ԼՂ հակամարտության հարցում Պակիստանը սատարելու է Ադրբեջանին


ԼՂ հակամարտության հարցում Պակիստանը սատարելու է Ադրբեջանին

  • 19-02-2016 16:03:11   | Ադրբեջան  |  Վերլուծություն

Ադրբեջանի արտաքին քաղաքատնտեսական զարգացումները ս.թ հունվարին հիմնականում ընթացել են ավանդական գործընկերների հետ հարաբերությունների տիրույթում։
 
ԱՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին ադրբեջանական հանրության պատկերացումներն արտացոլված են վերջերս արված սոցիոլոգիական հարցումների արդյունքներում, որոնց համաձայն՝ Ադրբեջանի դաշնակիցներ են համարվում Թուրքիան, Պակիստանը, Վրաստանը, ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան: Հարցման մասնակիցները կարծում են, թե Լեռնային Ղարաբաղի համար հնարավոր պատերազմի դեպքում Ադրբեջանին օգնության կգան Թուրքիան (82%), Պակիստանը (10%) և Սաուդյան Արաբիան (8%), իսկ ինտեգրացիոն հիմնական ուղղությունների նկատմամբ հանրային համակրանքն ունի հետևյալ պատկերը. ՆԱՏՕ, ԵՄ՝ 72%, ԵՏՄ՝ 16%:
 
Ադրբեջան-Թուրքիա. ԱՀ կառավարության նիստում Ի.Ալիևն անդրադարձել է ռուս-թուրքական լարվածության հետևանքով թուրքական բեռնափոխադրումների համար ստեղծված դժվարությունները հաղթահարելու Ադրբեջանի ջանքերին, որոնք տվել են իրենց արդյունքները։ Սակագների իջեցման և այլ պայմանների բարելավման միջոցով Ադրբեջանը միաժամանակ ձեռք է մեկնում Թուրքիային և ստանում լրացուցիչ քաղաքատնտեսական շահաբաժիններ։
 
Հայտնի է որ, Թուրքիան որոշակի ակնկալիքներ ուներ նաև Ադրբեջանից ներկրվող գազի ծավալների աճի ուղղությամբ, սակայն, ինչպես պարզվում է, ներկայումս դժվարություններ կան անգամ նախկին մատակարարումներն անխափան ապահովելու առումով1։ Թուրքիայի հաշվիչ պալատի տարածած հաղորդագրության համաձայն, Ադրբեջանը «BOTAŞ» թուրքական գազային օպերատորին պարտք է $322մլն-ի գազ: Նշված ընկերությունն իրականացնում է գազի ներկրումն Ադրբեջանից և Իրանից՝ «գնիր կամ վճարիր» սկզբունքով, նախապես վճարելով գազի ծավալների դիմաց։ Հետաքրքրական է այն փաստը, որ իրանական գազի տեղափոխման հետ կապված խնդիրներին (հասկանալի պատճառներով) ավելացել են նաև ադրբեջանական գազի տեղափոխման չպատճառաբանված դժվարությունները:
 
Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների ընթացքում մշտապես քննարկվում են երկուստեք ներդրումների ավելացման անհրաժեշտությունը և պատրաստակամությունը։ Եվ այս համատեքստում ուշագրավ է Թուրքիայի Թեքիրդաղի շրջանում նավթային հետախուզական աշխատանքներ իրականացնելու «Socar Petrol Arama ve Üretim A.Ş.» ընկերության (SOCAR-ի դուստր ձեռնարկություն) հայտի մերժումն Անկարայի կողմից: Փոխարենը, նշված շրջանում նավթի և գազի հետախուզման աշխատանքներ կիրականացնի Թուրքիայի նավթագազային գործակալությունը:
 
Ադրբեջան-Պակիստան. Ամիսն ուշագրավ էր Պակիստանի հետ հարաբերությունների ակտիվության առումով։ Դավոսի տնտեսական գագաթաժողովի շրջանակներում Ի.Ալիևը հանդիպել է Պակիստանի վարչապետ Ն.Շարիֆի հետ։ Բաքվում գտնվող Պակիստանի ռազմածովային ուժերի հրամանատար Մ.Զակաուլլախին ընդունել են նախագահ Ի.Ալիևը և պաշտպանության նախարար Զ.Հասանովը։ Նշվել է քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի, բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտության, ռազմական խորացող համագործակցության և ԼՂ հակամարտության հարցում Ադրբեջանին սատարելու Պակիստանի պատրաստակամության մասին։ Քննարկվել են ռազմատեխնիկական, զինվորական կրթության, համատեղ զորավարժությունների և ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարցեր։
 
Հարկ է նշել, որ մեկ ամիս առաջ Բաքվում էր գտնվում Պակիստանի նախագահ Մ.Հուսեյնը, որը հայտարարել էր Պակիստանից JF-17 Thunder կործանիչներ գնելու Ադրբեջանի ցանկության մասին։ Վերջինիս խնդրանքով Ի.Ալիևը թույլատրել է Ադրբեջանում Պակիստանի Ազգային բանկի մասնաճյուղ բացել $10 մլն կապիտալով2։
 
Ադրբեջան-Վրաստան. Ադրբեջանի և Վրաստանի փոխհարաբերություններում էական տեղ են զբաղեցնում էներգակիրներին առնչվող հարցերը, որոնք օրակարգային են դարձել հատկապես վերջին ամիսներին՝ Վրաստանի գազային քաղաքականության նոր դրսևորումների պատճառով: Պաշտոնական Թբիլիսին ցանկանում է, բացի ադրբեջանականից, ներկրել նաև իրանական, ռուսական գազ, և դա պատճառաբանում է հիմնականում Ադրբեջանից ներկրվող կոմերցիոն գազի բարձր գնով3 և այն հանգամանքով, որ Վրաստանի 2016թ. գազի դիֆիցիտը SOCAR-ն ի վիճակի չէ փակել4:
 
Այս հարցի շուրջ ռուսական կողմի հետ ընթացող բանակցությունները բախվել են որոշակի տարաձայնությունների5, իսկ Իրանի հետ քննարկվում է Հայաստանի տարածքով Վրաստան արտահանվող օրական 8.5-14.1մլն մ3 գազի ծավալների հարցը6:
 
Ռուսական և իրանական գազի մուտքը Վրաստան, ըստ «SOCAR Energy Georgia»-ի տնօրեն Մ.Մամեդովի, չի ազդի Վրաստան առաքվող ադրբեջանական գազի ծավալների վրա: Թբիլիսիի և Բաքվի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ մինչ 2025թ. Ադրբեջանը գազով կապահովի Վրաստանի ամբողջ սոցիալական հատվածը: Մ.Մամեդովը չի բացառել նաև Շահ Դենիզ-1 հանքավայրից Վրաստան արտահանվող գազի ծավալների աճը մինչև 7 մլն մ3, ինչպես նաև ձմռանն առաջացող պիկային պահանջարկի բավարարումը: Նա «զգուշացրել» է նաև, որ Իրանից Հայաստանի տարածքով գազ ստանալու դեպքում Վրաստանը ֆինանսական պարտավորություններ կունենա «Գազպրոմի» առաջ, քանի որ Հայաստանով անցնող գազատարը պատկանում է «Գազպրոմին»:
 
SOCAR-ը Վրաստանի տնտեսական կյանքում ունեցած ներգրավվածության7 միջոցով ազդեցության լծակներ է ձեռք բերել վրացական որոշ լրատվամիջոցների նկատմամբ, որոնք ամեն կերպ փորձում են խեղաթյուրել էներգակիրների դիվերսիֆիկացմանն ուղղված քաղաքականությունը՝ հաճախ զերծ չմնալով հակառուսական և հակահայկական հրապարակումներից։
 
Քաղաքական ընդդիմադիր շրջանակները նույնպես բացասականորեն են տրամադրված ռուսական կամ իրանական գազի գնման հնարավոր գործարքների նկատմամբ։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից Ա.Պետրիաշվիլին կասկած է հայտնել, որ «Գազպրոմի» հետ վարվող բանակցությունները կոչված են ծառայելու ոչ թե ազգային, այլ մասնավոր շահերին և լուրջ սպառնալիք են երկրի էներգետիկ անկախությանը, իսկ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Նուգզար Ցիկրաուլին ներկայացրել է իրենց ավանդական դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է և ընթացող բանակցությունները կարող են վնասել վերջինիս շահերին։
 
Ադրբեջան-Եվրոպա. ԵԽ գլխավոր քարտուղար Թ.Յագլանդը ԵԽԽՎ-ին ուղղված կոչում խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանին Եվրոպական դատարանի որոշումներն արհամարհելու համար։ Վերջինս կոպտագույն խախտում է որակել քաղբանտարկյալ Իլգար Մամեդովին անազատության մեջ պահելը, երբ վերջինիս ձերբակալությունը Եվրոպական դատարանի կողմից ճանաչվել է քաղաքական շարժառիթներով իրականացված: Թ.Յագլանդը հայտարարել է, որ ստիպված է առաջին անգամ կիրառել հատուկ կոնվենցիան և Ադրբեջան գործուղել հատուկ առաքելություն՝ Ի.Մամեդովի ազատությանը հասնելու նպատակով:
 
Լրացուցիչ պաշտոնական ստուգումներ են մտցվել 2016թ. ընթացքում Ադրբեջանից ներկրվող օրգանական արտադրանքի վրա: Ադրբեջանից բացի, ցուցակում հայտնվել են նաև Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Վրաստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ռուսաստանը:
 
Առևտրատնտեսական հարաբերություները ԵՄ-ի հետ նույնպես անկումային շրջան են ապրում, 2015թ. ընթացքում, անցած տարվա համեմատ, ապրանքաշրջանառությունը կրճատվել է 33,9%-ով՝ կազմելով $9695 մլն: Արտահանումը կրճատվել է 41,63%-ով՝ կազմելով $6752 մլն, ներկրումը՝ 5,18%-ով, կազմելով $2943 մլն: Հաշվետու ժամանակահատվածում ԵՄ-ին բաժին է ընկել ամբողջ արտահանման 59,1%-ը և ներկրման 31,92%-ը:
 
Ակնհայտ է, որ մարդու իրավունքների ոտնահարումները և նավթի գների հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամն իրենց բացասական ազդեցություն են թողնում ԵՄ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունների վրա։
 
1 Երկու երկրների միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Թուրքիան պարտավոր է Ադրբեջանից տարեկան 6,6 մլրդ մ3 գազ գնել:
 
2Ադրբեջանում պահանջվում է նվազագույնը $50 մլն նախնական կապիտալի առկայություն բանկերի գրանցման թույլտվություն ստանալու համար։
 
3 Ըստ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կ.Քալաձեի՝ Մոսկվան ավելի էժան գազ է առաջարկում Վրաստանին, քան ներկայումս այն գնում է Ադրբեջանից: Միաժամանակ, SOCAR-ի հետ աշխատանքներ են տարվում կոմերցիոն գազի նոր սակագնային պլան կազմելու ուղղությամբ:
 
4 Այս մասին SOCAR նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է Կ.Քալաձեն։
 
5 Կողմերը տարաձայնություններ ունեն Վրաստանի տարածքով Հայաստան արտահանվող գազի տարանցման դիմաց կատարվելիք վճարումների հարցում: Հունվարին Վիեննայում Կ.Քալաձեի և «Գազպրոմի» ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումն անարդյունք է եղել:
 
6 Վրաստանի էլեկտրակայանների համար նախատեսվող գազն արտահանվելու է հետյալ սխեմայով. Իրանը Հայաստանի սահմանին կհասցնի անհրաժեշտ ծավալի գազը, իսկ Վրաստանն այն կստանա հայ-վրացական սահմանին:
 
7 «SOCAR Energy Georgia»-ն (SOCAR-ի դուստր ձեռնարկություն) Վրաստանում կառուցել է 5150 կմ գազատար և գազով ապահովում է 207 հազ. 989 բաժանորդի:
 
 
Անուշավան Բարսեղյան 
«Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ-խորհրդական
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն