Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանին խաբել են


Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանին խաբել են

  • 27-04-2016 16:18:58   | Հայաստան  |  Վերլուծություն

 «Ժողովուրդ»-ն այս տարվա փետրվարի 19-ին գրել էր, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարությունում եւ արդեն աղմկալի բացահայտումներ է արել:
 
Եվ երեկ Սերժ Սարգսյանի կողմից 3 գեներալ-մայորի աշխատանքից ազատելը նշված ստուգումների եւ ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքն էր: Սակայն ազատումներն այսքանով չեն ավարտվելու: Դեռեւս երկու ամիս առաջ անդրադառնալով ՊՆ-ում արձանագրված հափշտակությունների դեպքերին՝ նկատել էինք, որ նրանք, ովքեր բանակից բան են գողանում, համարվում են բաշարող: Եւ այդ մթնոլորտը նոր չէ, որ ձեւավորվել է: Դեռեւս 2013-ին բանակում զինվորներին գոմեշի միս մատակարարելու հայտնի դեպքը, որը կապվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանի հետ, սակայն իշխանությունները բավարարվեցին վերջինիս միայն աշխատանքից հեռացնելով, 2014 թվականին ՀՀ ՊՆ խոշոր մատակարարներից մեկը` գործարար Աշոտ Սարգսյանը, ՊՆ-ին ապահովել էր վիդեոկոնֆերանս սրահների տեխնիկայով, եւ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից շատ բարձր գնով: Ու երբ այս առիթով փորձել էինք ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանից պարզել, թե ինչո՞ւ են մշտապես «մանր ձկները» պատժվում, նախարարը պատասախանել էր. «Մենք ենք բացահայտել այս դեպքը, մնացածը թող իրավապահները պարզեն»: Ի դեպ, նախորդ տարի՝ գարնանը, տեղեկություն ստացանք այն մասին, որ դիզվառելիքի յուրացման դեպքեր էին գրանցվել ՊՆ-ում, եւ կծիկը ԼՂՀ-ից հասնում էր մինչեւ ՊՆ՝ ընդգրկելով ընդհուպ մինչեւ հրամանատարների: Դարձյալ ոչ մի պատիժ: Այս ամենը հանգեցրեց նրան, որ Սերժ Սարգսյանը հրահանգեց իր վերահսկողական ծառայությանը, որ ՊՆ-ի կողմից հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված ընկերությունների մասով ստուգումներ իրականացնեն: Եվ, ահա, մեր այս հրապարակումից որոշ ժամանակ անց՝ 2016թ փետրվարի 22-ին, ՀՀ զինվորական դատախազի հանձնարարությամբ ՀՀ քննչական կոմիտեում սկսել էին նյութեր նախապատրաստել ՊՆ-ում հնարավոր չարաշահումները քննելու նպատակով, սակայն կարճ ժամանակ անց քրեական գործի հարուցումը մերժվեց` հանցակազմի բացակայության հիմքով: Եւ Աղվան Հովսեփյանի գործունեության արդյունքում չարաշահումներն, ըստ էության, շարունակվեցին: Չարաշահումների հետքերով Ապրիլի 2-ին ղարաբաղա- ադրբեջանական սահմանում հակառակորդի լայնածավալ գործողությունները մի շարք քննարկումների տեղիք տվեցին: Բանն այն է, որ ինչպես զինվորները, այնպես էլ նրանց հարազատները հրապարակավ հայտնեցին, որ քառօրյա պատերազմի ընթացքում մենք չէինք ունենան այդքան զոհ, եթե մեր զինվորնեը զինված լինեին համապատասխան սպառազինությամբ: Քննարկվեց նաեւ, թե ինչպես են ՊՆ-ն համապատասխան պաշտոնյաները տարիների ընթացքում ահռելի կալվածքների տեր դարձել եւ ինչ ճանապարհով են նրանք հարստացել, եթե բանակը զենքի խնդիր ունի: Ու մինչ ՊՆ-ն փորձում էր վստահեցնել, որ քառօրյա պատերազմում հետախուզությունը ամեն ինչ նախօրոք իմացել է եւ լավ է գործել, դիրքերում զինվորները ոչ մի բանի կարիք չեն ունեցել եւ չունեն, բանակը ապահովված է զենքով, զինամթերքով եւ կապի արդիական միջոցներով շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Հասարակության մտահոգություններն առավել հիմնավոր դարձան, Սերժ Սարգսյանը աշխատանքից ազատեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին: Իսկ ով է Ալիկ Միրզաբեկյանը: «Ժողովուրդ»-ը պարզեց , որ վերջինս Սերժ Սարգսյանի հետ բավական մտերիմ է եղել եւ այն պաշտոնյան էր, որը պետք է զինվորներին ապահովեր համապատասխան տեխնիկայով: Ամենայն հավանականությամբ, վերջինս Սերժ Սարգսյանին վստահեցրել է, թե բանակը լավ վիճակում է, սակայն քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանին խաբել են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ալիկ Միրզաբեկյանը բավականին ակտիվ բիզնես գործարքներ է կատարել իր կնոջ` Իվետա Իսրայելյանի հետ, որը բացահայտվել է տարբեր օղակների կողմից իրականացված քննության ընթացքում: Ասել է, թե ամուսիններով միմյանց սեփական բիզնեսները «պաս» են տվել: Ի դեպ, պարզեցինք, որ Իվետա Իսրայելյանն աշխատում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում որպես պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի պետ: Ո՞վ էր հաջորդ գեներալը Երեկ պաշտոնից ազատվեցին նաեւ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ինչպես նաեւ զինված ուժերի կապի զորքերի պետ, կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը: Դեռեւս մեկ տարի առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քաղաքացի Աշոտ Սարգսյանը, որը վիդեոկոնֆերանսների սրահի սպասարկման համար հափշտակել էր շուրջ 455 հազար ԱՄՆ դոլար, ունեցել է ՊՆ-ում հզոր տանիք՝ ի դեմս ՊՆ կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանի, որն Աշոտ Սարգսյանի համերկրացին է: Սակայն կալանքի տակ է գտնվում միայն Աշոտ Սարգսյանը: Կոմիտաս Վարդանյանը նախկինում եղել է ԼՂՀ ՊԲ 9-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, որտեղ հակառակորդը ապրիլի 2-ին մարտական լուրջ գործողություններ իրականացրեց: Ասել է, թե Մուրադյանը, լինելով նախկին հրամանատար, շատ լավ գիտակցել է, թե ինչ էր անհրաժեշտ այդ օրերին զինվորներին, եւ ինչպես նրանք կարող էին կանխել հակառակորդի ցանկացած գործողությունները: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ վերոնշյալ անձինք «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում Սերժ Սարգսյանին ներկայացրել են զենքերի տեսականին՝ հպարտությամբ նշելով, թե ինչ ունենք մենք, ինչ ունի հակառակորդը, սակայն իրականում թանգարանում ներկայացված զենքերը ՊՆ զինանոցում չեն էլ եղել: Բայց արդյո՞ք 2000-2007 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը չէր գիտակցում, որ ենթակային հավատալով բանակ չեն պահում, այլ անհրաժեշտ է օրեցօր հարստացող գեներալներից արդյունք պահանջել: Եւ հիմա գեներալներին պաշտոնանկ անելով՝ խնդիրը չի լուծվի: Պետք է այդ անձանց պատասխանատվության հարցը բարձրացվի: Եւ ամենակարեւորը, այս ամենին զուգահեռ պետք է դրվի նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ նրա՝ շքեղ կենցաղ վարող կնոջ՝ Ռուզանն Խաչատրյանի ունեցվածքի հարցը: Արդյո՞ք նրանք բանակի մատակարարների հետ ոչ ավանդական հարաբերություններ չեն ունեցել: Եւ ամենակարեւորը, ՊՆ բարձրաստիճան հրամկազմը պետք է պատասխան տա մեր՝ մոտ 100 զոհերի համար. ինչո՞ւ էինք մենք անպատրաստ պատերազմին:
 
Քնար Մանուկյան 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն