ՆԼԾ-ի, փրոֆայլինգի և էնեագրամայի արտերկրյա առաջատար մասնագետներն այցելելու են Հայաստան


ՆԼԾ-ի, փրոֆայլինգի և էնեագրամայի արտերկրյա առաջատար մասնագետներն այցելելու են Հայաստան

  • 28-04-2016 12:13:28   | Հայաստան  |  Հասարակություն

 «ԱԼՎԱՐԻՈՒՄ» դասընթացային և խորհրդատվական ընկերությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչների և լրագրողների համար անցկացրեց բացառիկ վարպետության դասընթաց ժամանակակից աշխարհում լայն կիրառություն ստացած ամենաարդիական և պահանջված հոգեբանական տեխնոլոգիաների` ՆԼԾ-ի, փրոֆայլինգի և էնեագրամայի տեխնիկաների, գործիքակազմերի մասին, որոնք կիրառվում են կոնսուլտատիվ հոգեբանության մեջ, բիզնեսում, մարքեթինգային և գովազդային հաղորդակցություններում, կրթության, քաղաքական, ֆինանսական, մենեջմենթի, մասնավորապես՝ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում: 
Դասընթացի նպատակն էր՝ սույն թվականի մայիսին ՆԼԾ (NLP)-ի,  փրոֆայլինգի (PROFILING) և էնեագրամայի (ENNEAGRAMMA) արտերկրյա առաջատար մասնագետների այցին ընդառաջ լրագրողներին ծանոթացնել ժամանակակից աշխարհում բիզնես կառավարման տիրույթում իրենց տեղը հաստատած հոգեբանական տեխնոլոգիաներին: ՆԼԾ, փրոֆայլինգ և էնեագրամա տեխնիկաների, գործիքակազմերի տիրապետումը լայն հնարավորություն են ընձեռում մասնագիտական և հետաքրքրված լսարաններին տիրապետելու կյանքի և բիզնեսի հաջողության հոգեբանական տեխնոլոգիաներին: Վարպետության դասընթացը վարեց  «ԱԼՎԱՐԻՈՒՄ»  ընկերության համահիմնադիր, առաջատար բիզնես-թրեյներ, ՆԼԾ, փրոֆայլինգի, հիպնոսի և անհատական քոուչինգի մասնագետ, խորհրդատու Կարեն Վարդանյանը: 
 
Դասընթացի մասնակից լրագրողներին տրվեցին վկայականներ, ինչպես նաև վերջիններս հավատարմագրվեցին՝ ունենալով բացառիկ հնարավորություն լուսաբանել առաջատար բիզնես-թրեյներներ Ալեքսեյ Ֆիլատովի, Իրինա և Եգոր Կարոպաների մայիսի 5-9 և 12-15 Երևանում կայանալիք այցը: 
Փրոֆայլինգի և էնեագրամայի դասընթացները նախատեսված են հայաստանյան և տարածաշրջանի ինչպես մասնագիտական նեղ շրջանակների` հոգեբանների, հոգեթերապևտների, քոուչների համար, այնպես էլ՝ խոշոր և միջին բիզնեսի, առաջատար ֆինանսական կազմակերպությունների, ակադեմիական ոլորտի, հասարակական և միջազգային ընկերությունների աշխատակիցների, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների լայն շրջանակների համար:
Ալեքսեյ Ֆիլատովը  ժամանակակից ՆԼԾ ակադեմիայի և ինստիտուտի լավագույն թրեյներներից է: Ֆիլատովի մասնագիտական փորձի շնորհիվ Ստի ուսումնասիրման միջազգային ակադեմիայում նոր գիտաճյուղեր են ավելացել՝ կապված հոգեբուժության, փրոֆայլինգի մոդելների հետ: Ֆիլատովը այսօր Ստի ուսումնասիրման միջազգային ակադեմիայի պրոռեկտորն է, փրոֆայլինգի ճյուղի ղեկավարը, էքսպերտ-փրոֆայլեր է, ով հսկայական ներդրում ունի ժամանակակից փրոֆայլինգի զարգացման մեջ: Մասնագիտական հսկայական փորձը և գիտելիքները թույլ են տալիս Ալեքսեյ Ֆիլատովին ակտիվորեն զարգացնել փրոֆայլինգի կիրառական մոդելներ առավել ակտուալ ոլորտներում՝ անվտանգություն, բանակցություններ, աշխատակազմի խորհրդատվություն: 
Եգոր Կարոպան ՆԼԾ, էնեագրամայի, HR-քոուչինգի թրեյներ է, Թրեյներների միջազգային ասոցիացիայի (ICTA – (International Coach & Trainer Association) մասնագիտական անդամ, սերտիֆիկացված գեշտալտ-թերապևտ, բիզնես-թրեյներ: Եգոր Կարոպան «Աճի վեկտոր» ուսուցման և զարգացման միջազգային կենտրոնի հիմնադիրն է, ինչպես նաև կենտրոնի թրեյներ է: ICTA «Փոխակերպվող քոուչինգ», «E-NLP. ավելին, քան պարզապես ՆԼԾ» առաջատար մասնագիտական թրեյնինգների հեղինակը և վարողն է: Էնեագրամայի մի շարք կրթական ծրագրերի հեղինակ է:
Իրինա Կարոպան ՆԼԾ, HR-քոուչինգի, էնեագրամայի միջազգային որակավորում ունեցող թրեյներ է, Թրեյներների միջազգային ասոցիացիայի (ICTA – (International Coach & Trainer Association) մասնագիտական անդամ, սերտիֆիկացված գեշտալտ-թերապևտ, բիզնես-թրեյներ: Ռուսաստանի Դաշնության միակ ICTA մաստեր-թրեյներն է, ով իրավունք ունի որակավորելու էնեագրամայի թրեյներներին ICTA ստանդարտներով (շնորհել տարբեր աստիճանների վկայականներ): Իրինա Կարոպան «Աճի վեկտոր» ուսուցման և զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիրն է, ինչպես նաև հանդիսանում է էնեագրամայի մի շարք կրթական ծրագրերի համահեղինակ:
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Հասարակություն