Դավիթ Լոքյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին
28-04-2016 16:29:30 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Ասիական Զարգացման բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին` մասնավորապես Կոշտ թափոնների կառավարման, Երկրորդային քաղաքների զարգացման ներդրումային ծրագրերին, ինչպես նաև Սեյսմիկ ապահովության բարելավման ծրագրին վերաբերող հարցեր: Համայնքներում առաջնային կառուցապատման աշխատանքների կազմակերպման համատեքստում կարևորվել է «Կայուն քաղաքաշինական զարգացման ներդրումային ծրագրի» իրականացումը:
Անդրադարձ է կատարվել նաև Երկրորդային քաղաքների զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ չորս համայնքների (Գյումրի, Վանաձոր, Դիլիջան և Ջերմուկ) քաղաքային զարգացման ծրագրերին: Նախարար Դավիթ Լոքյանն առաջարկել է ծրագրի մեջ ընդգրկել ևս չորս քաղաքային համայնքներ, մասնավորապես` Էջմիածին, Արտաշատ, Աշտարակ, Ստեփանավան կամ Կապան համայնքները: ԱԶԲ-ն համաձայնություն է հայտնել այդ համայնքներում ևս սկսել ուսումնասիրություններ դրամաշնորհային միջոցներով:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն