ՀՀ Ազգային ժողովը և Հերմինե Նաղդալյանի պաշտոնանկությունը. Մեկնաբան


ՀՀ Ազգային ժողովը և Հերմինե Նաղդալյանի պաշտոնանկությունը. Մեկնաբան

  • 27-04-2016 14:35:54   | Հայաստան  |  Վերլուծություն

«Բայց և այնպես` մենք ասում ենք, որ գնում ենք փոխզիջման։ ... Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ կլինի հանրաքվե, կընդունվի կարգավիճակի մասին որոշում, աշխարհը կընդունի ԼՂ անկախությունը, մենք էն հողերը, որոնց վրա այդ իրավունք չունենք, մենք էդ հողերը չենք ուզում․․․»:
Սա մեջբերում է լրագրողների հետ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի զրույցից: Հերմինե Նաղդալյանի հայտարարությունը շատերը գնահատել են որպես ադրբեջանական տեսակետի «ադապտացիա», Ադրբեջանի շահերի սպասարկում:
 
Սույն տիկինը ղեկավարում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը: ԵԽԽՎ-ում այս տարվա հունվարին ընդունվեց Արցախի Սարսանգի ջրամբարի մասին խայտառակ բանաձեւը, որը ոչ այլ ինչ էր, քան քարտ-բլանշ Ադրբեջանին՝ հարձակում սկսելու Արցախի դեմ:
Իսկ ԵԽԽՎ ապրիլի նստաշրջանում, որը հաջորդեց քառօրյա պատերազմին, Հերմինե Նաղդալյանն իր ելույթը նվիրեց Թուրքիային: Այստեղ կա մի նրբություն՝ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը փորձում է գեներացնել թուրքական թեման՝ իր պատասխանատվության սլաքներն այդտեղ ուղղելու եւ Հայաստանում իր դեմքը փրկելու համար:
Թուրքիան իհարկե առիթը տվել է՝ պատերազմի օրերին լիակատար աջակցություն է հայտնել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին օգնում է ինստրուկտորներով: Սակայն քաղաքականապես միայն տկարամիտը կամ գործակալը կարող էր պնդել, թե ադրբեջանական հարձակումը նախաձեռնվել էր Թուրքիայից: Մանավանդ որ, պատերազմի օրերին եւ հետագայում շատ բան բացահայտվեց ռուս-ադրբեջանական ծրագրերի վերաբերյալ: Ընդ որում, այդ բացահայտումներն արեց հենց Հերմինե Նաղդալյանի ղեկավարությունը:
Այստեղ արժե նշել, որ Թուրքիան գոնե իրեն պահել է որպես լուրջ պետություն՝ իր աջակցությունն է հայտնել իր կրտսեր եղբորն ու դաշնակցին: Իսկ ի՞նչ է արել Ռուսաստանն իր դաշնակից Հայաստանի հանդեպ: Նա զինել է իր դաշնակցի թշնամուն, եւ հայերին ստիպել կանգնեցնել հակագրոհը հենց այն պահին, երբ ադրբեջանական բանակը եւ սահմանամերձ ադրբեջանական բնակչությունը խուճապի են մատնվել ու փախուստի դիմել:
ԵԽԽՎ վերջին նստաշրջանում կատարվում էր աննախադեպ մի բան՝ տասնյակ եվրապատգամավորներ խոսում էին ԼՂՀ անկախության ճանաչման մասին: Կարծես թե, վերջին իրադարձություններից հետո, հայկական կողմի համար այս թեման պետք է լիներ առաջնայինը՝ որպես լուրջ ու քաղաքական մեծ պոտենցիալ ունեցող կռվան: Բայց այդ թեման ձեռնտու չէ Ռուսաստանին, որը բազմիցս հայտարարել է ԼՂՀ ճանաչման անթույլատրելիության մասին, ու Ադրբեջանին:
Փաստացի, ստացվում է, որ ՀՀ ԱԺ փոխնախագահը եւ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը զբաղված է նվազագույնը ոչ Հայաստանի շահերի սպասարկմամբ:
Այստեղ արժե նկատի առնել նաեւ մամուլում հրապարակված տեղեկությունները, որ նրա որդին սովորում ու ծառայում է ռուսական ՖՍԲ-ում, եւ պատկերն ամբողջանում է: Ի դեպ, վերջերս ռուս քաղաքագետներից մեկը բացահայտել էր, որ Մոսկվան Հայաստանում այնքան զարգացած ցանց ունի, որ կարող է արդեն գործել նաեւ առանց առաջին դեմքերի, օգտագործելով տարբեր օղակների ավելի ցածր պաշտոնյաներին տարբեր ատյաններում: Քառօրյա պատերազմի իրողություններն ապացուցում են այս պնդումները:
Եվ ամենակարեւորը՝ ո՞վ է ընդհանրապես Հերմինե Նաղդալյանը, որ խոսում է հողի իրավունքի մասին: Մինչ հայ ժողովուրդն իր զավակների կյանքի գնով ապահովում է Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, ինքնիշխանությունն ու արժանապատվությունը, նա կրկնում է ադրբեջանական թեզը հողի իրավունքի մասին: Այդ ե՞րբ ու ինչպե՞ս են նրանք այդ իրավունքը ստացել: Ո՞ւմ շնորհիվ: Այլ երկրում նման պաշտոնյան ոչ միայն անմիջապես պաշտոնանկ կլիներ, այլեւ պատասխանատվության կենթարկվեր ամենածանր մեղադրանքով:
Այնպես որ, եթե ՀՀ Ազգային ժողովը չի բարձրացնում ԱԺ սույն փոխնախագահի պաշտոնանկության հարցը, ուրեմն Ազգային ժողովն էլ է Հերմինե Նաղդալյան:
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն