայաստանի մարզերում, այնպես էլ Հանրապետությունից դուրս` Օրենբուրգում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում  անցկացվում են Վ. Տերյանին նվիրված միջոցառումներ, որոնք հանրության լայն զանգվածներին ներկայացնում են Վ. Տերյան գրողին, թարգմանչին, քնարերգուին: 
Ա. Հակոբյանի փոխանցմամբ` հրատարակվել և շարունակվում են հրատարակվել Վ. Տերյանի ընտրանիները, նրան նվիրված ստեղծագործությունները, ստեղծվում են հուշակոթողներ, այդ թվում նաև «Վահան Տերյան» ֆիլմը:  
 
Մանրամասները տեսանյութում
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ