Շահան Գանտահարյան.Հետզհետե. թափով


Շահան Գանտահարյան.Հետզհետե. թափով

  • 30-03-2016 11:55:01   | Լիբանան  |  Վերլուծություն

Բրիտանական «Ինդիփենդենթ»  թերթի հաղորդումը Հորդանանի թագավորի կատարած հայտարարության մասին որոշ կարեւոր լուսարձակներ է բացում ԻՊ-ի նկատմամբ ոչ միայն Անկարայի ունեցած դերակատարության, այլ ավելի Ամմանի եւ գուցե նաեւ արեւմտյան շրջանակների կողմից այս խնդրի ուղղությամբ կատարվող բարձրաձայնումների վրա: Նա նման հայտարարություն է արել հունվարի 11-ին` ԱՄՆ-ի կոնգրեսում ունեցած ելույթի  ընթացքում, սակայն  հայտարարությունը միայն վերջերս է հրապարկվել։
 
Նախ մեջբերենք լրատվության հիմնական բաժինը. բրիտանական «Ինդիփենդենթ» օրաթերթը գրում է, թե Հորդանանի Աբդալլահ Բ. թագավորը կարծում է, որ Թուրքիան ԻՊ-ի ահաբեկիչներին դիտմամբ է ուղարկում Եւրոպա:
 
Կոնգրեսականների հետ հանդիպման ընթացքում Աբդալլահ Բ. թագավորը հայտարարել էր, որ Թուրքիան ահաբեկիչներ է նախապատրաստում եւ նրանց Եւրոպա ուղարկում: Բացի դրանից, նա նշել էր, որ Թուրքիան կապ ունի ԻՊ-ի արտադրած նաւթի առեւտրի հետ:
 
«Ահաբեկիչներ Եւրոպա ուղարկելը Թուրքիայի քաղաքականության մաս է կազմում», ասել է Աբդալլահ թագավորը։
 
Վերհիշեցման կարգով պետք է մտաբերել, որ Հորդանանը աշխույժ մասնակցություն  է ունենում ԻՊ-ի եւ ընդհանրապես ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների դեմ ձեւավորված դաշինքի շղթայազերծած պատերազմում. հորդանանյան ինքնաթիռի խոցումը ահաբեկիչների կողմից եւ օդաչուի ողջակիզումը դեռ երկար պիտի շարունակի մնալ իրադրություններին հետեւողների մտապատկերում:
 
Պարզ է նաեւ, որ Հորդանանի ներգրավումը այս դաշինքին առավելաբար ունի բրիտանական ներշնչանքներ եւ պատվերներ, նկատի ունենալով բրիտանական իշխանությունների հետեւողական ազդեցությունը հորդանանյան քաղաքականության վրա:
 
Այստեղ ավելի հստակ է դառնում երկու ամիս առաջ կատարված հայտարարության բրիտանական թերթի կատարած բացահայտումը, որը ենթադրել  է տալիս՝ փակ խորհրդակցությունների եւ քննարկումների ընթացքում նման մտքերի, մտածումների եւ կանխազգուշացումների այլ արձանագրություններ եւս կան, որոնք կարող են հրապարկվել իրենց ժամանակին:
 
Հետզհետե ավելի  է ընդգծվում արեւմտյան քաղաքական եւ պետական շրջանակների կողմից Անկարայի ունեցած ուղղակի առնչությունը իսլամականների ահաբեկչական շարժումների հետ: Պարզ է, որ նման կապերը եւ առնչությունները գաղտնիք չէին ոչ Արեւմուտքին, ոչ Եւրոպային եւ ոչ էլ նույնիսկ «Ինդիփենդենթ»-ի նման հեղինակավոր լրատվամիջոցի համար:
 
Խնդիրը դրանց հետզհետե հրապարակայնացումն է, երբեմն կիսապաշտոնական ձեւով կատարվող հրապարակումները. ի վերջո այս առնչությունները ստվերում թողելու կամ բարձրաձայնելու համար կանաչ եւ կարմիր լույսեր կան:
 
ԵՄ-ի դիրքորոշումը այս հիմնահարցում, իր քաղաքական գործնապաշտական բացատրությունը կարող է ունենալ ոչ ամբողջական հասկացողությամբ: Եւրոպան գումարներով ուզում է կասեցնել Թուրքիայից փախստականների եւ ահաբեկչական կարողականության հոսքը դեպի իր տարածքները: Անկարան շարունակում է իր պայմանական մոտեցումները: Եւրոպայի անվտանգությունը գումարի դիմաց սակարկության տրամաբանությունում պահելով պատանդի կարգավիճակի քաղաքականությունը: Բայց գումարով չի ավարտվում այս խաղը:
 
Վիզային ռեժիմի վերացումը նաեւ այս պայմաններին ներառելով, խորքում, նկատի ունենալով նաեւ Հորդանանի թագավորի հայտարարության բովանդակային իմաստը, Թուրքիայից Եվրոպա ահաբեկչական հոսքը առանց վիզայի դյուրացնելու պայմանն է, որը պարտադրվում է Եվրոպային:
 
Թե Եւրոպան կորդեգրի նաեւ այդ քա՞յլն էլ, մնում է տարակուսելի: Հստակ է, որ հետզհետե-ի քաղաքականությունը` Անկարայի ունեցած ժխտական դերակատարությունը բացահայտելու առումով պիտի շարունակվի: Թափով:
 
 
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն