Ապրիլյան պատերազմի նորանոր բացահայտումներ


Ապրիլյան պատերազմի նորանոր բացահայտումներ

  • 20-04-2016 14:48:51   | Հայաստան  |  Վերլուծություն

Ապրիլյան պատերազմի բացահայտումներից մեկը դարձավ Հայաստանին ռուսական զենքի մատակարարման թեման: Սերժ Սարգսյանը Գերմանիայում հայտարարեց, որ հայկական կողմը զինված է 80-ականների զենքով, հետագայում ՊՆ ներկայացուցիչները մեկնաբանեցին, որ 80-ականների զենքը դեռեւս չի նշանակում, որ այն հնացած է, եւ որ աշխարհի շատ բանակների զինանոցը հենց 80-ականների է:
Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանից ստացել է ավելի արդիական ու մեծաքանակ սպառազինություն: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ՌԴ-ն որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, չի հետեւել մյուս համանախագահների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի օրինակին, որոնք օրենքի ուժով արգելել է զենքի վաճառքը հակամարտող կողմերին: Այս մասին շատ է խոսվել, եւ արժե ուշադրություն դարձնել մի շարք այլ ուշագրավ հանգամանքների վրա:
Պարզվում է՝ 2013-ից Ռուսաստանը գրեթե սպառազինություն չի մատակարարում Հայաստանին (կան տեղեկություններ, որ այդ ժամանակ հայկական կողմը վճարումներ է կատարել՝ Ռուսաստանից զենք գնելու համար: Փողը փոխանցվել է, սակայն զենքն այդպես էլ չի մատակարարվել): Այս տարեթիվը հատկանշական է նրանով, որ այդ ժամանակ հայտարարվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին: Ընդ որում, այդ անդամակցությունը պայմանավորվեց նաեւ անվտանգության խնդիրներով: Սակայն, ի՞նչ կատարվեց հետո:
Արդեն 2014-ին Ռուսաստանը Հայաստանին պարտադրեց մի շարք ստրկական պայմանագրեր, որոնցով փաստացի սահմանափակվում է Հայաստանի՝ այլ երկրներից սպառազինություն ձեռք բերելու հնարավորությունը: Կնքելով այդ պայմանագիրը, Ռուսաստանն անցավ Ադրբեջանին ավելի ինտենսիվ զինելու գործին:
Ռուսաստանը եւ Ադրբեջանը փորձում են Ղարաբաղում իրականացնել համատեղ ծրագիր՝ խաղաղապահներ տարածքների դիմաց: Հայաստանին զիջումներ պարտադրելու հարցում Ադրբեջանը դիմել է «ռազմական դիվանագիտությանը», եւ արդեն երեք տարի տարբեր ինտենսիվությամբ ընթանում է պատերազմը: 2014-ի օգոստոսին ռազմական գործողություններն ինտենսիվացան, սակայն հայկական բանակը ջախջախեց ադրբեջանական ստորաբաժանումներին եւ այդ մի փուլում տապալեց ռուս-ադրբեջանական գործարքը: Հատկանշական էր, որ այդ օրերին միջազգային շահագրգիռ կողմերը դատապարտեցին ադրբեջանական ագրեսիան եւ գոհունակություն հայտնեցին հայկական բանակի գործողություններից, բացի բնականաբար Ռուսաստանից, Թուրքիայից ու Ադրբեջանից:
Դրանից հետո Ռուսաստանն ավելի ինտենսիվացրեց ռազմական ու քաղաքական աջակցությունն Ադրբեջանին եւ սկսեց նրան պատրաստել ծրագրի իրականացման նոր փուլին:
2015-ին հայտարարվեց, թե Ռուսաստանը 200 մլն դոլարի արտահանման վարկ է տրամադրում Հայաստանին՝ ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու համար: Ռուսները նույնիսկ հրապարակեցին այդ ցանկը, ինչն աննախադեպ երեւույթ էր եւ Հայաստանի բանակը «մերկացնելու» փորձ:
Իր հերթին, Սերժ Սարգսյանը 2015-ի դեկտեմբերին ՊՆ-ում անցկացրած խորհրդակցության ժամանակ հայտարարեց, թե բանակն արդեն ստացել է ժամանակակից զինատեսակներ: Սակայն հետագայում հայտարարեց, թե կռվում ենք 80-ականների զենքով:
 
Այդպես էլ անհասկանալի մնաց՝ Հայաստանը ստացե՞լ է ինչ որ զենք, թե ոչ: Ըստ ամենայնի՝ ոչ, եւ չէր էլ կարող ստանալ՝ ելնելով Ռուսաստանի քաղաքականության տրամաբանությունից եւ հետագայում տեղի ունեցած իրադարձություններից (ի դեպ, որոշ տեղեկություններով՝ Ադրբեջանը զգալի գումար է վճարել Ռուսաստանին, որպեսզի այդ զենքը Հայաստան չուղարկվի):
Ապրիլյան պատերազմը ռուս-ադրբեջանական ծրագրի իրականացման հերթական փորձն էր, որը խոշոր հաշվով կրկին տապալվեց, կամ մնաց կիսատ: Ադրբեջանն այս անգամ արդեն կիրառեց ժամանակակից զենքերը, սակայն պարզվեց՝ դեռ չի տիրապետում դրանց, չունի մասնագիտական պատրաստվածություն: Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը հայտարարեց, որ շարունակելու է զինել Ադրբեջանին:
Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա պարզվեց՝ 200 մլն արտահանման վարկով նախատեսված սպառազինության վերաբերյալ պայմանագիրը նույնիսկ կնքված չէ: Ավելին, մեր տեղեկություններով, եթե այդ պայմանագիրը նույնիսկ կնքվի, ապա այդ զենքը չկա, դեռ արտադրված չէ, եւ հայտնի չէ, թե երբ կարտադրվի:
Այսպիսով, Ռուսաստանն Ադրբեջանի հետ իր ծրագրերն իրականացնելու համար զինում է Ադրբեջանին եւ թուլացնում Հայաստանին, խախտելով հավասարակշռությունը: Մոսկվայում գիտեն, որ Ադրբեջանն ի վիճակի չէ ինքնուրույն արդյունավետ պատերազմ վարել, որքան էլ նրան զինեն: Այդ պատճառով, մի կողմից, նա խորացնում է հավասարակշռության խախտումը, մյուս կողմից թերեւս ստիպված կլինի արդեն միջամտել Ադրբեջանի կողմից, այս անգամ ոչ միայն հետախուզական տվյալներով, այլեւ անմիջականորեն:
Ըստ էության, հայ-ադրբեջանական պատերազմ գոյություն չունի, կա հայ-ռուսական պատերազմ: Այդպես էր 1990-ականներին, երբ ռուսական զորքն Ադրբեջանի կողմից հարձակումներ էր գործում հայկական բնակավայրերի վրա, սպանում ու տեղահանում հայերին: Երբ հայերն ի վերջո քշեցին ռուսական զորքին, Ադրբեջանը մնաց «մենակ» եւ ջախջախիչ պարտության մատնվեց:
Ռուսաստանում սա լավ գիտեն եւ ըստ ամենայնի այս անգամ կփորձեն Ադրբեջանին «մենակ» չթողնել՝ համատեղ ծրագիրն իրականացնելու համար: Առաջիկա պատերազմը կտրուկ ու անշրջելի հետեւանքներ է ունենալու տարածաշրջանի համար:
 
 
ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play