Սպասարկող ընկերությունները պարտավոր են պահպանել սահմանված չափորոշիչները


Սպասարկող ընկերությունները պարտավոր են պահպանել սահմանված չափորոշիչները

  • 03-03-2016 17:30:35   | Հայաստան  |  Տրանսպորտ

 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատակիցների և «Երևանի մետրոպոլիտեն», «Երևանտրանս», «Երևանի ավտոբուս», «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունների  ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվել է 2015թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը, մետրոպոլիտենի զարգացման ծրագրի ընթացքը, էլեկտրատրանսպորտի արդիականացման ծրագրերը:
 
Ամփոփելով ներկայացված հաշվետվությունը` քաղաքապետն իր դիտարկումներն է կատարել հասարակական տրանսպորտում առկա խնդիրների վերաբերյալ: 
«Տրանսպորտի առկա վիճակը մեր քաղաքի լրջագույն հիմնախնդիրներից է, եթե չասենք ամենաառաջնային լուծում պահանջողը: Ու դա որևէ մեկի համար նորություն չէ: Սպասարկման այն որակն ու պայմանները, որ այսօր մատուցվում է մեր համաքաղաքացիներին, մեղմ ասած, անընդունելի են: Եվ ակնհայտ է, որ այդ իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ են մի շարք նպատակային քայլեր, ինչը և սպասում են մեզանից մեր քաղաքացիները. դա և՛ մարդկանց կյանքը վտանգող միկրոավտոբուսներից ազատվելն է, և՛ քաղաքային տրանսպորտի ավտոպարկի ամբողջական թարմացումն է: Սրան զուգահեռ անհրաժեշտ են նաև մի շարք քաղաքակիրթ լուծումներ, որոնց թվում հասարակական տրանսպորտի բոլոր տեսակների համար վճարման միասնական համակարգի ներդրումն է, ավտոբուսների ջի-փի-էս համակարգերով զինումն ու տրանսպորտի հստակ գործող չվացուցակների ապահովումն է: Անհրաժեշտ անելիքների ցանկը կարելի է անվերջ շարունակել, բայց ամենակարևորն այն է, որ ոլորտում առկա խնդիրների լուծման հարցում կարողանանք նախ և առաջ ստանալ մեր համաքաղաքացիների աջակցությունը: Ու ես համոզված եմ, եթե քաղաքացիները տեսնեն ու զգան, որ անգամ այս պայմաններում ոլորտի պատասխանատուները փորձում են անել հնարավորը, որ թեկուզ փոքր-ինչ թեթևացնեն նրանց տրանսպորտային հոգսերը, անպայման կարձագանքեն ու կկանգնեն մեր կողքին»,- ընդգծել է քաղաքապետը: 
Ոլորտում առկա խնդիրներին լուծումներ տալու հետ կապված, քաղաքապետը նաև նկատել է, որ փոփոխություններն էլ պետք է կատարվեն հետզհետե, քանզի մեծ փոփոխությունները տագնապ են առաջացնում, ինչը լրացուցիչ դժգոհության կարող է բերել առանց այն էլ սոցիալական բեռ կրող քաղաքացիների շրջանում:
«Պետք է հեռատես լինել: Այսօրվանից պետք է սկսել բացատրական աշխատանքներ տանել մեր համաքաղաքացիների հետ և պարզաբանել, որ տրանսպորտի նման բարդ հիմնախնդիրը մեկ օրում չի լուծվում, և քաղաքային իշխանությունները կկարողանան գործել միայն այն պարագայում, եթե լինի այդ ճանապարհով անցնելու քաղաքացիական կամք ու որոշում»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Հեռահար ծրագրեր կազմելուց բացի, քաղաքապետը պատասխանատուներին հորդորել է շարունակել ուշադրության կենտրոնում պահել քաղաքային տրանսպորտի հետ կապված առօրյա խնդիրները, որոնք պակաս կարևոր չեն: 
«Ի՞նչ է նշանակում հասարակությանը սպասարկող ավտոբուսում քաղաքացիներին նյարդայնացնող երաժշտություն: Ինչպե՞ս կարող է քաղաքացիներին փոխադրող վարորդը երթևեկության ընթացքում հեռախոսով խոսել կամ փնթի ու թափթփված տեսքով ներկայանալ քաղաքացիներին, երթևեկելիս ծխել: Եթե գծատերերի համար այս ամենն ընդունելի է, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության համար դա միանշանակ անընդունելի է: Բացատրական աշխատանքներ տարեք, անհրաժեշտության դեպքում նաև պատասխանատվության ենթարկեք բոլոր այն տնտեսվարողներին, որոնք չեն կարողանում ճիշտ աշխատել քաղաքացիների հետ»,- ընդգծել է քաղաքապետն ու հանձնարարել շարունակել աշխատանքները նաև ոչ աշխատանքային և հանգստյան օրերին քաղաքային տրանսպորտի բնականոն աշխատանքը ապահովելու ուղղությամբ: 
«Տեսե՞լ եք ինչ է կատարվում վերջնականգառներում. միշտ կուտակումներ են, և սա այն դեպքում, երբ մարդիկ կանգառներում ժամերով տրանսպորտի են սպասում: Կա սահմանված միջակայք, բոլո՞րն են հետևում սահմանված կարգին՝ իհարկե ոչ: Իսկ քանի՞սն են պատժվել... լավագույն դեպքում մեկ-երկուսը: Հետևաբար, եղե՛ք հետևողական մեր բնակիչների կողմից բարձրացված ցանկացած խնդրի ուղղությամբ, որպեսզի այս ոլորտում ևս կարողանանք արձանագրել դրական տեղաշարժ»,- նշել է Երևանի քաղաքապետը:  
 
 
Նոյյան տապան  -   Տրանսպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play