Ընտրական օրենսգրքի փոփոխություններով բավականին առաջընթաց կլինի,- հավաստիացնում է ՀՀԿ-ի ներկայացուցիչը<br />


Ընտրական օրենսգրքի փոփոխություններով բավականին առաջընթաց կլինի,- հավաստիացնում է ՀՀԿ-ի ներկայացուցիչը

  • 20-10-2010 15:44:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից մշակված եւ կոալիցիոն ուժերի հավանությունը ստացած Ընտրական օրենսգրքի փոփոխություններով ընտրական գործընթացում եւ դրա նկատմամբ հասարակության վստահության մթնոլորտի ձեւավորման հարցում բավականին առաջընթաց է լինելու: Այս համոզմունքը հայտնեց «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հոկտեմբերի 20-ի հանդիպմանը ՀՀ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը: Ըստ նրա, նախագծում հաշվի են առնվել վերջին երկու համապետական ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդական կազմակերպությունների մի շարք առաջարկությունները` ուղղված ընտրական գործընթացի բարելավմանը: Առաջարկվող փոփոխությունների շարքում Հ.Սահակյանը կարեւորեց ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգի վերաբերյալ դրույթը. եթե նախկինում հանձնաժողովները ձեւավորում էին քաղաքական թիմերը, ապա այժմ շեշտը դրվում է ընտրական գործընթացում անձանց մասնագիտական սկզբունքով ներգրավելու վրա: Մասնավորապես, հանձնաժողովների անդամներից երկուսը պարտադիր պետք է լինեն իրավաբաններ: Ընտրական գործընթացում կանանց առավելագույնս ներգրավելու նպատակով հանձնաժողովների անդամներից երկուսը պետք է լինեն կանայք: Թեկնածուն չպետք է զբաղված լինի քաղաքականությամբ, ունենա համայնքային ծառայողի որոշակի ստաժ: Փոփոխություններով ընդդիմությանը կկարողանա 20 տոկոսի չափով ընտրական հանձնաժողովներում համամասնորեն ղեկավար պաշտոններ զբաղեցնել` հանձնաժողովի նախագահ, տեղակալ եւ քարտուղար: 100 տոկոսով համամասնական ընտրակարգի անցնելու հարցի վերաբերյալ ՀՀԿ ներկայացուցիչը գտնում է, որ Հայաստանի քաղաքական համակարգն այսօր այնքան զարգացած չէ, որպեսզի երկիրն անցնի բացառապես համամասնական ընտրակարգին: Համամասնական-մեծամասնական այսօր գործող համամասնությունը` 90+41, պահպանվելու է նաեւ օրենսգրքի առաջարկվող փոփոխություններում: Հ.Սահակյանը նշեց նաեւ, որ նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով փորձաքննության, եւ այնտեղ որւեէ էական առարկություններ չեն ներկայացրել: ՀՀԿ ներկայացուցիչը չբացառեց, որ նախագծի վերաբերյալ կկազմակերպվեն հանրային քննարկումներ:
Նոյյան տապան  -   Քաղաքական