«Ադրբեջանի անպատժելիությունը խթան հանդիսացավ պարբերաբար նախաձեռնվող բարբարոսությունների համար».Խաժակ Թոմոյան (Տեսագրություն)


«Ադրբեջանի անպատժելիությունը խթան հանդիսացավ պարբերաբար նախաձեռնվող բարբարոսությունների համար».Խաժակ Թոմոյան (Տեսագրություն)

  • 07-04-2016 13:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ




Ապրիլի 7-ին ժամը 13.00–ին «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի է ունեցավ ասուլիս։ 

 
Թեման՝ «Իրավիճակը ԼՂՀ հակամարտության գոտում.  հետագա զարգացումներ. միջազգային արձագանքներ և դիվանագիտական գործընթացներ. վերջին իրադարձություններում  Թուրքիայի ունեցած դերը»։ 
 
 
Բանախոսներն են 
 
 Խաժակ Թոմոյան- դիվանագետ, արաբագետ,  «Առաքյալներ» ՀԿ նախագահ
Քրիստինե Մելքոնյան  -  ՀՀ ԳԱԱ  Արևելագիտության ինստիտուտի թուրքիայի բաժնի ավագ գիտ.  աշխատող, պատմական գիտությունների թեկնածու 
 
 
Թեմայի վերաբերյալ.
 
Քսաներկու տարի է անցել զինադադարի կնքման օրվանից, սակայն ադրբեջանի սանձարձակ ու ուխտադրուժ գործողությունները մշտապես վկայել են նրանց վայրագության, անմարդկայնության և արցախյան հակամարտության` խաղաղ, բանակցային ճանապարհով լուծման միջազգային կառույցների հորդորներին թքած լինելու մասին: Իսկ դա ունի իր նախապատմությունն ու դրդապատճառը.
Բուդապեշտում քնած հայ զինվորին կացնահարած ադրբեջանցի տականքին իր երկիր վերադարձնելու փաստը և ադրբեջանի կողմից նրա հերոսացումը հանդուրժելով՝ դուք անցաք մարդասիրության բոլոր սահմանները, որը ոգևորիչ խթան հանդիսացավ ադրբեջանի կողմից պարբերաբար նախաձեռնվող բարբարոսությունների համար:
Դրան հաջորդած ադրբեջանական զինված դիվերսիոն խմբերի ներթափանցումները մեր դիրքեր, խաղաղ բնակչության պարբերաբար ռմբակոծումն ու հրետանակոծումը՝ մարդկային կորուստներով, դիպուկահարների կողմից իր ժողովրդի խաղաղ կյանքն ու հրադադարը պահպանող հայ զինվորների գնդակոծումը դարձյալ մնացին անպատիժ՝ բավարարվելով միայն սևով սպիտակի վրա գրված կեղծ հուզական ցավակցություններով կամ էլ խաղաղ բանակցությունների անցնելու անիմաստ կոչերով: Մինչդեռ՝ պատժել էր պետք ու շատ խիստ:
Հանցագործության անպատժելիությունը ենթադրում է դրա խրախուսում: Հենց այս տրամաբանությամբ էլ ադրբեջանը, անպատժելի լինելու փաստով ոգևորված, ձեռնամուխ եղավ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով լայնածավալ մարտական գործողությունների: Թեև ջաղջախվելով ետ շպրտվեցին ու պիտի շպրտվեն, սակայն ունեցանք անցանկալին: Արդյունքում զոհվեցին հայկական բնակավայրերի խաղաղ բնակիչներ, անասնական դաժանությամբ բարբարոսաբար սպանվեցին և դիախոշտանգվեցին անմեղ ծերեր, դպրոցի ճանապարհին սպանվեց տասներկուամյա հայ երեխա: Միթե սա էլ պետք է մնա անպատիժ, թե ձեզ համար արդեն ամեն ինչ, ինչ կատարվում է մեր ժողովրդի հետ, միևնույն է՝ միայն թե ձեր բանկային հաշիվները կուշտ լինեն ալիևյան փողերով, իսկ ձեր ռունգերը հանկարծ ադրբեջանական նավթի հոտի պակաս չզգան… Իսկ եթե նույնը պատահեր ձեր երեխայի հետ, ձեր ծնողի հետ…
Ինչևէ: Այլևս բավական է մեր ընկալուչները հոգնեցնեք ձեր ձևական կոչերով ու հորդորներով: Մենք ականջով սիրվող ազգ չենք, մենք միասնական ենք մենք դարավոր պատմություն ենք կերտել, վերջապես՝ եղել ենք, կանք ու միշտ լինելու ենք: Թող որևէ մեկին չթվա, թե մեր երկրի ներքաղաքական իրավիճակը կարող է հաղթաթուղթ դարձնել իր համար, ինչպես դա արվել է բազմաթիվ երկրների պարագայում (Մերձավոր Արևելք, Լիբիա, Իրաք և այլն): Ցանկացած վտանգի դեպքում մենք միասնական ենք, մեր երկրի իշխանությունների կողքին ենք, մեր երկրի իշխանություններն էլ՝ մեր կողքին, ինչի վկայությունն էին վերջին օրերի իրադարձություները: Եվ իմացեք, երբ գործ ունեք Հայաստանի հետ, գործ ունեք ոչ թե մեկ մարդու՝ նախագահի, այլ աշխարհասփյուռ հայ ազգի հետ: Ուստի. 
Պահանջում ենք անմիջապես կիրառել գործնական պատժամիջոցներ, այն է՝ տնտեսական, ֆինանսական և նյութական: Դադարեցնել ադրբեջանին տրամադրվող ֆինանսական օգնությունները, ռազմամթերքի վաճառքն այդ երկրին, սառեցնել բոլոր այն միջազգային բանկային հաշիվները, որոնցով սնվում և իր ոճրոգործությունների համար միջոցներ է ձեռք բերում այդ երկիրը, դադարեցնել, իսկ ավելի ճիշտ կլինի հեռացնել ադրբեջանին միջազգային կառույցներին անդամակցությունից, այդ թվում՝ նաև ՄԱԿ-ից: Քանզի ադրբեջանը խախտել է միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների բոլոր հնարավոր պահանջները: Անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետությունը: 
Հակառակ դեպքում՝ լավ կլինի կանգնեք հայելու առաջ և կտեսնեք, որ ձեր ձեռքերն էլ, ինչպես ադրբեջանցի ճիվաղի ճանկերը, թաթախված են վայրագության զոհ դարձած անմեղ հայ երեխայի ու տարեց մարդկանց, իր երկրի սահմանների անվտանգության երաշխավոր հայ զինվորի արյունով, իսկ ձեր դեմքին որդեկորույս հայ մայրերի տառապանքն է: Աստված ձեզ դատավոր:
 
«ԱՌԱՔՅԱԼՆԵՐ  ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ»
 
 
Ասուլիսին ներկա են եղել հետեւյալ լրատվամիջոցները
1.ԱՐTV
2.NT.am
3.Ա1+
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ