Երևանում բացվելու է «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսը


Երևանում բացվելու է «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսը

  • 22-03-2016 18:15:45   | Հայաստան  |  Մշակույթ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորած պատվիրակության հետ: Առանձնակի կարևորելով հայկական երկու պետությունների մայրաքաղաքների, ինչպես նաև ԼՂՀ շրջանների և Երևանի վարչական շրջանների միջև հաստատված սերտ համագործակցությունը՝ Երևանի քաղաքապետը նկատել է, որ նախանշված բոլոր ուղղություններով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքները հաջողված են և ընթանում են ըստ ժամանակացույցի:
 
«Երևանի և Ստեփանակերտի, ինչպես նաև ԼՂՀ շրջանների միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Ամեն ամիս մեր պատվիրակությունները և աշխատանքային խմբերն այցելում են ԼՂՀ: Միայն անցած տարվա ընթացքում շուրջ 60 այց է իրականացվել ԼՂՀ, փոխադարձ 40 այցով էլ Արցախից են հյուրընկալվել Երևանում: Այս համագործակցության շրջանակներում մենք իրականացնում ենք տարբեր ծրագրեր, որոնց  ուղղությունները գնալով ընդլայնվում են»,- ընդգծել է քաղաքապետը:
 
Անդրադառնալով Երևանում նախատեսվող «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսի անցկացմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ըստ ամենայնի աջակցելու միջոցառման կազմակերպմանը:
 
«Մենք ողջունում ենք «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսի անցկացումը Երևանում և պատրաստ ենք աջակցել նախաձեռնության կայացման հարցում: Համոզված եմ, որ ցուցահանդեսը կտա իր դրական արդյունքները և կկրի շարունակական բնույթ՝ օգնելով Արցախի արտադրողներին, նաև նպաստելով Երևանում արցախյան ապրանքների առավել ճանաչելի դառնալուն»,- նշել է քաղաքապետը: 
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն իր գոհունակությունն է հայտնել երկու մայրաքաղաքների միջև իրականացված ծրագրերի վերաբերյալ և ընդգծել, որ իրապես շոշափելի արդյունքներ են գրանցվել համագործակցության բոլոր ուղղություններով:
«Այսօր ամեն արցախցու համար է տեսանելի Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված համագործակցության հաջողությունն ու կարևորությունը, որում մեծ է անձամբ Ձեր ներդրումը, պարոն քաղաքապետ: Ու համոզված եղեք, որ մենք իսկապես բարձր ենք գնահատում այն մշտական պատրաստակամությունն ու աջակցությունը, որ ցուցաբերվում է Երևանի կողմից»,- նշել է Արթուր Աղաբեկյանը:
 
Նաև կարևորելով Երևանում «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսի անցկացումը՝ ԼՂՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին՝ նախաձեռնությանն աջակցելու պատրաստակամության համար: 
 
«Արցախում գործունեություն ծավալող ձեռնարկությունների համար Երևանում ցուցահանդեսի կազմակերպումը հրաշալի առիթ է՝ ներկայացնելու սեփական արտադրանքը: Ու վստահ եմ, որ այս միջոցառումը համագործակցության նոր սկիզբ կդառնա երկուստեք հարաբերությունների ամրապնդման հարցում՝ նպաստելով Արցախի տնտեսության զարգացմանը»,- ընդգծել է ԼՂՀ փոխվարչապետը:
 
Հանդիպման շրջանակում ԼՂՀ-ում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն աջակցության և բանակ-հասարակություն կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: 
 
Հարկ է նշել, որ «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսը կբացվի ապրիլի 2-ին` Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play