Պետությունը կփոխհատուցի Կոթի համայնքի բնակիչներին՝ բերքահավաք չիրականացնելու հետևանքով պատճառված վնասները


Պետությունը կփոխհատուցի Կոթի համայնքի բնակիչներին՝ բերքահավաք չիրականացնելու հետևանքով պատճառված վնասները

  • 28-04-2016 17:10:23   | Հայաստան  |  Տնտեսություն

Գործադիրի որոշմամբ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Տավուշի մարզպետարանին կհատկացվի  8,935.5 հազար դրամ՝ սահմանամերձ Կոթի համայնքի բնակիչներին գարու և ցորենի ցանքատարածություններում բերքահավաք չիրականացնելու հետևանքով պատճառված վնասները փոխհատուցելու նպատակով:
 
Ըստ հիմնավորման՝ 2015թ. ամռանը Կոթի համայնքում արկակոծությունների պատճառով չհնձված հացահատիկի տարածքների (27.5 հա) կրած նյութական վնասը կազմել է 11 մլն 935,5 հազ. դրամ: Նշված գումարից 3 մլն դրամը 2015թ. տարեվերջին օգնության կարգով փոխհատուցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը. այն համամասնորեն բաժանվել է բոլոր սեփականատերերին: 
Կառավարության որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Իջևանյան փողոց թիվ 8 հասցեում գտնվող մասնաշենքը, ավտոտնակն ու կաթսայատունը և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը  հետ է վերցվում Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցից և 15 տարի ժամկետով  անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին: Նպատակը՝ հիմնել ժամանակակից չափանիշներին և պահանջներին համապատասխանող լողավազան`  ՀՀ Տավուշի մարզում լող մարզաձևի զարգացման և մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման, սահմանամերձ համայնքների ազգաբնակչության սոցիալական և առողջապահական ծրագրերի աջակցման և լողի հավաքական թիմը մարզի լավագույն մարզիկներով համալրման համար: 
 
 
Կվերականգնվի Մ6 միջպետական ճանապարհի մոտ 90 կիլոմետր երկարությամբ հատվածը
 
 
Կառավարությունը հավանություն է տվել  Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016թ. հունվարի 26-ին Երևանում և հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագրին:  Ըստ հիմնավորման՝ կառավարության 2011թ. նոյեմբերի 24-ի համապատասխան որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման և վերակառուցման հայեցակարգը, որի մեծ մասը վերաբերվում է Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման  միջպետական ճանապարհի վերականգնման ծրագրին: Ծրագրին ընթացք տալու նպատակով 2013 թ.-ին Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) տրամադրել է 1 մլն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ՝ ծրագրի տեխնիկա-տնտեսական հիմնավորման, բնապահպանական ազդեցության գնահատման և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար: Նշված դրամաշնորհի ֆինանսավորմամբ ԵՆԲ-ի և իտալական «Լոտտի Ինժեներիա» կազմակերպության միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն մշակվել են ճանապարհի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը: Նախնական գնահատմամբ՝  ծրագրի համար վարկային ներդրումները կկազմեն շուրջ 102 մլն եվրո: Ծրագիրը ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ: Եվրոպական ներդրումային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև 2016թ հունվարին ստորագրվել է «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագիրը: Ծրագրի նպատակն է վերականգնել Մ6 միջպետական ճանապարհի՝ Հայաստանի կենտրոնական  հատվածում գտնվող Վանաձոր քաղաքի և Վրաստանի հյուսիսարևելյան սահմանին գտնվող Բագրատաշենի  միջև ընկած մոտ 90 կիլոմետր երկարությամբ հատվածը: Ըստ պայմանագրի՝ տրամադրվող վարկի գումարը 51 մլն եվրո է: Վարկը հատկացվելու է առավելագույնը 15 (տասնհինգ) տրանշներով: 
Գործադիրն ընդունել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2 (Բաբաջանյան-Հին Սիլիկյան) ճանապարհահատվածում առկա գույքերի և հողատարածքների նախնական ուսումնասիրման մասին որոշում: ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև 2015թ.հոկտեմբերի 13-ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2»  վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում նախատեսվում է իրականացնել Երևանի Բաբաջանյան-Հին Սիլիկյան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play