Վարչապետը հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահին


Վարչապետը հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահին

  • 09-02-2016 20:16:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչին:
Ողջունելով Սերբիայի ԱԺ նախագահին՝ վարչապետը նշել է, որ հայ-սերբական բարեկամությունը դարերի պատմություն ունի, և անհրաժեշտ է հետևողական ջանքեր գործադրել երկկողմ կապերի խորացման դրական դինա¬միկան պահպանելու, ինչպես նաև տնտե¬սա¬կան, մշակութային, ռազմատեխնիկական և այլ ոլոր¬տնե¬րում համագործակցության առկա մեծ ներուժն իրացնելու համար: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և կարևորել Հայաստանի ու Սերբիայի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի ակտիվ աշխատանքը: 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մայա Գոյկովիչը ևս փաստել է, որ հայ և սերբ ժողովուրդներն ունեն դարավոր պատմամշակութային կապեր, որոնք անհրաժեշտ է պահպանել և սերտացնել: Սերբիայի ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացումը, ինչն էապես կնպաստի բոլոր բնագավառներում փոխշահավետ համագործակցության ակտիվացմանը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Սերբիայի միջև ներկայում ծավալվում է ինտենսիվ երկխոսություն, այդ թվում նաև՝ միջխորհրդարանական մակարդակով:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Այս առումով երկուստեք կարևորվել են փոխադարձ այցերն ու գործարար շփումները: Հանդիպմանն արծարծվել են նաև միջազգային կառույցներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման խնդրին՝ վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, բացառապես խաղաղ ճանապարհով, և այս ձևաչափից դուրս հիմնախնդրի որևէ քննարկում վնասում է խաղաղ բանակցային գործընթացին: Իր հերթին տիկին Գոյկովիչը շեշտել է, որ Սերբիան մշտապես ընդգծում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, երկխոսության և խաղաղ բանակցությունների ճանապարհով:
Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Սերբիայի ԱԺ նախագահի այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի և կնպաստի հայ-սերբական համագործակցության ակտիվացմանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play