Բողոքի ակցիա՝ Լավրովի երեւանյան այցի ժամանակ


Բողոքի ակցիա՝ Լավրովի երեւանյան այցի ժամանակ

  • 21-04-2016 07:48:31   | Հայաստան  |  Քաղաքական

Ապրիլի 21-ին, ժամը 18:30-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Երեւան կատարելիք այցին զուգահեռ, մի խումբ քաղաքացիներ հավաքվելով Երեւանի Ազատության հրապարակում՝ երթով կշարժվեն ՀՀ ԱԳՆ եւ ՌԴ դեսպանատուն ի նշան բաղոքի, որ ԼՂ հիմնահարցի կարգավորման ընթացքում ոչ մի թիզ հող չհանձնվի Ադրբեջանին:
 
«Մենք խնդիրներ ենք տեսնում, ուղղակի դադարկ ձեռքերով Հայաստան չեն գալիս, գալիս են կոնկրետ Ղարաբաղի հարցով: Ըստ մեր ունեցած տեղեկատվության եւ մեր վերլուծության, մեր տրամաբանության, գալիս են կոնկրետ պարտադրանքների, գալիս են կոնկրետ Արցախի շրջանները զիջելու: Իրենք հայտարարել են, թե այս կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ ինչ ծրագրեր ունեն: Դա նոր չի: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Մադրիդյան սկզբունքների մեջ առկա է, թե ինչ քայլերի արդյունքում պետք խնդիրը կարգավորվի: Այս պարագայում մենք չպետք է թույլ տանք, որ մի թիզ հող հանձնվի»,- այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանը, ով հույս ունի, որ վաղը շատերը կկարեւորեն այս հարցը եւ կմասնակցեն ակցիային:
 
«Ինչ քանակ էլ լինի, սա պետք է ընթացք ունենա: Հայտնի երգի բառերն եմ  ուզում հնչեցնել՝ հայեր միացեք, Արցան է մեզ կանչում, օգնության հասեք: Իրականում Արցախի այդ կոչը կա, մայր հողի մասին կոչը կա: Մենք պետք է կանգնենք եւ մի թիզ հող չթողենք, որ առեւտուր անեն Պուտինը, Սերժ Սարգսյանը, Ալիեւը կամ չգիտեմ ով: Պետք է իսպառ բացառվի որեւէ թիզ հողի վաճառքը: Մեր տղաների արյամբ ազատագրված, պահված հողը չպետք է վաճառել: Մի թիզ հողի վաճառքը սրբապղծություն է»,- նշեց Դավիթ Սանասարյանը: Ակցիայի մասնակիցներն ունեն իրենց պահանջները, որը կհրապարակեն ԱԳՆ-ի շենքի մոտ: Այդ պահանջների մեջ մտնում է ԼՂՀ-ի անկախության ճանաչումը, Ադրբեջանից փախստական դարձած հայերի, այդ թվում՝ շահումյանցիների անվտանգ շուտափույթ, կամավոր ու անվտանգ վերադարձը Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական շրջաններ, դադարեցնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սպառազինումը նորագույն հարձակողական ու զանգվածային ոչնչացման զենքերով, որոնք օգտագործվել եւ օգտագործվելու են Հայաստանի ու Արցախի դեմ եւ այլն:
 
Դավիթ Սանասարյանը նշեց, որ ակցիան որեւէ քաղաքական ուժի նախաձեռնությունը չի, այլ մտահոգ մարդկան կողմից է կազմակերպվել: «Ուղղակի մենք՝ կազմակերպիչներս, որոշակի պատասխանատվություն ենք կրում որոշակի կազմակերպչական հարցեր իրականացնելու համար»,- եզրափակեց Սանասարյանը:
 
Նշենք, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում «Ձեռքներդ հեռու Արցախից. արժանապատվության պահանջ-երթ» անվանումով միջոցառում է ստեղծվել, որին մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 500 օգտատեր:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play