Նախագահը հրատապ հանդիպում է անցկացրել ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ


Նախագահը հրատապ հանդիպում է անցկացրել ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ

  • 28-04-2016 14:20:26   | Հայաստան  |  Հասարակություն

«Առավոտ».  Երեկ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ լայնածավալ պատերազմի մասին Սերժ Սարգսյանը չի խոսել, բայց ասել է, որ դիրքեր ենք ետ բերել:
 
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանը: ՊԲ խոսնակը երեկ հերքել էր դիրքեր վերադարձնելու մասին լուրերը: Վազգեն Կարախանյանը տեղյակ չէ այդ հերքումից: ՀՀ ԶՈՒ շտաբում բացթողումների մասին խոսե՞լ է, թե`ոչ, Վազգեն Կարախանյանը մանրամասն չի կարողանում հիշել: Ասում է`ՊՆ-ում պաշտոնանկությունների մասին էլ նախագահը չի խոսել, բայց ասել է`մտածելու , նախապատրաստվելու բան ունենք, որ թշնամու կողմից հարձակումներն անակնկալ չլինեն, կարողանանք պատշաճ հակահարված տալ: Ապրիլյան չորսօրյա պատերազմը, պնդում է, որ անակնկալ չէր: Վազգեն Կարախանյանը չի կարող հերքել հետախուզության վարչության պետի պաշտոնանկությունը, բայց արդարացում է բերում`ԱՄՆ-ի նման հզոր համակարգերով երկիրը «սեպտեմբերի 11» ունեցավ: ՀՀԿ-ական պատգամավորը չի լսել, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է`ապրիլյան հարձակումը անակնկալ չի եղել, մեր հետախուզությունը տեղյակ է եղել: Դիտարկումը, որ Սերժ Սարգսյանն էլ հակառակն է ասում, անպատասխան մնաց: Հանդիպման ընթացքում ներքաղաքական խնդիրների մասին հպանցիկ է խոսել, պատգամավորը լավ չի հիշում: ՌԴ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունները վերանայելու մասին նախագահը խոսե՞լ է, իր կոշտ հայտարարություններին քայլեր հետեւելո՞ւ են՝ Aravot.am-ի հարցին, Վազգեն Կարախանյանն իր անունից պատասխանեց: Ինքը միշտ էլ այն կարծիքին է եղել, որ մենք իրավունք չունենք հզոր տերությունների հետ մեր հարաբերությունները վատացնենք: Մեր հստակեցմանը`խոսքը հարաբերությունները վասալայինից գործընկերային հարթություն տեղափոխելու մասին է, հակադարձեց. «Գործընկերային միշտ եղել է: Եվ եթե լսել եք նախագահի ելույթները, պարզորոշ երեւում է, որ հավասարը-հավասարի նման է գնում»: ՌԴ-ի հետ կապված Սերժ Սարգսյանը նաեւ ասել է. «Չպետք է թույլ տանք, որ դա վերածվի հակառուսական հիստերիայի»:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play