Արդյո՞ք Քերին եւ Պուտինը կշոշափեն Արցախում հրադադարի պահպանման հարցը


Արդյո՞ք Քերին եւ Պուտինը կշոշափեն Արցախում հրադադարի պահպանման հարցը

  • 23-03-2016 18:04:12   | Ռուսաստան  |  Վերլուծություն

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մարտի 23-ին ժամանում է Մոսկվա, որտեղ կհանդիպի ոչ միայն իր գործընկեր Լավրովի, այլեւ ՌԴ նախագահ Պուտինի հետ: Պուտինի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ հանդիպմանը կքննարկվի հարցերի լայն շրջանակ, սակայն առանցքայինը կլինի Սիրիայի եւ Ուկրաինայի վերաբերյալ քննարկումը:
 
Քերիի այցը տեղի է ունենում Բրյուսելի ահաբեկությունից անմիջապես հետո: Իհարկե, այցի մասին հայտարարվել էր ահաբեկությունից մի քանի օր առաջ, թեեւ գործնականում կասկածից վեր է, որ ահաբեկությունը պլանավորված էր լինելու շատ ավելի վաղ: Ընդ որում, հետաքրքրական է, թե արդյոք դրա կազմակերպիչների համար ժամկետների ընտրության հարցում որեւէ նշանակություն ունեցել է ԱՄՆ պետքարտուղարի սպասվող այցը Մոսկվա:
Բոլոր դեպքերում, Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական լայնամասշտաբ գրոհից հետո հատկանշական է ԱՄՆ պետքարտուղարին սպասող ռուսական կողմի պահվածքը: Մոսկվան ընդհուպ պաշտոնական մակարդակում հայտարարեց, թե ահաբեկությունը Արեւմուտքի «երկակի ստանդարտի» քաղաքականության հետեւանք է: Ակնարկներն ավելի պարզ հնչեցվում էին ոչպաշտոնական խոսափողերի, Ժիրինովսկիի եւ փորձագետների մակարդակով, որոնց լեյտմոտիվը այն է, թե Եվրոպան թող տուժի ահաբեկություններից, մինչեւ «խելքը գլուխը հավաքի» եւ գործակցի Ռուսաստանի հետ:
Աներկբա է, որ Ռուսաստանը Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկությունը փորձում է առնվազն քարոզչական-քաղաքական մակարդակում օգտագործել Արեւմուտքի հետ հարաբերությունում դիրքերը բարելավելու համար: Եվ այդ իմաստով անկասկած է, որ ԱՄՆ պետքարտուղարի Մոսկվա կատարած այցի ընթացքում Կրեմլը փորձելու է խաղարկել այդ գործոնը:
Խոշոր հաշվով, այդ ամենն իհարկե քաղաքականության կամ աշխարհքաղաքականության մեջ նորություն չէ որեւէ սուբյեկտի դեպքում, առավել եւս Ռուսաստանի, որ հայտնվելով մեկուսացման մեջ, կանգնած է բավական բարդ տնտեսա-քաղաքական կացության առաջ:
Խոշոր հաշվով, Բրյուսելի ահաբեկությունն ինչ որ իմաստով բացահայտում է նաեւ Սիրիայում Ռուսաստանի «հակաահաբեկչական» ռազմարշավի ձախողումը: Բանն այն է, որ մի քանի ամիս շարունակ Ռուսաստանը փորձում էր հավաստիացնել, որ իր ռազմատիեզերական ուժերը ջախջախիչ հարվածներ են հասցնում ԻԼԻՊ դիրքերին, օրական ոչնչացնում են հարյուրավոր կամ հազարավոր օբյեկտներ: Ընդ որում, ռուսական քարոզչությունը հավաստիացնում էր, որ միայն Մոսկվան է, որ ճշգրիտ եւ անկեղծ, անշահախնդիր հարվածներ է հասցնում հենց ահաբեկիչներին:
Հանկարծ Ռուսաստանը դուրս է հանում իր զորքը Սիրիայից կամ հայտարարում այդ մասին, ասելով, թե աաջադրանքը կատարված է, խնդիրը՝ լուծված: Դա բնականաբար նշանակում է, որ ԻԼԻՊ-ին հասցվել է այնպիսի ծանր հարված, որ այն այլեւս սպառնալիք չէ Սիրիային նախագահ Ասադին, որը փաստացի պայքարում է մի քանի ճակատով:
Բայց, չգիտես ինչու, այդ ամենից հետո ԻԼԻՊ-ն ահաբեկություն է կազմակերպում ոչ թե իրեն ջախջախիչ հարված հասցրած միակ անկեղծ ուժի՝ ՌԴ դեմ, այլ Եվրոպայի: Եվ դա այն դեպքում, երբ ըստ ռուսական քարոզչության եւ այդ թվում դրա հայաստանյան արբանյակների, Արեւմուտքը, Եվրոպան իրականում ոչ միայն չեն նպաստել ԻԼԻՊ դեմ Ռուսաստանի անկեղծ ռազմարշավին, այլ խանգարել են դրան, թույլ չեն տվել վերջնականապես ոչնչացնել ԻԼԻՊ-ը:
Այդ տրամաբանությամբ, ստացվում է, որ Արեւմուտքն օգնում է ԻԼԻՊ-ին: Հետեւաբար հարց է առաջանում, թե ինչու՞ է ՒԼԻՊ-ը պայթեցնում իրեն օգնողներին, ոչ թե իրեն ոչնչացնողներին: Եվ առավել եւս, ինչու է ռուսական քարոզչությունը պայթյուններից հետո ԻԼԻՊ փոխարեն ավելի շատ մեղադրում Եվրոպային՝ թե ինչու չեք օգնում մեզ ԻԼԻՊ դեմ պայքարում:
Այդպիսով, կամա, թե ակամա, Բրյուսելի ահաբեկություններին իր արձագանքով Ռուսաստանի իշխանությունը հերթական անգամ վկայեց փակուղում հայտնված լինելու հանգամանքը, ինչի պարագայում իհարկե դժվար է ասել՝ Բրյուսելի ահաբեկությունը Քերիի այցից առաջ ավելի բարելավե՞լ է ՌԴ դիրքերը, թե թուլացրել դրանք:
Այդ հարցերում Հայաստանի կոնկրետ հետաքրքրությունն առնչվում է Արցախի խնդրին: Արդյոք Քերին եւ Պուտինը կշոշափեն այն, մասնավորապես հրադադարի պահպանման հարցը: Քերիի Մոսկվա կատարած այցից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հարցազրույց տալով Ամերիկայի ձայնին, ասել է, որ Մինսկի խմբի համանախագահներն աջակցում են ԱՄՆ կոնգրեսականների առաջարկին՝ տեխնիկական եւ կառուցվածքային քայլեր ձեռնարկել Արցախի հակամարտության գոտում հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ուղղությամբ:
Փաստացի, Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում ներկայում հենց դա է առարկայական, բովանդակային միակ գործոնը, որը արժանացել է Հայաստանի հավանությանը, բայց Ադրբեջանի մերժմանը: Դա Կովկասի կայունության գործոնն է, որը լիովին կփոխի տարածաշրջանի անվտանգության համակարգը:
Միեւնույն ժամանակ, թեեւ ամերիկացի համանախագահը ասում է, որ Մինսկի խմբի համանախագահներն աջակցում են կոնգրեսականների առաջարկին, այդուհանդերձ համանախագահներից մեկը՝ Ռուսաստանը, որեւէ հստակ աջակցություն չի հայտնել դրան: Ընդ որում, դա շատ տարօրինակ է, նկատի ունենալով հանգամանքը, որ ՌԴ-ն իբրեւ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, եւ եթե Հայաստանը ողջունում է հրադադարի պահպանման մեխանիզմի առաջարկը, ապա դաշնակից համարվող Ռուսաստանը եւս պետք է որ գոնե մի քանի բառով կոնկրետ ողջուներ այդ գաղափարը:
Բայց, նորություն չէ, որ Ռուսաստանի շահը Կովկասում առնչվում է Ադրբեջանի հետ գործակցությանը, ոչ թե Հայաստանին: Պատահական չէ, որ Ռուսաստանը դարձել է Ադրբեջանի թիվ մեկ ռազմա-տեխնիկական գործընկերը:
Եվ այդ իմաստով իհարկե հետաքրքիր է, թե արդյոք Քերիի Մոսկվա կատարած այցի ընթացքում կշոշափվի Արցախում հրադադարի պահպանման խնդրի հիմնարար լուծման հարցը, առավել եւս Վաշինգտոնում մարտի 31-ին մեկնարկելիք Միջուկային անվտանգության Վեհաժողովից առաջ, ուր Սերժ Սարգսյանից բացի ԱՄՆ այս անգամ հրավեր է հղել նաեւ Իլհամ Ալիեւին:
Կասկած չկա, որ եթե ՌԴ-ն միանա հրադադարի պահպանման առաջարկին եւ աջակցի այն, Ադրբեջանի դիմադրությունը զգալիորեն կթուլանա: Եվ ինչպես Ռուսաստանը Բրյուսելի ահաբեկությունների դեպքում է բարձրացնում իրեն աջակցելու հարցը, այս դեպքում միանգամայն տրամաբանորեն Հայաստանը պետք է հարց բարձրացնի, թե ինչու Ռուսաստանը բաց եւ հստակ չի աջակցում հրադադարի պահպանման մեխանիզմի գաղափարին, որը պետք է զսպի Հայաստանի եւ Արցախի հանդեպ Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն