Վրաստանի տարանցման պոտենցիալը, որը նախկինում օգտագործում էր Իրանը, ցայսօր մնում է չկիրառված.Վրաստանում Իրանի փոխդեսպան


Վրաստանի տարանցման պոտենցիալը, որը նախկինում օգտագործում էր Իրանը, ցայսօր մնում է չկիրառված.Վրաստանում Իրանի փոխդեսպան

  • 23-03-2016 17:33:06   | Վրաստան  |  Վերլուծություն

 
Ի տարբերություն հունվարի, փետրվարը կարելի է անվանել ակտիվ ամիս Վրաստանի արտաքին քաղաքական կյանքում։ Ինչպես և հունվարին, երբ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Դավոսում մասնակցեց Համաշխարհային տնտեսական համաժողովին (ՀՏՀ), փետրվարին նշանակալի իրադարձություն դարձավ նրա այցելությունը (փետրվարի 13-14) Գերմանիա, որտեղ որպես վրացական պատվիրակության ղեկավար մասնակցեց Անվտանգության 52-րդ մյունխենյան կոնֆերանսին։ Սակայն, բացի արտաքին քաղաքական այս իրադարձությունից, հարկ է հիշատակել նաև ոչ պակաս կարևոր այլ իրադարձություններ ևս, որոնց կանդրադառնանք ստորև։ Դրանք են՝ Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Չեխիա; Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան; Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնական այցը Վրաստան և Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը Թբիլիսիում; վրաց-իրանական բանակցությունները և վիզային ռեժիմի չեղարկումն ԻՀԻ քաղաքացիների համար։
 
Գերմանիա կատարած այցելության շրջանակում, անվտանգության 52-րդ մյունխենյան կոնֆերանսում Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ։ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ նա քննարկել է երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների հարցերը և դրանց խորացման հեռանկարները։ Մյունխենում Կվիրիկաշվիլին հանդիպել է նաև Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի և Սլովենիայի նախագահների, ինչպես նաև Նորվեգիայի ու Չեռնոգորիայի իր պաշտոնակիցների, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի և Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդայի (Fatou Bensouda) հետ։
 
Նշենք, որ վրացական պատվիրակության կազմում էին Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, արտաքին հարաբերությունների խորհրդարանական կոմիտեի նախագահ Թեդո Ջափարիձեն և Գերմանիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լադո Չանթուրիան։
 
Անձնական հանդիպումներից բացի, Գեորգի Կվիրիկաշվիլին մասնակցել է նաև կոնֆերանսի թեմատիկ հանդիպմանը՝ «Եվրաինտեգրման ապագա ուղղությունները» խորագրով, որտեղ ելույթ է ունեցել զեկուցումով։ Վրաստանի կառավարության ղեկավարի ելույթի հիմնական համատեքստն առնչվել է ԵՄ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի փոխհարաբերություններին։ Իր ելույթում նա նշել է, որ եվրոպական օրակարգում ցանկացած անհաջողություն Վրաստանի համար կօգտագործվի երկրի այսպես կոչված «հակաեվրոպական» ուժերի կողմից, հետևաբար՝ կարևոր է, որպեսզի Վրաստանի բոլոր հաջողություններն առավելագույն չափով ընկալվեն և գնահատվեն եվրոպական առաջնորդների կողմից։ Այս հայտարարությունը նախևառաջ կապված է Վրաստանի վիզային ազատականացման գործընթացի և Վրաստանի քաղաքացիների համար Շենգենյան գոտի մտնելու վիզաների նախատեսվող չեղարկման հետ։ Վրաստանի վարչապետն ասել է նաև, որ ԵՄ-ի հետ Վրաստանի վիզային ազատականացումը որևէ կերպ չպետք է կապվի Եվրոպայում միգրանտների ընթացիկ հիմնախնդրի հետ։
 
Վրաստանի վարչապետը փետրվարի 22-23-ին պաշտոնական այցով մեկնել է Չեխիա, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի նախագահ Միլոշ Զեմանի, վարչապետ Բոգուսլավ Սոբոտկոյի, արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի, Չեխիայի սենատի նախագահ Միլան Շտեխի և Պրահայում սովորող վրացի ուսանողների հետ։ Կառավարական պատվիրակության կազմում էին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին, գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան և փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն։
 
Վրաստանի կառավարության մամլո ծառայության տեղեկատվությամբ՝ Չեխիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ կողմերը դիտարկել են երկու երկրների քաղաքական-տնտեսական համագործակցության հարցերը և նշել են, որ երկրներն առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն։ Կվիրիկաշվիլին նշել է նաև Եվրամիության կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի՝ ժամանակին ավարտման կարևորությունը, քանի որ երկիրը հաջող է կատարել բոլոր տեխնիկական պահանջները։ Չեխիայի վարչապետն իր հերթին նշել է, որ Չեխիան սատարում է Վրաստանին՝ Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում ընդգրկվելու նրա ձգտման մեջ և պատրաստակամություն է հայտնում «կիսել Վրաստանի հետ այդ ուղղությամբ ունեցած իր փորձը»։
 
Վրաստան-Հայաստան
Հայ-վրացական միջպետական հարաբերությունների համատեքստում ընթացիկ տարվա փետրվարին հարկ է նշել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելու եռօրյա (հունվարի 31-փետրվարի 2) պաշտոնական այցը Երևան, որի շրջանակում կողմերը քննարկեցին երկկողմանի օրակարգային, միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև ստորագրեցին 2016թ. Ռազմական համագործակցության ծրագիրը։
 
Վրաստանի և Հայաստանի ռազմական համագործակցության մեջ կարևոր դեր է խաղում կրթական բաղադրիչը. փորձի փոխանակում խաղաղարարության, ռազմական կրթության, մասնագիտական պատրաստվածության և ռազմավարական պլանավորման ոլորտներում։ Հայաստանի և Վրաստանի ակտիվ համագործակցությունն սկսվել է 2010թ., երբ սկսեց ձևավորվել ոլորտի պայմանագրա-իրավական բազան։ Կողմերը սկսեցին զարգացնել համագործակցություն տարեկան ծրագրերի շրջանակում։ Բացի այդ, ամեն տարի հայ զինվորականների որոշակի թվաքանակ ուսուցանվում է Վրաստանի ռազմական ուսումնական կենտրոններում։
 
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վրացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ նշել է, որ, չնայած անվտանգության համակարգերում առկա տարբերություններին, «դա չի խանգարում մեր ժողովուրդների և երկրների կողմից սերտ համագործակցության պլատֆորմների ստեղծմանը՝ տարածաշրջանային անվտանգության ապահովման համար», ինչպես նաև հավելել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում «հասկանում և հարգում են կողմերից յուրաքանչյուրի գերակայությունները, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովման լուծումները»։
 
«Իհարկե, մենք գտնվում ենք տարբեր ռազմաքաղաքական դաշինքներում, բայց ես այստեղ եմ գտնվում նրա համար, որպեսզի խոսեմ այն հարցերի մասին, որոնք մեզ միավորում են։ Առաջին հերթին խոսքը կայունության և խաղաղության մասին է մեր տարածաշրջանում»,- ընդգծել է Թինաթին Խիդաշելին։
 
Վրացի նախարարը նշել է նաև, որ երրորդ երկրների հետ փոխհարաբերությունները չեն անդրադառնա հայ-վրացական հարաբերությունների վրա, այդ թվում և երկու երկրների ռազմական համագործակցության ոլորտում։ «Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է, Թուրքիան՝ հարևան երկիր և ՆԱՏՕ անդամ, որն աջակցում է Վրաստանի նախաձեռնություններին՝ դաշինքի հետ հարաբերություններում, ինչի համար Վրաստանը երախտապարտ է Թուրքիային։ Սակայն, չնայած դրան, Վրաստանը և Հայաստանը համագործակցում են պաշտպանական ոլորտում և կշարունակեն դա նաև ապագայում»,- ասել է նա։
 
Այնուամենայնիվ, վրաց նախարարի այցելության մեջ նկատելի էր նաև քաղաքական բաղադրիչը՝ կապված Վրաստանում խորհրդարանական ընտրությունների հետ, որոնք կայանալու են ընթացիկ տարվա հոկտեմբերին։ Նպատակը Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների առավելագույն աջակցությունն ստանալն է՝ ընտրական օրենսդրությունում վերջերս կատարված փոփոխությունների ֆոնին՝ չեղարկվել է մեծամասնական ընտրատեղամասը հայաբնակ Նինոծմինդայում (այն միացվել է Ախալքալաքի ընտրատեղամասին) և հայատյացության հիստերիա է սկսվել Facebook–ի վրացալեզու հատվածում, ինչը նույնպես կարելի է կապել նախընտրական շրջանի հետ։
 
Այցի ձևաչափը և հանդիպումների ծրագիրը նույնպես հաստատում են քաղաքական բաղադրիչի առկայությունը։ Իր այցելության ընթացքում Խիդաշելին հանդիպել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ։
 
Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա
Անցած ամիս ակտիվ էին վրաց-ադրբեջանական և վրաց-թուրքական հարաբերությունները, որոնք հիմնականում հանգեցվում էին միջպետական հարաբերությունների և համագործակցության եռակողմ ձևաչափին։ Փետրվարի 19-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հերթական՝ հինգերորդ հանդիպումը։
 
Նշենք, որ առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2012թ. հունիսի 8-ին թուրքական Տրապիզոն քաղաքում, նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու օրոք, երբ կողմերը ստորագրեցին Տրապիզոնի հռչակագիրը՝ հիմք դնելով եռակողմ համագործակցության ձևաչափին երեք երկրների ԱԳՆ ղեկավարների մակարդակով։ Հանդիպումն այս ձևաչափով նախատեսված էր 2015թ. վերջին, բայց այն տեղի չունեցավ Վրաստանում կադրային փոփոխությունների և երկրի ԱԳՆ ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլուն վարչապետի պաշտոնին նշանակելու հետ կապված։ Իսկ նախորդ հանդիպումը կայացել էր թուրքական Կարս քաղաքում 2014թ. դեկտեմբերի 10-ին, երբ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն ստորագրեցին։
 
Ստեղծված ավանդույթի համաձայն՝ թբիլիսյան հանդիպման արդյունքներով Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Միխայիլ Ջանելիձեն, Էլմար Մամեդյարովը և Մևլյութ Չավուշօղլուն համատեղ հայտարարություն ընդունեցին և մամուլի ասուլիս անցկացրին։ Հայտարարությունում նշվում է, որ նախարարները գոհունակություն են հայտնում եռակողմ ձևաչափով կանոնավոր հանդիպումների առիթով։ Նրանք նշել են նաև, որ ձգտում կա ամրապնդելու խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը տարածաշրջանում։ Կողմերն ընդգծել են նաև ավելի վաղ ընդունված փաստաթղթերի կարևորությունը (Տրապիզոնի հռչակագիրը, 2013թ. մարտի 28-ի Բաթումի կոմյունիկեն, Գյանջայի և Կարսի 2014թ. փետրվարի 19-ի և 2014թ. դեկտեմբերի 10-ի հայտարարությունները, ինչպես նաև 2013-2015թթ. եռակողմ համագործակցության պլանը)։
 
Բացի տարածաշրջանային անվտանգության խնդիրներից, փաստաթղթում տեղ են գտել նաև ահաբեկչությանը դիմակայելու հարցերը, քանի որ այդ հանդիպումն անցնում էր փետրվարի 17-18-ին Անկարայում և Դիարբեքիրում աննախադեպ ահաբեկչական գործողությունների ֆոնին, որոնց հետևանքով տուժել են մի քանի տասնյակ թուրք զինծառայողներ և քաղաքացիներ։ Կողմերը միաձայն հայտարարել են, որ, չնայած ահաբեկչության վտանգավորությանը, «թուրք-վրաց-ադրբեջանական եռակողմ նախագծերին ոչինչ չի սպառնում»։
 
Համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ուշադրություն է հրավիրել տարածաշրջանային անվտանգության ոլորտում և ահաբեկչության դեմ պայքարում եռակողմ համագործակցության ուժեղացման անհրաժեշտության վրա։ «Անհրաժեշտ է էլ ավելի ուժեղացնել համագործակցությունն անվտանգության ոլորտում։ Պետք է համագործակցեն բոլոր երեք երկրների իրավապահները»,- ասել է Էլմար Մամեդյարովը։
 
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը լիակատար աջակցություն է հայտնել Վրաստանի և Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»։ Ըստ Չավուշօղլուի՝ նա «չի ճանաչում Աբախզիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի» անկախությունը»։ Չավուշօղլուն հիշատակել է նաև ղարաբաղյան հակամարտությունը՝ նշելով, որ Թուրքիան ճանաչում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ Նա նշել է, որ «Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս գան Ղարաբաղի տարածքից»։
 
Վրաց նախարարի խոսքերով՝ հակամարտությունների կարգավորման միակ ճանապարհը դրանց խաղաղ կարգավորումն է, ինչը, ըստ նրա, տեղ է գտել երեք երկրների արտգործնախարարների ընդունած հայտարարությունում։
 
«Ինչ վերաբերում է նախագծերին, մենք առավելագույն ջանքեր կներդնենք, որպեսզի սկսված նախագծերը հաջող զարգանան»,- ասել է Միխայիլ Ջանելիձեն։
 
Ինչպես և նախատեսված էր, Թբիլիսիի հանդիպումից հետո երեք երկրների արտգործնախարարները մեկնեցին Կարծախ (Սամցխե-Ջավախք), որտեղ ուսումնասիրեցին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածը. այստեղ նորոգման աշխատանքները գրեթե ավարտված են։ Ինչպես հայտարարվեց այցի արդյունքների հիման վրա, նոր երկաթուղու թողունակությունն առաջին փուլում կազմելու է 1 մլն ուղևոր և 5 մլն տոննա բեռ տարեկան։ Այնուհետև բեռների ծավալներն աստիճանաբար կաճեն, և երկրորդ փուլում փոխադրումները կհասցվեն տարեկան 15 մլն տոննայի։
 
Վրաստան-Թուրքիա
ԱԳՆ նախարարների հանդիպումից երկու օր առաջ տեղի ունեցան վրաց-թուրքական միջպետական առանձին բանակցություններ, որոնց մասնակցելու համար փետրվարի 17-ին առաջին պաշտոնական այցով Վրաստան եկավ Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հանդիպեց իր վրաց պաշտոնակցի՝ Միխայիլ Ջանելիձեի, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու և խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու հետ։
 
Թբիլիսյան հանդիպման ժամանակ Վրաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր և հայտարարել վրաց-թուրքական Ռազմավարական խորհրդի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածության մասին, որը ձեռք էր բերվել հունվարին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովում երկու երկրների վարչապետների հանդիպման ընթացքում։ Ըստ Մևլյութ Չավուշօղլուի՝ վրաց-թուրքական Ռազմավարական խորհրդի առաջին հանդիպումը վարչապետների մակարդակով պետք է կայանա այս տարվա ընթացքում, երբ երկու երկրների կառավարությունների ղեկավարները պետք է հանգամանալի քննարկեն երկու երկրների համատեղ ծրագրերը։
 
Վրաց պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարարն աջակցություն է հայտնել նաև «եվրատլանտյան տարածքին» Վրաստանի ինտեգրմանը և հավելել է, որ գործընկերների և ՆԱՏՕ անդամ երկրների ներկայացուցիչների հետ բոլոր հանդիպումներում Թուրքիան արծարծում է դաշինքին Վրաստանի անդամությանն աջակցությունը։ Ինչ վերաբերում է Եվրամիության հետ հարաբերություններին, ապա, ըստ նրա, Վրաստանը բավական առաջ է ընթացել։ Միխայիլ Ջանելիձեն, իր հերթին, ասաց, որ Թուրքիան «մերձավոր բարեկամ է», որի հետ Թբիլիսին «ռազմավարական հարաբերություններ ունի»։ Ըստ նրա՝ Ռազմավարական խորհրդի այս ձևաչափը կխորացնի քաղաքական երկխասությունը երկու երկրների միջև։
 
Վրաց-թուրքական հարաբերությունների համատեքստում արժե նշել նաև Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլու այցը (24-25 փետրվարի) Թուրքիա, որտեղ նա հանդիպել է իր թուրք գործընկերոջ՝ Մուսթաֆա Էլիթաշի հետ, քննարկել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցեր։ Ինչպես տեղեկացրել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունից, կողմերը քննարկել են նաև երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի ավելի արդյունավետ գործարկման հարցեր և անդրադարձել են այն հնարավորություններին, որոնք ունի վրացական արտահանումը թուրքական շուկայում։ Վրաց նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում կվերանայվի «Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին» համաձայնագիրը, կվերանայվեն նաև «սակագնային խոչընդոտները», ինչն, ի վերջո, շահավետ կլինի թե՛ Վրաստանի, թե՛ Թուրքիայի համար։ Այցի ավարտին Դմիտրի Կումսիշվիլին հանդիպել է թուրքական առաջատար ընկերությունների ներկայացուցիչնեչի հետ, որոնք շահագրգռված են ներդրումներ կատարել Վրաստանի տնտեսության տարբեր հատվածներում։
 
Վրաստան-Իրան
Իրանը փետրվարին կարևոր գործոն է եղել Վրաստանի արտաքին քաղաքականությունում։ Եռամյա դադարից և առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերությունների սառեցումից հետո ամսվա սկզբին՝ փետրվարի 8-ին, Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան պաշտոնական նոտա է հանձնել Թբիլիսիում ԻՀԻ դեսպանության ներկայացուցիչներին, որում ասվում էր փետրվարի 15-ից Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը հանելու, այն համաձայնագիրն ուժի մեջ մտցնելու մասին, որով Իրանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Վրաստանի տարածքում գտնվել 45 օր։
 
Վրաստանը և Իրանը երկու երկրների քաղաքացիների համար վիզային ռեժիմը հանելու մասին համաձայնագիր առաջին անգամ ստորագրել են 2010թ. նոյեմբերի 3-ին, երբ ԻՀԻ այն ժամանակվա արտգործնախարար Մանուչեր Մոթաքին այցելել էր Թբիլիսի։ Անվիզա ռեժիմն սկսել էր գործել 2011թ. հունվարի վերջից։ Բայց Վրաստանում 2013թ. իշխանափոխությունից հետո «Վրացական երազանք» կոալիցիայի կառավարությունը չեղարկեց անվիզա ռեժիմը միակողմանի կարգով։ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այն ժամանակ ասաց, որ Թբիլիսիի և Թեհրանի հարաբերությունները նախկինի պես բարիդրացիական են, և որ Իրանի քաղաքացիների համար վիզա մտցնելու որոշումը պայմանավորված է ՄԱԿ հանձնարարությամբ։ Իրանն իր հերթին 2015թ. միակողմանի կարգով վերացրեց վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար։
 
Արդեն փետրվարի 9-ին Իրանի հետ Վրաստանի վիզային ռեժիմի վերացման մասին տեղեկությունը հաստատեց նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են հարցեր առևտրատնտեսական հարաբերությունների, տուրիզմի և մշակույթի ոլորտներում համագործակցության խորացման վերաբերյալ։ Կողմերը քննարկել են նաև իրավիճակը տարածաշրջանում՝ նշելով, որ այն կախված է միջազգային անվտանգությունից։
 
«Վրաստանը կարող է կարևոր դեր խաղալ Իրանի և Սևծովյան տարածաշրջանի միջև առևտրի հարցերում... Տնտեսական և մշակութային համագործակցությունն Իրանի և Վրաստանի միջև պետք է ուժեղանա ավելի, քան երբեք»,- նշել է նախագահ Ռուհանին։
 
Առկա տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի վարչապետը Հասան Ռուհանիին հրավիրել է այցելել Վրաստան։ Հաստատելով Վրաստանի հետ վիզային ռեժիմի դադարեցման մասին տեղեկությունը՝ Վրաստանում Իրանի փոխդեսպան Մոհսեն Քեբրյայը նշել է, որ 2013թ. անվիզա ռեժիմ մտցնելն անդրադարձել է Վրաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության վրա։ Նա նշել է, որ եթե 2012-2013թթ. ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև կազմել է մոտ $200 մլն, ապա այսօրվա դրությամբ այն հասնում է մինչև $130 մլն-ի։ Նա նաև ասել է, որ Վրաստանի տարանցման պոտենցիալը, որը նախկինում օգտագործում էր Իրանը, ցայսօր մնում է չկիրառված։
 
Ջոնի Մելիքյան,
«Նորավանք» ԳԿՀ փորձագետ,
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող
Նոյյան տապան  -   Վերլուծություն