Բաց դաս խորհրդարանում


Բաց դաս խորհրդարանում

  • 28-04-2016 17:59:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 28-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Ղուկասավան համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները, ովքեր նախ ԱԺ նիստերի դահլիճում լսել են ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները, ապա մասնակցել են բաց դասի, որը վարել է Ազգային ժողովի նախագահի խորհրդական Հրայր Զորյանը:
 
Հրայր Զորյանն անդրադարձել է խորհրդարանի օրինաստեղծ գործունեությանը, մասնավորապես խոսել օրենսդրական նախաձեռնությունների՝ շրջանառության մեջ դնելու եւ դրանք քննարկելու ընթացակարգերից:
 
Այնուհետեւ ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում Հրայր Զորյանը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, Հայաստանի զարգացման հեռանկարին, ինչպես նաեւ մասնագիտության ընտրությանը: Պարոն Զորյանը խորհուրդ է տվել մասնագիտություն ընտրելիս հաշվի առնել նախասիրությունները եւ անպայման դառնալ արհեստավարժ մասնագետներ:
 
Հանդիպման ավարտին խորհրդարան այցելած աշակերտները լուսանկարվել են Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում:
 
Նշենք, որ ԱԺ տեղեկատվության վարչության պետ Մարուսյա Ասատրյանի ուղեկցությամբ աշակերտները շրջել են խորհրդարանի շենքում, ծանոթացել ԱԺ աշխատանքներին: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play