Իսկ ո՞վ կտա Հայաստանին չորս միլիարդ դոլար


Իսկ ո՞վ կտա Հայաստանին չորս միլիարդ դոլար

  • 22-04-2016 13:58:35   | Հայաստան  |  Տնտեսություն

Նախօրեին Հայաստանում ուշագրավ հայտարարություն է արել Ռոսատոմ ընկերության ղեկավարի տեղակալ Կիրիլ Կոմարովը, ասելով, թե Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տնտեսական հիմք չկա: Նրա խոսքով, ատոմակայանի կառուցումը տեխնոլոգիապես հնարավոր է, բայց կա էլեկտրաէներգիայի վաճառքի հարցը, որպեսզի ներդրումը հետ գա: Իսկ այդ առումով, ըստ Կոմարովի, ներկայում նոր ատոմակայանի կառուցման տնտեսական հիմք չկա, չկան էլեկտրաէներգիայի արտահանման ուղղություններ:

 

Հայաստանում նոր ատոմակայանի շինարարության մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է արդեն հեռավոր 2008 թականի հոկտեմբերին, ԱԺ ամիբոինից իր առաջին ու վերջին ուղերձում: Դրանից հետո մեկ էլ շոշափելի զարգացում եղել է այն, որ Ռոսատոմը Հայաստանի կառավարության հետ կնքել է մի համաձայնագիր, որով ատոմակայանի շինարարության իրավունքը գործնականում ստացել է ռուսական ընկերությունը: Իրավունքը ստացել է, բայց հայտարարել է, որ կֆինանսավորի միայն 20 տոկոսը կամ մոտ 1 միլիարդ դոլար, իսկ պահանջվող մոտավորապես մնացյալ 4 միլիարդը պետք է գտնի Հայաստանը:

 

Իսկ ո՞վ կտա Հայաստանին չորս միլիարդ դոլար, եթե Հայաստանը կառուցման իրավունքը արդեն տվել է Ռուսաստանին: Հայաստանը հազիվ թե գտնի հիմարներ: Փոխարենն ինքն է հայտնվել հիմար վիճակում:

 

Նոր ատոմակայանը Հայաստանի համար ունի ոչ միայն տնտեսական, այլ գործնականում նույնիսկ ռազմա-քաղաքական նշանակություն: Հայաստանի գործող ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվում է եւս տասը տարով, բայց աներկբա է, որ դա չի կարող լինել հավերժ: Հայաստանը պետք է կառուցի արդիական ատոմակայան: Ընդ որում, կասկածից վեր է, որ կարեւոր քաղաքական գործոն է դրա կառուցման ընթացքն ինքնին, դրա շուրջ բանակցային շփումներն անգամ: Բայց, դա փաստորեն արդեն իսկ սահմանափակվել է Ռոսատոմի կամ պարզապես Ռուսաստանի կամքի շրջանակում:

 

Ռուսաստանի համար դա իհարկե տնտեսական մի նախագիծ է եւ լիովին հասկանալի է, որ Մոսկվան որեւէ լուրջ ֆինանսական ներդրում չի անի Հայաստանում ատոմակայան կառուցելու համար: Դա Ռուսաստանի ինչի՞ն է պետք: Ռուսաստանին պետք է, որ Հայաստանը հանկարծ որեւէ այլ պետության հետ չիրականացնի այդ ծրագիրը: Այդքանը; Եվ այդ հարցը կարծեք թե Մոսկվան լուծել է:

 

Մնացյալը արդեն Գազպրոմի հարցերն են, որը պետք է գազ վաճառի Հայաստանին: Երբ Կիրիլ Կոմարովը հայտարարում է, թե Հայաստանում չկա ատոմակայանի տնտեսական հիմք, նա ընդամենը ներկայացնում է Գազպրոմի շահը: Որովհետեւ Հայաստանում ատոմակայանի տնտեսական հիմք կա, պարզապես դա նշանակում է, որ Հայաստանում պետք է սահմանափակվի գազով արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը, ընդ որում էլեկտրաէներգիայի ամենաթանկ տեսակի ծավալը: Հայաստանն իհարկե էլեկտրաէներգիայի արտահանման մեծ շուկա չունի, բայց Հայաստանի ներքին շուկան բավական է, որպեսզի ատոմակայանը չունենա էլեկտրաէներգիայի սպառման խնդիր:

 

 

Իսկ դա նշանակում է, որ կնվազեն Գազպրոմի հայաստանյան եկամուտները: Մինչդեռ նոր, արդիական ատոմակայանը կմեծացնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, կախվածությունը ներկրվող գազից: Այստեղ իրավիճակը բավական պարզ է, եւ հստակ են թե տնտեսական, թե անվտանգային շահերը:

 

Բայց Հայաստանի իշխանությունը ենթակա է գազպրոմյան շահերին: Հակառակ դեպքում հայկական նոր ատոմակայանի կառուցման հարցը չէր դրվի ռուսական իրավասության ներքո եւ այդպիսով չէր սահմանափակվի Հայաստանի ճկունության հնարավորությունը:

 

Ինչ խոսք, բացառված չէ, որ Հայաստանը դիմել է այլ երկրների, բայց չի ստացել բավարար արձագանք, չի տեսել բավարար հետաքրքրություն, թեեւ այդ առումով օրինակ հատկանշական էր 2011 թվականին Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի այցը Հայաստան եւ հայտարարությունը, թե Ֆրանսիան առաջիկայում աշխատանքային խումբ կգործուղի Հայաստան, որպեսզի քննարկի նոր ատոմակայանի կառուցման հարցում Ֆրանսիայի մասնակցության հեռանկարը:

 

Այդպես էլ հստակ չեղավ, թե արդյոք դա քննարկվեց: Թե՞ Ռուսաստանը միջամտեց, ու Ֆրանսիան ստիպված էր թողնել իր մտադրությունը: Կամ գուցե իհարկե իրավիճակը փոխվեց Ֆրանսիայում սոցիալիստների իշխանության գալուց հետո, մի քանի ամի անց, եւ նոր նախագահ Օլանդը այլ կերպ մոտեցավ Հայաստանի ատոմակայանի կառուցմանը Ֆրանսիայի մասնակցության հարցին, դա համարելով անկարեւոր:

 

Հարցերն իհարկե շատ են, իրավիճակն անկասկած բարդ, սակայն միարժեք է մի բան, որ Հայաստանի իշխանությունը կարեւոր ռազմա-քաղաքական եւ տնտեսական նշանակություն ունեցող գաղափարը մի քանի տարի առաջ դրել է մի սուբյեկտի իրավասության կամ ենթակայության տակ, որը Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման գործում իր շահագրգիռ չլինելու աստիճանով կարող է զիջել միայն Թուրքիային ու Ադրբեջանին: Եթե իհարկե չլինի նույնիսկ հակառակ պատկերը:

lragir.am

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play