Ադրբեջանում անսպասելիորեն համաներում է հայտարարվել


Ադրբեջանում անսպասելիորեն համաներում է հայտարարվել

  • 25-03-2016 17:59:18   | Ադրբեջան  |  Վերլուծություն

Ադրբեջանում անսպասելիորեն համաներում է հայտարարվել։
 
Բաքվի այս քայլը մեկնաբանվում է որպես մարդու իրավունքների ոլորտում տիրող խախտումների վերաբերյալ միջազգային քննադատությունից խուսափելու փորձ: 
 
Վերլուծաբաններն Ադրբեջանում հայտարարված համընդհանուր համաներումը գնահատում են որպես զիջողական քայլ նախքան նախագահ Իլհամ Ալիեւի կատարելիք այցը ԱՄՆ, որտեղ Կոնգրեսը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանական վերնախավի ներկայացուցիչների դեմ:    
 
Ադրբեջանի նախագահի հրամանագրով մարտի 17-ին՝ «Նովրուզ» տոնի նախօրեին, համաներումով ազատ արձակված 148 կալանավորների թվում մեկ տասնյակից ավելի քաղբանտարկյալներ կային: Նրանց շարքերում էին անվանի իրավապաշտպաններ Անար Մամեդլին եւ Ռասուլ Ջաֆարովը, ինչպես նաեւ ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ներկայացացուչներ, այդ թվում՝ կուսակցության նախագահ Թոֆիք Յագուբլուն: 
 
Համաներումը ողջունվեց Եվրոպական Միության եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նման միջազգային կառույցների կողմից: 
 
«Սա դրական, ողջունելի քայլ է Ադրբեջանի կողմից՝ հաշվի առնելով երկրի՝ ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները», - նշվում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Մայքլ Գեորգ Լինքի՝ մարտի 19-ին հրապարակված մամուլի հաղորդագրությունում: 
 
Լինքը, սակայն, ընդգծել էր, որ բազում իրավապաշտպաններ դեռեւս շարունակում են ռիսկի ենթարկվել: 
 
«Ես կոչ եմ անում իշխանություններին վերանայել ներկայում անազատության մեջ գտնվողների կամ նմանատիպ խափանման միջոցների ենթարկվողների, այդ թվում՝ Ինթիգամ Ալիեւի, Խադիջա Իսմայիլովայի, Իլգար Մամեդովի եւ Իլկին Ռուստամզադեի գործերը», - հայտարարել էր Լինքը: 
 
Համաներմամբ ազատ արձակվածների թվում էին նաեւ «NIDA» երիտասարդական շարժման չորս անդամները՝ Ռաշադաթ Ախունդովը, Մամեդ Ազիզովը, Ռաշադ Հասանովը եւ Օմար Մամեդովը: 
 
Երիտասարդական շարժման առաջնորդներից Ուլվի Հասանլին, ողջունելով իր գործընկերների ազատ արձակման փաստը, միաժամանակ նշում է, որ շատ ավելին դեռ պետք է անել: 
 
«Երկիրն արմատական փոփոխությունների կարիք ունի՝ հավաքների եւ մամուլի ազատություն… Կեղծ մեղադրանքներով մարդկանց ձերբակալելը, այնուհետեւ հինգ-վեց տարի հետո «ներելը» եւ ազատ արձակելը չի կարող դիտվել որպես մարդասիրության օրինակ», - նշում է Հասանլին IWPR-ի հետ զրույցում: 
 
2013 թվականի հոկտեմբերին կայացած նախագահական ընտրություններից հետո երկրում իրականացվող ճնշումների քաղաքականության ծաղկուն շրջան սկսվեց: Այլախոհ լրագրողները, իրավապաշտպան ակտիվիստները, ընդդիմադիր քաղաքական գործիչները ենթարկվում էին հետապնդումների կամ ձերբակալվում էին, մինչ միջազգային հասարակական կազմակերպությունները պարզապես ստիպված էին լինում փակել իրենց գրասենյակներն Ադրբեջանում: 
 
Արեւմուտքում շատերն են դատապարտել Բաքվի այս քայլերը: 2015 թվականի դեկտեմբերի կեսին ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունից կոնգրեսական Քրիս Սմիթը շրջադարձային օրինագիծ ներկայացրեց Ներկայացուցիչների պալատի քննարկմանը՝ առաջարկելով մերժել ԱՄՆ մուտքի արտոնագրերի տրամադրումը Ադրբեջանի իշխանական օղակների բարձրաստիճան ներկայացուցիչներին եւ նրանց հարազատներին՝ ի պատասխան երկրում իրականացվող մարդու իրավունքների խախտումների: 
 
Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի ղեկավար Ակիֆ Գուրբանովն այն կարծիքին է, որ Ալիեւը քաղբանտարկյալներին համաներում շնորհելու որոշումն ընդունել է Ադրբեջանի դեմ կիրառվելիք պատժամիջոցներից խուսափելու համար: 
 
«Մարտի 31-ին Իլհամ Ալիեւը պետք է մասնակցի [միջուկային] անվտանգության գագաթնաժողովին, որն անցկացվելու է ԱՄՆ-ում: Նախագահը չէր կարող դատարկաձեռն ներկայանալ նման կարեւոր միջոցառմանը, քանի որ սա կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ իշխանությունների համար: Այդ պատճառով Իլհամ Ալիեւը որոշեց «մարդասիրական» քայլ անել եւ ազատել մի շարք քաղբանտարկյալների», - նշում է Գուրբանովը: 
 
«Դժբախտաբար, սա ընդամենն Արեւմուտքի համար նախատեսված ցուցադրական քայլ է, իսկ իրականում իշխանությունները պատրաստ չեն ազգային հաշտեցմանը», - եզրակացնում է նա:
 
«Միայն քաղբանտարկյալների տասը տոկոսն է ազատ արձակվել», - մեջբերում է Panorama.am լրատվական կայքը «Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների» հասարակական դաշինքի ղեկավար Օգթայ Գյուլալիեւի խոսքերը:   
 
Գյուլալիեւը հավելել է, որ ձերբակալությունները պարբերական բնույթ էին կրում: 
 
«Ահա թե ինչու է արդեն հինգ-վեց տարի շարունակ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թիվը հասնում մոտավորապես հարյուրի», - ասում է Գյուլալիեւը:
 
Այս խոսքերը կարծես հաստատելու համար, նախքան համաներումը եւս մեկ ընդդիմադիր գործիչ էր դատապարտվել երեք տարվա ազատազրկման: Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդի խորհրդական Մամեդ Իբրահիմը մարտի 15-ին մեղավոր էր ճանաչվել խուլիգանություն կատարելու մեջ Բաքվի շրջանային դատարանի կողմից: Իբրահիմը, ով ձերբակալվել էր անցյալ սեպտեմբերին, դատարանում չէր ընդունել իր մեղքը՝ հայտարարելով, որ իր դեմ հարուցված գործը քաղաքական շարժառիթներ ուներ:  
 
Համաներման հայտարարման օրը Բաքվի վերաքննիչ դատարանը մերժեց 2015թ. դեկտեմբերին Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով վեց տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Ռաուֆ Միրքադիրովի բողոքարկման հայցը:  
 
Միրքադիրովը ձերբակալվել էր Թուրքիայում 2014թ. ապրիլին, որտեղ նա թղթակցում էր Բաքվում լույս տեսնող ռուսալեզու «Զերկալո» թերթին, եւ արտաքսվել էր Ադրբեջան:     
 
Անցյալ շաբաթ նա ազատ էր արձակվել անմիջապես դատարանի դահլիճից, որտեղ դատապարտվել էր հինգ տարվա պայմանական ազատազրկման:
 
Դատարանի դահլիճից հեռանալիս, Միրքադիրովը լրագրողներին հայտարարել էր, որ չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքները եւ պատրաստվում է պայքարել իր իրավունքների լիակատար վերականգնման համար:  
 
«Ոչ նախաքննության ընթացքում, ոչ էլ դատարանում որեւէ ապացույց չի ներկայացվել իմ դավաճանության, Հայաստանի հատուկ ծառայությունների հետ իմ համագործակցության վերաբերյալ, - ասել է նա, - Քրեական հետապնդման նպատակահարմարությունը լիովին հերքվել է իմ փաստաբանների կողմից: Գլխավորն այն է, որ իմ սոցիալական եւ լրագրողական գործունեության ընթացքում ես չեմ հաղորդակցվել որեւէ պետության հատուկ ծառայությունների հետ»:
 
Նրա փաստաբան Ֆուադ Աղաեւը հայտարարել էր «Մեյդան» հեռուստաընկերության հետ հարցազրույցում, որ լիարժեք արդարացում էր պահանջել իր պաշտպանյալի համար: 
 
«Մենք համաձայն չենք դատավճռի հետ: Չնայած այս վճիռն ավելի լավ է, քան նախորդը, այս դեպքում, համենայնդեպս, Ռաուֆն ազատ արձակվեց», - հայտարարել էր փաստաբանը: 
 
Իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսները նույնպես մեղադրվում են Հայաստանի օգտին կատարած լրտեսության մեջ եւ բանտարկվել են 2014 թվականի ապրիլին: Ըստ մեղադրական եզրակացության`Լեյլա Յունուսը անհատների էր հավաքագրել, որոնք տարատեսակ տեղեկատվություն էին տրամադրում Հայաստանի գաղտնի ծառայություններին: Միրքադիրովը, ենթադրաբար, նրանցից մեկն էր: 
 
2015-ի օգոստոսին Լեյլա Յունուսը դատապարտվել էր ութ ու կես տարվա, իսկ նրա ամուսին Արիֆ Յունուսը՝ յոթ տարվա ազատազրկման, որից հետո ամուսինների ազատազրկման ժամկետը վերանայվել էր՝ փոխարինվելով 5 տարվա պայմանական ազատազրկմամբ:  
 
Այնուամենայնիվ, նրանց թույլ չէր տրվել լքել երկիրը՝ շտապ բուժօգնություն ստանալու նպատակով: 
 
«Նրանց [առողջական] վիճակը շատ լուրջ է: Երկուսի դեպքում էլ հիվանդությունը կարող է կյանքի սպառնալիք դառնալ», - ասում է Յունուս ամուսինների փաստաբան Էլչին Սադիգովը, ով պատրաստվում է բողոքարկել դատավճիռը:  
 
Գուբանովն իր հերթին նշում է, որ Միրքադիրովի եւ Յունուսների օրինակն ապացուցում է՝ երկրում գործող ռեժիմը պարզապես փոփոխությունների ուղղությամբ ցուցադրական քայլեր է անում:      
 
«Իշխանությունները, ինչպես միշտ, մանեւրում են՝ ցույց չտալով իրենց իրական մտադրությունները: Ազատ են արձակում Միրքադիրովին, բայց չեն արդարացնում, բաց են թողնում Լեյլա եւ Արիֆ Յունուսներին, բայց թույլ չեն տալիս հեռանալ երկրից, համաներում են հայտարարում այն քաղբանտարկյալների հանդեպ, ովքեր վաղուց են անազատության մեջ գտնվում: Արեւմուտքին բավարարելու համար Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են միայն նման փոքր փոխզիջման: Կառավարությունն անգամ չի մտածում իրական փոփոխության եւ իրական ժողովրդավարացման մասին», - եզրակացնում է նա: 
 
Նյութի հեղինակը Աֆղան Մուխթարլին է, ով արտերկրում աշխատող լրագրող է՝ ծնունդով Ադրբեջանից: 
 Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Համաշխարհային ձայներ»
պարբերականից։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play