Սահմանամերձ Այգեհովիտի մանուկներն այսուհետ հաճախելու են բարեկարգված մանկապարտեզ` ի շնորհիվ շվեյցարաբնակ բարերարների. (տեսանյութ)
21-04-2016 16:52:14 | Հայաստան | Հասարակություն
Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում հիմնովին վերանարոգվելուց հետո իր դռները բացեց համայնքի միակ մանկապարտեզը: Վերանորոգումն իրականացվել է «Օգնություն Հայաստանին» շվեյցարական բարեգործական ֆոնդի միջոցներով: Ի պատիվ ֆոնդի նախագահ Նորբերտ Նեյնինգեռի` մանկապարտեզն անվանակոչվեց նրա անունով: Ազդարարվեց մանկապարտեզի վերագործարկումը, կտրվեց խորհրդանշական կարմիր ժապավենը և հանդիսավոր կերպով մանկապարտեզի առաջնապատին բացվեց բարերարի քարե հուշատախտակը:
Արարողության ներկա էին «Օգնություն Հայաստանին» շվեյցարական բարեգործական ֆոնդի հոգաբարձուների խորհրդի անդամներ` բարերարներ Պինո Չաչոն, Մարտին Բլումերը, Միհրան Բարոնյանը և Այգեհովիտ համայնքի ղեկավարն ու բնակիչները:
Ինչպես «Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Այգեհովիտ համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանը, 1970 թվականին հիմնված մանկապարտեզը չնայած երկար տարիներ գտնվել է խիստ անմխիթար վիճակում, սակայն երեբեք չի դադարել գործելուց:
Ըստ նրա` մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները սկսվել են 2014 թվականի դեկտեմբերին և ավարտվել 2016 թվականի մարտին:
Երկհարկանի վերանորոգված մանկապարտեզը հագեցվել է ժամանակակից տեխնիկական սարքերով և կահույքով, ամբողջությամբ գազիֆիկացվել է, ունի տաք և սառը ջուր, բարեկարգվել է նաև մանկապարտեզի բակն ու խաղահրապարակը:
Տեղաբնակաների վկայությամբ` մինչ վերանորոգումը մանկապարտեզի խոհանոցում անգամ ծառ էր աճում, բացակայում էին հիգենիայի տարրական պայմանները:
Այգեհովիտի միակ մանկապարտեզում ի շնորհիվ շվեյցարացի բարերարների` ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների նախադպրոցական կրթությունը պատշաճ կազմակերպելու և իրականացնելու համար:
Ինչպես փաստում էին մանկապարտեզի սաների ծնողները, անճանաչելիորեն փոխված նախակրթական այս կառույցը ոչ միայն զարմացրել է, այլև իր հնարավորություններով և մանուկների համար ստեղծված պայմաններով հիացրել է բոլորին: Նույնը վկայեցին նաև մանկապարտեզի բացմանը ժամանած հյուրերը:
Նորբերտ Նեյնինգերի անվան մանկապարտեզի տնօրեն Ալվարդ Բադամյանի փոխանցմամբ` մինչ վերանորոգումը մանկապարտեզ հաճախել է 60 երեխա, իսկ վերանորոգումից հետո ավելացել է 3-րդ խումբը` 30 աշակերտով:
Թշնամու մշտական թիրախում գտնվող գյուղում երեխաների ուշադրությունը հակառակորդի կրակոցներից շեղում են երգ-երաժշտությամբ:
Ի նշան հայ և շվեյցարացի ժողովուրդների միջև բարեկամության` բարերարները խորհրդանշական ծառ տնկեցին մանկապարտեզի բակում: