«Պատրիդա»-ն կոչ է անում աշխարհի հույներին աջակցել հայերին և միասնական ճակատով պայքարել ընդհանուր թշնամու դեմ (տեսանյութ)


«Պատրիդա»-ն կոչ է անում աշխարհի հույներին աջակցել հայերին և միասնական ճակատով պայքարել ընդհանուր թշնամու դեմ (տեսանյութ)

  • 12-04-2016 15:19:30   | Հայաստան  |  Կազմակերպություններ



ՀՀ և ԼՂՀ հույների «Պատրիդա» կազմակերպությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան գոտում ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված անմարդկային և վայրագ գործողությունները և իր աջակցությունը հայտնում Հայաստանին թուրք և ադրբեջանցի ահաբեկիչների դեմ պայքարում: Այս մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ և ԼՂՀ հույների «Պատրիդա» կազմակերպություն նախագահ, ՀՀ հանրային խորհրդի անդամ Էդուարդ Փոլադովը` ընթերցելով համայն հայությանն ուղղված իր հայտարարությունը:
 
Ըստ նրա` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլի 2-ից 6-ը կատարված արյունալի իրադարձություններն ուղղված են ոչ միայն հայերի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ: 
Հունարեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով թարգմանված այտարարությունում, մասնավորապես, ասվում է. « ՀՀ և ԼՂՀ հույների «Պատրիդա» կազմակերպությունը դատապարտում է պաշտոնական Անկարային իր հանցավոր գործունեությամբ Ադրբեջանին աջակցելու և վերջինիս «մարդասպան մեքենայի» վերածելու համար:  Ինչպես դարասկզբին, այնպես էլ 1988-1992 թվականներին Ադրբեջանը Թուրքիայի ռազմական, ֆինանսական և կենդանի ուժի աջակցությամբ կազմակերպեց և իրականացրեց հայերի զանգվածային սպանություններն Կասպից ծովի արևմտյան սահմաններում (Ադրբեջանի ներկայիս տարածքում), որի հետևանքով հազարավոր հայեր և այլ մահմեդական ադրբեջանցիների բռնագաղթման: Այսօր կրկին Թուրքիայի կողմից կառավարվող խուժան հրոսակախմբերի և թուրք հատուկ ջոկատայինների ձեռքերով զոհվում են Արցախի խաղաղ բնակիչներն ու հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորները:  Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ տարածաշրջանի ապակայունացմանը նպաստում են նաև միջազգային կազմակերպությունների անհասկանալի մոտեցումները ռազմական կոնֆլիկտ հրահրողների նկատմամբ, երբ հավասարության նշան է դրվում հանցագործի և զոհի միջև:  ՀՀ և ԼՂՀ հույների «Պատրիդա» կազմակերպությունը հայտարարում է, որ անտարբեր կերպով չի հետևելու թշնամու ահաբեկչական խմբավորումների կողմից Արցախի խաղաղ բնակիչների դաժան սպանություններին և կազմակերպության անդամներն իրենց պարտք են համարում Հայաստանի և Արցախի ժողովրդի և բանակի հետ զենք վերցնել ու պայքարել ընդհանուր թշնամու դեմ»: 
Է. Փոլադովի համոզմամբ` հայության ուժը միասնականության մեջ է, այդ դեպքում հաղթանակն ապահովված է. «Մեր կազմակերպության հայտարարությամբ մենք ցանկանում ենք աշխարհի տարբեր երկրներում գտնվող հույներին կոչ անել միանալ հայությանը և միասնական ճակատով պայքարել ընդհանուր թշնամու դեմ»:
Բանախոսի կարծիքով` ներկայումս նախևառաջ անհրաժեշտ է վերականգնել ավերված Թալիշը` այն վերածելով անառիկ ամրոցի, որտեղ մշտապես կթևածի հայության ոգին: 
Նրա փոխանցմամբ` Կիպրոսի հույներն արդեն իսկ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Արցախում Ադրբեջանի սանզահարած վայրագ գործողությունների հետ կապված: 
 «Ճակատագրով և պատմությամբ նման հույներն ու հայերը պետք է մշտապես աջակցեն միմյանց, ուստի անհրաժեշտ է դիվանագիտական աշխատանքներ տանել բարեկամ ժողովուրդների հետ համագործակցելու ուղղությամբ. Փորձը ցույց տվեց, որ մենք դեռ ինքնակազմակերպման խնդիր ունենք»,- եզրափակեց Է. Փոլադովը:  
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ