«Յունիգրաֆ Իքս» կազմակերպությունն` ի դեմս Երևանի քաղաքապետարանի շարունակում է թափառող շների սպանդը. կենդանասերներ (տեսանյութ)


«Յունիգրաֆ Իքս» կազմակերպությունն` ի դեմս Երևանի քաղաքապետարանի շարունակում է թափառող շների սպանդը. կենդանասերներ (տեսանյութ)

  • 10-02-2016 17:06:12   | Հայաստան  |  Հասարակություն



«Յունիգրաֆ Իքս» կազմակերպությունն` ի դեմս Երևանի քաղաքապետարանի շարունակում է թափառող շների սպանդը: Ինչպես փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց  «Դինգո թիմ» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը, վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի անգամ ավելացել են քաղաքացիների ահազանգերը` գիշերային ժամերին թափառող շներին կրակելու հետ կապված:
 
Ըստ նրա` ամենավերջին կրակված շանը հայտնաբերել են փետրվարի 6-ին Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի տարածքում:
«Հանցագործության մասին հաղորդում տալու համար  դիմեցինք ոստիկանությանը, որտեղից պատասխանեցին, որ շների սպանության հետ կապված գործընթացն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից, մինչդեռ վերջինս հերքում է իր առնչությունն այդ հարցում»,- ասաց Օ. Հովսեփյանը` ընդգծելով, որ բնակելի վայրերում  կրակոցներն արգելված են և համարվում են քրեորեն պատժելի արարք: 
Նրա փոխանցմամբ` վերջին սպանված շան դիակը հաջողվել է հայտնաբերել այն պարզ պատճառով, որ շունը կրակոցներից հետո փախել է և որոշ ժամանակ անց վիրավոր վիճակով վերադարձել իր բնակութան վայր: 
Շանն դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքներով` կենդանու մարմնում հայտնաբերվել է 25 փամփուշտ, որոնք ամբողջությամբ վնասել են նրա ներքին օրգաններ: 
Կենդանասերների տեղեկացմամբ` վիրավորված շունը հայտնաբերման պահին  սատկած չի եղել, ուստի անասնաբույժի հետ խորհրդակցելուց հետո նրանք ստիպված են եղել քնեցնել կենդանուն: 
«Դինգո թիմ» ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանի խոսքերով` սա առաջին դեպքը չի, երբ իրենք փորձում են ոստիկանությունից պարզաբանումներ ստանալ շների սպանդի հետ կապված և ստանում են գռեհիկ պատասխան, ավելին` նրանք խոչընդոտում են կենդանասերների աշխատանքներին: 
«Գիշերային կրակոցներից բացի, ավելանում են դեպքերը, երբ «Յունիգրաֆ Իքս»-ը փողոցներից հավաքում է շներին. եթե նախկինում կենդանիներին տանում էին Նոր Արտամեդում գտնվող կացարան, ապա այժմ տեղյակ չենք, թե ուր են տանում  և ինչպես են վարվում նրանց հետ »,- ասաց Գ. Մանուշակյանը`  հավելելով, որ Նոր Արտամեդի կացարանը դատարկ է:
Նրա պնդմամբ` քաղաքացիների ահազանգերն ստացվում են անխտիր բոլոր թաղամասերից:
Բանախոսը տեղեկացրեց, որ չնայած նախորդ տարի «Յունիգրաֆ Իքս»-ը հայտարարել էր, թե չի մասնակցելու Երևանի քաղաքապետարանի կողմից թափառող շների վնասազերծման և ստերջացման համար հայտարավող մրցույթին, այնուամենայնիվ, մյուս ՀԿ-ներին չի թույլատրվել մասնակցել այդ տենդերին, որից հետո պարզվել է, որ մրցույթում դարձյալ հաղթել է «Յունիգրաֆ Իքս»-ը:
«Դինգո թիմ» ՀԿ-ի իրավաբան Հեղինե Խաչիկյանի համոզմամբ` վերոնշյալ ապօրինությունների շղթան իրականում շատ երկար է, դրա մաս է կազմում ինչպես «Յունիգրաֆ Իքս»-ը , այնպես էլ Երևանի քաղաքապետարանը և ոստիկանությունը: 
«Հայաստանի Հանրապետությունը չունի կենդանիների պաշտպանության որևէ օրենք, որը կհստակեցներ թե թափառող շների իրավունքները, թե նրանց նկատմամբ մարդկանց իրավունքներն ու պարտականությունները»,- նկատեց Հ. Խաչիկյանը` ավելացնելով, որ նման օրենքներ կան աշխարհի շատ զարգացած երկրներում:
Իրավաբանի փոխանցմամբ` ոստիկանների այն պնդումները, թե գիշերային ժամերին կրակոցներ իրականացնողները որսորդներ են և իրավունք ունեն կիրառելու հրացաններ, անհիմն են, քանի որ դա բացահայտ ապօրինություն է: 
Ըստ նրա` ՀՀ Որսորդության մասին օրենքն արգելում է բնակավայրերում, հանգստի գոտիներում, մայրուղիներին  որսի նպատակով զենքի օգտագործումը:
«Ոստիկանները շատ լավ իմանալով, որ նշյալ որսորդները խախտում են իրավական նորմերը, չեն միջամտում ու պատասխանատվության  չեն ենթարկում այդ մարդկանց, էլ չեմ ասում այդ զենքերի, դրանց ձեռք բերման իրավունքի մասին»,- ասաց Հ. Խաչատրայանը:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play