Անկարան եւ Բաքուն` տարբեր ուղղությունների վրա.Շահան Գանտահարյան


Անկարան եւ Բաքուն` տարբեր ուղղությունների վրա.Շահան Գանտահարյան

  • 03-03-2016 15:38:11   | Լիբանան  |  Վերլուծություն

 
Այն պահին, երբ պաշտոնական Անկարան հստակեցնում էր, որ ակնկալում է Բաքվի միացումը Թուրքիա-Սաուդյան Արաբիա դաշինքին` սիրիական պատերազմի ուղղությամբ, Բաքվի ղեկավարը մեկնում է Թեհրան: Թեհրանն ու Բաքուն կնքում են 11 համաձայնագրեր։
 
Երեւույթները նախանշում են, որ երբևէ Անկարայի եւ Բաքվի շահերը այսքան չէին տարբերվել իրարից, որքան ներկայումս, հատկապես սիրիական պատերազմում ոչ միայն ներգրավվելու կամ չներգրավվելու առումով, այլ ամենաթեժ պայմաններում Բաքվի կողմից դեպի Իրան նկատելի շրջադարձ կատարելու իրականությամբ:
 
Բազմաթիվ էին մեկնաբանությունները, որ ադրբեջանցի վարձկանները միացել են ԻՊ-ին, եւ տարբեր առիթներով լուսարձակի տակ է առնվում ադրբեջանցի սպանված ահաբեկիչների ինքնությունը` ընդգծելու համար Ադրբեջանից ԻՊ-ի շարքերը համալրելու նկատելի փաստը:
 
Եւ պարզ էր, որ Բաքուն անհանգիստ էր այս երեւույթով, ոչ անպայման ահաբեկիչներ արտադրելու թուրքական մոդելի մանրանկարը պարզելու առումով, այլ նման տարրերի ալիեւյան իշխանություններին սպառնալիք նկատելու իրողության դիմաց:
 
Անկարայի ահաբեկիչ արտադրելու եւ տարանցիկի դեր կատարելու հանգամանքն ու Բաքվի այս երեւույթից անհանգստանալու իրականությունը սկսելու համար հակադիր դիրքերի վրա էին տեղադրում Անկարային եւ Բաքվին։ Երանգային տարբերությունը ավելի պարզ բացատրությամբ այն է, որ երկու միջավայրներն էլ ահաբեկչական արտադրողականության ենթահող ունեն: Անկարայի դեպքում այն նպաստում է իր արտաքին քաղաքականությանը, մինչ Բաքվինը` սպառնում է իշխանություններին:
 
Այս իրականությունը այնքան կարող էր սուր կերպով հակասություններ չընդգծել, եթե երկու կարեւոր հանգամանքներ չավելանային դրա վրա: Առաջինը՝ Բաքվի խուսանավող մերժումն էր միանալու թուրք-ասաուդյան ճակատին. եւ այդ օրերին Բաքվի ղեկավարի մեկնումը Թեհրան առավելաբար տնտեսական համաձայնագրեր ստորագրելու հայտարարությունների շղարշի տակ:
 
Եւ երկրորդը, որ ավելի կարող է խորացնել հակասությունների անջրպետը, Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի կատարած հայտարարությունն էր. նա հայտնել էր ՌԴ-ի, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` ծրագրվող հանդիպման մասին:
 
Այդ հանդիպմանը պիտի քննարկվեն «Հասան Ռուհանիի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցերը», ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Հյուսեյն Անսարին:
 
Հիմա այնպես է թվում, որ Բաքուն իր ավագ եղբոր այսօրվա կատաղի թշնամիների հետ խորացնում է իր հարաբերությունները` նրանց տալով նաեւ իրավական հիմք համաձայնագրերի տեսքով եւ քննարկելով այդ համաձայնագրերի գործնականացման ուղիները:
 
Մինչ այս պահը պաշտոնական Անկարան չի արձագանգել Թեհրան-Մոսկվա-Բաքու հարաբերությունների սերտացմանը միտող հայտարարություններին եւ այցելություններին:
 
Համեմատաբար բնականոն պայմաններում Անկարայի քայլը կարող էր ակնկալվել հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման իմիտացիայով` ի պատասխան Անկարայի շահերին հակադրվելու Բաքվի կատարած որեւէ քայլի: Այս պայմաններում, սակայն, դժվար թե նույնիսկ իմիտացիոնը աշխատի: Ներքին-արտաքին ճգնաժամերում խորասուզվող Անկարան այդ ուղղությամբ եւս նոր ճգնաժամեր սարքելու շռայլություն չունի:
 
Սակայն Բաքվի հաշվարկները չեն բացառում իմիտացիոն հակաքայլերը. գուցե այս պատճառով էլ Մինսկի ձեւաչափը չեղարկելու եւ բանակցությունները այլ հարթություններ տեղափոխելու Բաքվի վարքագիծը շրջադարձ կատարելու նախադրյալներ է հուշում. «Եվրոպական Միությունը Մինսկի խմբի հետ պետք է նաեւ խթան հաղորդի, որ այդ հակամարտությունը տեղից շարժի», հայտարարեց Մամեդյարովը:
 
 
 
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն