Սերժ Սարգսյան. «Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց նա իզուր է զենք վաճառում Ադրբեջանին»


Սերժ Սարգսյան. «Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց նա իզուր է զենք վաճառում Ադրբեջանին»

  • 08-04-2016 06:44:15   | Գերմանիա  |  Հարցազրույցներ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիա կատարած այցի ժամանակ հարցազրույց է տվել «Դոյչե Վելե» լրատվականին, որում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության սրմանն ու այդ հակամարտության մեջ Ռուսաստանի դերին: Նա նաև խոսել է այն մասին, թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ անկախությունը: Ներկայացնում ենք հարցազրույցը ՝ որոշ կրճատումներով:

Լրագրողի հարցին, թե ինչ է անում Հայաստանը հերթական արյունահեղությունը կանխելու համար, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Մենք անում են հնարավոր ամեն ինչ: Մոտ 3 տարի առաջ Ադրբեջանը հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած հիմնարար 3 սկզբունքներից 2-ից, ու հիմա պահանջում է, որ այդ հակամարտությունը լուծվի բացառապես տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքից ելնելով: Ադրբեջանը բազմապատկում է իր ռազմական բյուջեն ու զարգացնում ռազմական հռետորաբանությունը»:

Լրագրողը նկատել է, որ ապրիլի 1-ին սանձազերծված պատերազմն, ինչպես հաճախ է լինում, սկսվեց անսպասելիորեն, ու ավարտվեց նույնքան անսպասելի: Նա փորձել է պարզել, թե ով օգնեց հրադադարի պայմանավորվածության ձեռքբերմանը:
«Մենք չենք կարծում, թե պատերազմն անսպասելի սկսվեց: Մենք սպասում էինք նրանց. կատարվեց այն, ինչ պիտի կատարվեր: Բայց հրադադարը ևս պատահականություն չէր: Ադրբեջանցիները մեծ կորուստներ կրեցին: Եվ բացի այդ, ՌԴ գլխավոր շտաբի պետը զանգահարել է ՀՀ գլխավոր շտաբի պետին ու հայտնել, որ Ադրբեջանը պատրաստ է այդ հարցով հայկական կողմի հետ հանդիպել Մոսկվայում: Կար նաև միջազգային հանրության աջակցությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով շփման գծում խաղաղապահ զորքերի, օրինակ՝ ռուսական, հնարավոր առկայությանը՝ նախագահը նշել է. «Մենք երբեք դրան դեմ չենք եղել, բայց կարծում ենք, որ դրանով հակամարտությունը պետք է վերջնական լուծում ստանա: Ավելին, մենք պատրաստակամություն ենք հայտնել համապատասխան փաստաթուղթ ստորագրելու, որով հնարավոր կլիներ հասնել հակամարտության համապարփակ լուծման, միևնույն ժամանակ նաև 2 կողմերում խաղաղապահ զորքերի ներկայություն ապահովել: Ադրբեջանցիները, սակայն, դա չուզեցին»:

Այնուհետև լրագրողը հնչեցրել է հետևյալ հարցը. «Դուք նշեցիք, որ Ռուսաստանը որոշակի դեր է խաղացել հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերելու գործում: Ի՞սկ ինչպես եք գնահատում Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում: Նշեցիք, որ Ռուսաստանը ձեր դաշնակիցն է, հովանավորը, բայց միևնույն ժամանակ այդ նույն Ռուսաստանը ժամանակակից զենք է վաճառում Ադրբեջանին»:

Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես երբեք չեմ ասել, թե Ռուսաստանը մեր հովանավորն է, ու առհասարակ ոչ մի պետություն չի կարող մեր հովանավորը լինել: Եվ Ռուսաստանը երբեք այնպիսի դեր չի ունեցել Հայաստանի համար, ինչպիսին Թուրքիան ունի Ադրբեջանի համար: …Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց միևնույն ժամանակ մենք միշտ բացեիբաց հայտարարել ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն»:

Սերժ Սարգսյանը բացատրել է նաև, թե ինչու ՀՀ-ն չի ճանաչում ԼՂՀ անկախությունը: «Դա փոխզիջում է մեր կողմից: Եթե Հայաստանն այսօր ճանաչի ԼՂ անկախությունը, դա կնշանակի մենք հրաժարվում ենք բանակցային գործընթացից, չենք ճանաչում, որպեսզի լրացուցիչ խնդիրներ չառաջանան հակամարտության լուծման հարցում»:

Գնահատական տալով Մինսկի խմբի գործունեությանը, Սերժ Սարգսյանը նշել է, որ դա այժմ հակամարտության լուծման միակ օպտիմալ ճանապարհն է, և որ այդ ձևաչափի փոփոխումը ոչինչ չի տա: Նա ընդգծել է, որ ձևաչափի փոփոխում պահանջում է Ադրբեջանը:

Անդրադարձ է կատարվել նաև Եվրոմիության «Արևելյան գործընկերության» փոխարեն Հայաստանի կողմից ԵՏՄ օգտին ընտրություն կատարելուն, որին ի պատասխան Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Նկատեմ, որ մենք այժմ էլ հանդիսանում ենք «Արևելյան գործընկերության» անդամ: Ռուսաստանի կողմից ոչ մի ճնշում չի եղել: Առաջնորդվելով տնտեսական շահավետությամբ (Ռուսաստանը մեր գլխավոր շուկան է ու մեր գլխավոր առևտրային գործընկերը): Ռուսաստանը ԵՏՄ շրջանակներում մեզ առաջարկեց շատ շահավետ պայմաններ՝ իր ապրանքների համար 30% զեղչ տրամադրելով: Իմ սկզբունքն է՝ ընդունել որոշումներ, որոնք կարող են իրականացվել»:

Սերժ Սարգսյանը նաև հույս է հայտնել, որ Գերմանիան մինչև Բունդեսթագի ամառային նստաշրջանի ավարտը բոլոր խմբակցությունների մասնակցությամբ կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play