Վերադառնալով ռուս-թուրքական հարաբերություններում հայերի պատանդային կարգավիճակին, ապա կարծում եմ այո, մենք դաս չենք առել. Հրանուշ Խառատյան


Վերադառնալով ռուս-թուրքական հարաբերություններում հայերի պատանդային կարգավիճակին, ապա կարծում եմ այո, մենք դաս չենք առել. Հրանուշ Խառատյան

  • 24-04-2016 13:48:21   | Հայաստան  |  Քաղաքական

 

Տիկին Խառատյան,  ինչո՞ւ տեղի ունեցավ ցեղասպանությունև արդյոք մենք դասեր քաղել ենք պատմությունից:

 

«Ինչո՞ւ տեղի ունեցավը» շատ խորքային է: Այսինքն՝ եթե մենք ցեղասպանությունը չդիտարկենք միայն առաջին համաշխարհային պատերազմի տարիներից սկսած և սկսենք դիտարկել Աբդուլ Համիդի շրջանը, մինչև Բեռլինի կոնգրեսը, երբ հայկական հարցը դարձավ միջազգային քաղաքական քննարկման թեմա, սրանք բոլորը ուղղակիորեն կապված են 19-րդ դարի ընդհանուր հակագաղութային և ազգային-ազատագրական պատերազմների և շարժումների հետ: Աբդուլ Համիդի իշխանության ողջ շրջանը՝  1878-1909, նրա համար  ուղեկցվել է «հայկական գլխացավանքով»: Դեռ մինչ այդ ահռելի Օսմանյան կայսրության ծայրամասերը դարձել էին շատ պրոբլեմային, Բալկանյան թերակզու ժողովուրդների ազատագրական պայքարը պաշտպանելու պատրվակով տեղի ունեցած հերթական ռուս-թուրքական 1877-1878-ի պատերազմն ավարտվել էր ռուսների լիակատար հաղթանակով և 1878-ի հայտնի Սան-Ստեֆանոյի խաղաղության պայմանագրով, որի 19-րդ հոդվածով Ռուսաստանն իրեն միացրեց Կարս, Բայազետ, Ալաշկերտ քաղաքներն իրենց շրջաններով: Բայց ռուսական զորքը Էրզրում էր հասել և համաձայնվել էր վերադարձնել այդ տարածքները: Հասկանալի է, որ Բալկանների նման ազատվելու հույսեր փայփայած և ռուսական առաջխաղացմանը մեծ համակրանք ցուցաբերած հայերին, ովքեր մնում էին Թուրքիայի կազմում, ծանր ճակատագիր էր սպասվում: Սան Ստեֆանոյի ռուս-թուրքական պայմանագրի 16-րդ հոդվածով մասնավոր պայման էր դրվել, որ «ռուսական զորքերի զբաղեցրած Հայաստանի տարածքներում, որոնք պետք է վերադարձվեն Թուրքիային, կարող են ծագել խժդժություններ եւ բախումներ, հետեւաբար Բարձր դուռը պարտավորվում է անմիջապես բարեփոխումներ անցկացնել եւ ապահովել հայերի անվտանգությունը չերքեզների եւ քրդերի հարձակումներից»: «Հայաստան» անվան օգտագործումն այս փաստաթղթում  տարօրինակ չպետք է թվա, այն տարիների Թուրքիայի համար մինչև Էրզրում տարածքը Հայաստան էր, Թուրքիան ներկայացնող քարտեզներում Արևմտյան Հայաստանի տարածքի վրա գրվում էր «Էրմանիստան»:

 

Ռուսաստանի հաղթանակներն և Սան Ստեֆանոյի պայմանագիրն անցանկալի էին Եվրոպայի այդ շրջանի կարևոր դերակատարներին՝ Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի կայսրություններին, և նրանց ջանքերով Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու նպատակով նույն տարին տեղի ունեցավ Բեռլինի կոնգրեսը: Քննարկվող հարցերից մեկը Արևմտյան Հայաստանի հարցն էր, որը ձևակերպվեց որպես «Հայկական հարց»: Հունգարական կողմն առաջարկում է օրակարգ մտցնել Հայաստանի ինքնավարության ծրագիրը: Ցարական Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Գորչակովը առարկում և վետո է դնում այդ հարցն օրակարգում ներառելու վրա, ասելով, թե հայերն անկախություն չեն ուզում: Բեռլինի կոնգրեսի աշխատանքների մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ է առաջարկվում օրակարգ մտցնել Հայաստանի ինքնավարության հարցը, այս անգամ է Անգիայի ներկայացուցիչ Սոլսբերիի կողմից:  Ռուսական պատվիրակությունը, այս անգամ ի դեմս Պյոտր Շուվալովի, կրկին վետո է դնում այդ հարցն օրակարգ մտցնելուն: Սոլսբերին առաջարկում է ընդունել «Հայկական մարզերում», «Հայաբնակ վայրերում» բարեփոխումներ անելու ծրագիրը: Ինչպես տեսնում ենք, «Հայաստան» բառը փոխարինվում է «Հայկական մարզերով», «Հայաբնակ վայրերով», իսկ Աբդուլ Համիդը ժառանգություն ստացավ «Հայկական հարցը»: Պետք է ենթադրել, որ այս մարդն Օսմանյան կայսրության զգալի տարածքների կորուստից հետո մեծ ատելություն ուներ հայերի և «հայկական հարցի» նկատմամբ, որը դիտում էր որպես իր կայսրության ներքին գործերը վերահսկելու եվրոպական հնարավորություն: Սուլթանի ողջ «գահակալությունը» հայերի դեմ պայքար էր՝ հատուկ այդ նպատակով ստեղծված «համիդիե ջոկատներից» մինչև Արևմտյան Հայաստանի տարածքում տնօրինող քրդական ցեղախմբերի արտոնությունները՝ ջարդեր, կոտորածներ, ճնշումներ, հալածանքներ:

 

Օսմանյան կայսրության համար հեշտ շրջան չէր: Եվրոպայում ընթանում էր «ազգային արդիականացում», «ազգային պետությունների» ձևավորումներ, իսկ Օսմանյան կայսրությունը «ազգ» չուներ: Այն միլլեթների՝ կրոնական հավաքականությունների վրա կառուցված ահռելի տարածք էր, որտեղ կային հպատակներ՝ հստակ էթնիկական ինքնություններով ազգեր՝ ժողովուրդներ, իսկ իշխողներն անորոշ տերմինով «օսմաններն» էին՝ թրքախոսներ, հայեր, հրեաներ, սերբեր… Իշխողները «օսմաններ» էին, բայց «օսմանները» էթնիկ միավոր չէին, ազգ չէին և նույնիսկ քաղաքացի չէին: Հասունանում էր ինքնության «թրքության» գաղափարը, բայց «թուրք»-ը դեռևս հասկանալի չէր ինչ է, բացի այդ՝ մի կողմից դեռևս նեգատիվ ընկալում ուներ, մյուս կողմից՝ քանակ չէր կազմում: Եթե Օսմանյան կայսրության այս շփոթ իրավիճակում դիտարկենք միայն նրա արևելյան տարածքը՝ Արևմտյան Հայաստանը, այստեղ առհասարակ համարյա «թուրք» չկար, թրքախոսություն չկար, կային նախ և առաջ հայեր, ապա՝ քրմանջախոս սուննիներ՝ ապագա քրդերը, մասամբ՝ ալեվիներ, չերքեզներ: Ընդ որում, կազմակերպված միակ միավորը հայերն էին՝ պատրիարքարան, եկեղեցիներ, դպրոցներ, թերթեր, ազգային կառույցներ և այլն, պարբերաբար կատարվում էր «մարդահամար»՝ եկեղեցիները պատրիարքարանին տրամադրում էին իրենց ծխերի թվերը: Իսկ հարևանությամբ՝ մի դարի ընթացքում երեք պատերազմներում Օսմանյան կայսրությանը հաղթած և զգալի տարածքներ տարած Ռուսաստանը, որի մաս էր կազմում արևմտահայությանը կից Արևելյան Հայաստանը: Աբդուլ Համիդի համար Արևմտյան Հայաստանը և հայերի կազմակերպված առկայությունը պետք է որ մղձավանջ լիներ: 1895-96 թթ. հայկական ջարդերը հայերին, իհարկե, վախեցրին, բայց միաժամանակ խթանեցին նրանց ինքնապաշտպանական քայլերը: Հիմա արդեն թուրքական ճնշումներին փոխարինել էր ֆիզիկական ոչնչացումը: Հայերն ի վերջո սկսեցին դիմադրել, նրանց ինքնապաշտպանությունն ընդունում էր պարտիզանական ձևեր:

 

Քսաներորդ դարասկիզբը վճռորոշ շրջան էր: Թուրքական ինքնությունն սկսում էր ձևավորվել և «օսմանյան թրքությունը» «թուրքական դաշնակիցներ» էր փնտրում: Ամենից մոտը կովկասյան թուրքերն էին՝ ետնագույն ադրբեջանցիները: 1905-06 թթ. հայ-թաթարական (թուրքական) ընդհարումները Կովկասում Օսմանյան կայսրության համար հիանալի առիթ էին՝ վերաիմաստավորելու իրենց ինքնությունը: Երիտթուրքերն արդեն իրենց պետության ազգային մոդեռնացման հեռանկարը թրքության վրա էին կառուցում, այն, ինչ քիչ հետո վերջնականապես պիտի ընդուներ և մեծ ջանքերով զգալի չափով կառուցեր Մուստաֆա Քեմալը, հետագայում՝ քեմալականները: Բայց մինչ այդ երիտթուրքերը դեռ պիտի վերացնեին «օսմանյան թրքության» և «կովկասյան թրքության» բաժանարար հայերին: Մի կողմից՝ ազատվելու «Հայկական հարցից», մյուս կողմից՝ միավորելու թրքության մի հարաբերականորեն խոշոր հատված: Եվ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո հայերի նկատմամբ վերաբերմունքը քաղաքական ձևակերպում ստացավ՝ ոչնչացնել: Պատերազմի հակառակորդներից մեկը Ռուսաստանն էր, և դա հարմար առիթ էր հայերին ռուսական համակրանքներում մեղադրելու: Հարմար առիթ էր նաև այն, որ դաշնակից Գերմանիան ոչ միայն դեմ չէր, այլև օգնում էր գաղափարապես և կազմակերպչորեն: Վստահ չեմ, որ հայերի բնաջնջման գործընթացը դիտվում էր նաև թրքության ինքնության կառուցման ճարտարապետության գործոն, բայց այն անկասկած այդպիսի դեր խաղացել է, իսկ հետագայում լայնածավալ օգտագործվել որպես գործիք: Կարծում եմ կարող ենք ասել, որ թրքության ինքնության հենասյուներից մեկը «թրքությանը թշնամի հայի» գաղափարն էր:

 

Բրեստ - Լիտովսկի պայմանագրից հետո թուրքական կանոնավոր բանակը հեշտությամբառանց  ջանքերի մեկը մյուսի հետևից մտնում էր ռուսական զորքերի թողած բնակավայրերը:

 

Այո, դա հենց թուրքերի միավորման ծրագրի շրջանակներում էր: Քանի դեռ պատերազմում Ռուսաստանը հաղթող էր՝ Կովկասի թուրքերը զուսպ էին: Բայց բոլշևիկյան հեղափոխությունից և պատերազմից Ռուսաստանի միակողմանի դուրս գալուց հետո ստեղծված փաստացի անկառավարելի իրավիճակում Կովկասը բաց էր օսմանյան թուրքերի առաջ: Բրեստ-Լիտովսկի խայտառակ անունն ստացած պայմանագրով Ռուսաստանը Թուրքիային էր հանձնել մինչև պատերազմը իր տարածքները հանդիսացող «Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերը»։ Հիմա ծաղր է թվում, բայց նոր բոլշևիկացված Ռուսաստանը Բրեստ-Լիտովսկից առաջ ընդունել էր «Դեկրետ Թուրքահայաստանի մասին»: Խորհրդային Ռուսաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի կողմից 1917-ի դեկտեմբերի 29-ին (1918 թվականի հունվարի 11) ընդունված սույն Դեկրետը Խորհրդային պատմագրության մեջ  սովորաբար անվանել են «Արևմտյան Հայաստանի ինքնորոշման վերաբերյալ օրենք»: Լենին-Ստալին զույգի կողմից ստորագրված սույն դեկրետը հաստատվել է 1918 թ. հունվարի 15(28)-ին, Խորհուրդների համառուսաստանյան 3-րդ համագումարում։ Դեկրետով Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պաշտպանում էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերի գրաված «Թուրքահայաստանի» հայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն, տարբեր երկրներում ցրված հայ գաղթականության, վտարանդի հայերի, պատերազմի ընթացքում թուրքական իշխանությունների կողմից բռնի կերպով Թուրքիայի խորքերն արտաքսված հայերի անարգել վերադարձը «Թուրքահայաստան» և վերջինիս ժամանակավոր ժողովրդական կառավարչության կազմակերպումը՝ հայ ժողովրդի դեմոկրատական հիմունքներով ընտրված դեպուտատների խորհրդի ձնով։

 

 

Եկեք մի պահ պատերացնենք, թե ինչպե՞ս պիտի ցեղասպանությունից փրկված և փախստական, կամ՝ դեռևս լեռներում թաքնվող անօգնական թուրքահայերը, ռուսական զորքերը Արևմտյան Հայաստանի տարածքից դուրս հանելուց հետո, վերադառնային հայրենիք, ընտրություններ կազմակերպեին և ինքնորոշվեին… Դեկրետն առաջարկում էր հայկական ժողովրդական միլիցիայի անհապաղ կազմակերպում՝ բնակիչների անձնական և գույքային անվտանգությունը ապահովելու նպատակով: Նույնիսկ բոլշևիկյան անսանձ երևակայության հաշվառումով դժվար է պատկերացնել, թե ինչով էին մտածում աշխարհի մի ահռելի տարածք թշվառության մատնած այս անպատասխանատու մարդիկ: Պարզապես թու՞ղթ էին ստորագրում: Հրամայում եմ, հայեր, գնացեք և ինքնակազմակերպվեք: Երեսպաշտության այս մակարդակը դժվար է պատկերացնել: Ի դեպ, այսօր ռուսական արքունիքի ծաղրածուի հանրային դերը կատարող Ժիրինովսկին մոտավորապես հենց այսպիսի մի բան էր ասում, երբ աշխարհով մեկ հայտարարում էր, որ շուտով թուրքերի հերն անիծելու են հայերի ձեռքով: Դժվար է պատկերացնել, թե անօգնական վիճակում հայտնված փախստական հայ ժողովրդի թշնամուն լրացուցիչ գրգռելու էլ ի՞նչ տարբերակներ կային դարակներում: Զարմանալի չէ, որ սույն բարձրագոչ դեկրետն ընդունելուց երկու ամիս հետո, 1918-ի մարտի 3-ին Բրեստ Լիտովսկում կնքված հաշտության պայմանագրով բոլշևիկյան Ռուսաստանը Թուրքիային է զիջում ոչ միայն «Թուրքահայաստանը», այլև  «Ռուսահայաստանի» զգալի մասը, պարտավորվում է Անդրկովկասում մեկ դիվիզիայից ավել զորք չունենալ, ինչպես նաև ցրել հայերից բաղկացած ռազմական միավորումները և հակաթուրքական  քարոզչություն վարող հայկական կազմակերպությունները, ինչը տվյալ դեպքում նշանակում էր թույլ չտալ ռազմական գործողությունները վերսկսած թուրքական կանոնավոր բանակի դեմ զինված դիմադրության կազմակերպումը: Սա արևմտահայերի ցեղասպանական աղետից հետո նույն ցեղասպանության շարունակությունը Արևելյան Հայաստանի տարածք տեղափոխելու լայն բացվող դուռ էր, որով իսկապես թուրքական կանոնավոր բանակը շուտով հեշտությամբ անցավ Կովկաս:

 

Չհիշեցնեմ դրան հաջորդած հայտնի դեպքերը՝ Սարդարապատի ճակատամարտը, Ելիզավետպոլի և Բաքվի նահանգների հայերի ջարդերը, Բաքվի հայերի սեպտեմբերյան կոտորածը, Լենին-Քեմալ եղբայրացումը, Թուրքիան ազատագրող Քեմալի և քեմալականների «բոլշևիկացումը», հայ-թուրքական պատերազմը և բոլշևիկյան Ռուսաստանի օգնությունը «բոլշևիկացած» թուրքերին, որի արդյունքում՝ Արևելյան Հայաստանի անդամահատում, բայց ավելացնեմ, որ սա օսմանյան և կովկասյան թուրքերի միավորման և իրենց ինքնությունները փնտրող երկու թրքախոս միավորների համատեղման սկիզբն էր: Այն, ինչի վրա Մուստաֆա Քեմալը պետք է կառուցեր իր ժողովրդին: Էթնիկ միավորի ոչ թե ձևավորման, այլ կառուցման խնդիրներով զբաղվողների համար հիանալի օրինակ: Մեծ հաշվով սա բուն նացիզմն է՝ նացիոնի՝ ազգի կառուցումը այլոց ոչնչացման հաշվին: Սրա վրա է հետագայում զարգացել ֆաշիզմը: Հիտլերի ուսուցիչը Մուստաֆա Քեմալն էր, նա ինքն է բազմիցս հրապարակավ ասել այդ մասին: Եվ ոչ միայն «ով է հիմա հիշում հայերի մասին» ֆրազով, այլև շատ ուղղակի՝ հիանալով Քեմալի՝ ոչնչի առաջ կանգ չառնող «ազգաստեղծման» ջանքերով: Այդ մասին գրում է վերլուծաբան Շտեֆան Իհրիգը: Բայց եթե թողնենք էթնոկառուցման տեսության խնդիրները և վերադառնանք հայերի Ցեղասպանության հարցին, ապա կարող ենք հաստատել, որ Բրեստ-Լիտովսկից հետո Ցեղասպանությունը տեղափոխվեց նաև Կովկաս և ա՛յս տարածում շարունակվեց մինչև 1921-ի գարուն՝ նաև արդեն խորհրդայնացված Հայաստանի շրջանում:

 

Այսինքն՝ ռուսթուրքական հարաբերությունները միշտ եղել են ի վնաս Հայաստանիսակայն ռուսթուրքական հարաբերությունների վատթարամամբոչ էլ մերձեցմամբպետք չի ուրախանալորովհետև Ռուսաստանը հանուն իր շահի կարող է զոհե՞լ Հայաստանը:

 

Ես այդպիսի ընդհանրացում չէի անի: Օրինակ, 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի ավարտը ես կորակեի հայերի համար դրական լուծում: Երեսուն տարով Հայաստանի մի զգալի հատված ազատվեց թուրքական ծանր ճնշումներից և իր ժամանակի համար մեծ զարգացում ապրեց: Ռուս-թուրքական հարաբերությունները բազմադեմ են, և միշտ չէ, որ հայերն այդտեղ դերակատար են: Ռուս-թուրքական մի շարք գործարքներ, առճակատումներ, եղբայրացումներ առհասարակ շրջանցել են հայերին: Ընդ որում, կոնկրետ Հայոց ցեղասպանության հարցում դերակատարները եղել են ոչ միայն Թուրքիան և Ռուսաստանը: Վերը հպանցիկ հիշեցինք Գերմանիային, համարյա չի ուսումնասիրված բրիտանական ներդրումը, շատ քիչ է քննարկվում ֆրանսիական դավաճանությունը Կիլիկիայում և կիլիկիահայերի երկրորդ ջարդը Մուստաֆա Քեմալի բանակի կողմից: «Մուսա լեռան» հայերի փրկությունը երախտագիտությամբ հիշում ենք, բայց նրանց տարհանումը Թուրքիային Ալեքսանդրեթի սանջակի հանձնումով՝ ամոթխածորեն շրջանցում: Անշուշտ, Հայոց ցեղասպանության մասին ուսումնասիրություններում վաղուց անհրաժեշտ է վերլուծել նաև Ռուսաստանի մեղսակցությունը, առնվազն՝ 1919-23-ի շրջանում: Չեմ ուզում ասել, որ Ռուսաստանը միացած էր Ցեղասպանական ծրագրին, բայց հրապարակի վրա փաստաթղթեր կան, որոնք վկայում են, որ շատ լավ իմանալով և հասկանալով թուրքական ցեղասպանական գործողությունները՝ Խորհրդային Ռուսաստանը նպաստել է դրանց: Նպաստել է հանցագործությանը: Հանցագործին հանցագործություն անելիս գիտակցված նպաստելը հանցագործությու՞ն է: Առհասարակ որոշ խնդիրներ պետք է քննարկել ոչ միայն այս կամ այն կողմի դիպվածային շահերի տեսանկյունից, այլ ավելի մեծ հորիզոնում:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, կարծում եմ կարող ենք միայն ասել, որ «Ռուսաստանի շահեր» տարողունակ և ոչ միշտ ընկալելի արտահայտությունն իր մեջ թաքցնում է Ռուսաստանի բոլոր հպատակներին, այդ թվում՝ ռուսներին զոհաբերելու բազմաթիվ վկայություններ: Չեմ կարծում, որ հայերը և Հայաստանը թիրախավորված են: Այդ երկրի պատժիչ պոտենցիալը շատ մեծ է: Ահռելի կայսրություն է, իրենց հայրենքիներով յուրացված բազմաթիվ ժողովուրդներով, լեզուներով, թաքուն ու բացահայտ ծրագրերով, վատ կազմակերպված մեծ հավակնություններով, ժամանակին՝ բարձր գիտական պոտենցիալով, հսկայական ռազմական կարողություններով: Բավական է ասել, որ միայն ստալինիզմի շրջանում ԽՍՀՄ-ում էթնիկ դեպորտացիաների են ենթարկվել 56 ժողովուրդ: Այդ թվում՝ հայեր Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և Հյուսիսային Կովկասից: Պատժվել են «հայ», «չեչեն», «կալմիկ», «մոլդովացի», «ուկրաինացի» լինելու համար: Նաև այս կերպ էր լուծվում ազգային հարցը: Այս ամենի մասին այնքան ծանր նյութեր կան, մարդ ամաչում է դրանք կարդալիս: Անհավատալի է թվում, որ դրանք մարդն է արել՝ անկախ իր ազգային պատկանելությունից: Վերջ ի վերջո, Հայաստանում ստալինիզմն իրականացնողները հայեր էին: Անմարդկային, դաժան… Քաղաքական ծրագիրը հայերինը չէր, բայց գործիքը հայերն էին: Ուշագրավ է, որ երեք տոտալիտար համակարգերը՝ ֆաշիզմ, քեմալիզմ ստալինիզմ, բազմաթիվ հարցեր նույն կերպ են լուծել: Միայն ֆաշիզմն է դատական ճանապարհով դատապարտվել: Քեմալիզմի մասին համարյա չի խոսվում:

 

Վերադառնալով ռուս-թուրքական հարաբերություններում հայերի պատանդային կարգավիճակին, ապա կարծում եմ այո, մենք դաս չենք առել: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ էլ բազմաթիվ հայ մտավորականներ մտավախություններ ունեին ռուսական խոստումներից, թեժ քննարկումներ էին գնում, բերվում էին նախորդ փորձի օրինակներ… Եղավ այն, ինչ եղավ: 1918-20-ի Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստան չընտրեց, այլ ճանապարհներ էր փնտրում: Սա փորձից ստացած դա՞ս էր: Կարծում եմ դա նույնպես կար, բայց դա նրան չփրկեց: Չփրկեց, ի թիվս այլոց, նաև այն պատճառով, որ չկարողացավ իրավական երկիր դառնալ: Թե ժամանակն էր քիչ, թե փորձ չկար, թե «առավ-փախավ»-ի ժամանակներ էին: Մենք այնքան երկար էինք ապրել որպես հպատակ, որ երկու տարվա երկիրը մեզ չէր կարող հպատակից քաղաքացի դարձնել:

Առհասարակ, եթե խոսում ենք փորձի և դասի մասին, խորապես համոզված եմ, որ մեր դասը մեկը պետք է լինի՝ փորձ քիչ ունենք, բայց այլոց փորձից դաս առնելով՝ մենք պետք է հարգենք օրենքը և մեր քաղաքացուն: Առաջին հերթին՝ իշխանությունը: Հարգված քաղաքացին, ով կարող է իրավունքի պաշտպանությամբ իրացվել, հզոր ուժ է, արժանապատիվ մարդ է, հպատակ չէ: Երբ իրավունքն օգտագործվում է պատժի համար՝ այդ իրավունքից փախչում են, երբ իրավունքն օգտագործվում է քաղաքացու պաշտպանության համար, քաղաքացին դառնում է իրավունքի, երկրի պաշտպան: Բայց, ցավոք, հիմա էլ «առավ-փախավ»-ի ժամանակներ են: Եթե մենք սա՛ չենք կարգավորում, ինչպե՞ս կարող ենք կարգավորել ռուս-թուրքական հարաբերություններից քաղած դասը: - See more at: http://www.lragir.am/index/arm/0/interview/view/131694#sthash.yCx65q27.dpuf

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play