Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը եւ կից օրենսդրական փաթեթը


Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը եւ կից օրենսդրական փաթեթը

  • 28-04-2016 18:03:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են ելույթ ունենալ եւ իրենց տեսակետները հայտնել «ՀՀ ընտրական օրենսգրքի» եւ կից օրենսդրական փաթեթի վերաբերյալ:
 
Մինչ ելույթներին անցնելը՝ պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստին հետեւող Ղուկասավան համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:
 
Լեւոն Դոխոլյանը կարեւորել է ոչ այնքան օրենսգրքերի կատարյալ լինելը, որքան դրանց կիրառությունը: Ըստ նրա՝ ԸՕ նախագծում չկա դրույթ, որը կարող է կանխել ընտրակեղծիքները, բացի այդ՝ ընտրակեղծարարների համար ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսված պատիժներն էլ չափազանց մեղմ են: Նա առաջարկել է ընտրակեղծարարությունը հավասարեցնել ծանր հանցագործություններին: Կարինե Աճեմյանի գնահատմամբ՝ նախագծում առկա են այնպիսի դրույթներ, որոնք ապահովելու են ժողովրդավական չափանիշերով ընտրությունների անցկացումը: Կարինե Աճեմյանի խոսքով՝ ԸՕ-ի նախագծում այնպիսի սկզբունքներ եւ մոտեցումներ են ամրագրված, որոնք երաշխավորում են ժողովրդավարական գործընթացների շարունակակությունը մեր երկրում: Աղվան Վարդանյանը ներկայացրել է ՀՅԴ խմբակցության ներկայացրած եւ ընդունված առաջարկները: Անդրադառնալով նախագծի վերաբերյալ քննարկումներին՝ պատգամավորն անընդունելի է համարել վերջնագրերով խոսելը: Ըստ նրա՝ որեւէ օրենք ընտրակաշառքը կամ կեղծիքները չի բացառելու. արդար ընտրություն անցկացնելու համար նա առաջարկել է իր տարբերակը: Էլինար Վարդանյանի խոսքով՝ հանրային վստահություն ընտրական գործընթացների նկատմամբ չկա: Նա կարեւորել է հանրության վստահության բարձրացմանն ուղղված մեխանիզմները, որոնք, ըստ նրա, քննարկվող նախագծում չկան: Էլինար Վարդանյանի համոզմամբ՝ նախագծում քողարկված մեծամասնական ընտրակարգ է ընդգրկված, որը թույլ է տալու իրականացնել տարատեսակ ընտրակեղծիքներ: Լեւոն Մարտիրոսյանը կարեւորել է նոր ԸՕ-ի ընդունումը, խոսել 100 տոկոս համամասնական ընտրակարգի թերություններից, կուսակցությունների նկատմամբ հանրության վստահության պակասից եւ դրա պատճառներից: Ըստ նրա, ԸՕ նախագիծը դրական ազդեցություն կունենա փոքր կուսակցությունների վրա՝ նրանց միավորվելու եւ արդյունքի հասնելու տեսանկյունից: Նախագծի վերաբերյալ դրական է արտահայտվել նաեւ Մարգարիտ Եսայանը: Ըստ նրա՝ երկրի գլխավոր օրենքներից մեկը հիմնովին փոխվում է, ինչը բխում է իրականացված սահմանադրական փոփոխություններից: Տիկին Եսայանն անդրադարձել է 4+4+4 ձեւաչափով քննարկումներին եւ ցավ հայտնել, որ քննարկումները չեն ծառայել իրենց նպատակին: Նա առաջարկել է նախագծի քննարկումը շարունակել այլ ձեւաչափով: Կորյուն Նահապետյանը եւս դրական է գնահատել ԸՕ նախագիծը, անդրադարձել նախագծում առաջարկվող իրավական եւ ելակետային կարգավորումներին, խոսել ընտրակարգի առանձնահատկություններից, քաղաքական կոալիցիա ձեւավորելու նպատակից: Մհեր Շահգելդյանն անդրադարձել է նախագծի այն դրույթներին, որոնք, նրա կարծիքով, ուղղված չեն ժողովրդավարության բարձրացմանը: Նա կարեւորել է ընտրատարածքներում ընտրության արդյունքների ամփոփման անհրաժեշտությունը, տարածքային ցուցակները եւ այլն, որոնց առնչությամբ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը առաջարկներ է ներկայացրել: Հովհաննես Մարգարյանն անդրադարձել է 100 տոկոս համամասնական ընտրակարգին, որը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ եւ նոր ընտրական օրենսգրքում նախատեսված համամասնական ընտրակարգին, որը, ըստ նրա, կազմում է 50 տոկոս: Պատգամավորը բացասական եւ անընդունելի է գնահատել ռեյտինգային ցուցակի առկայությունը նախագծում, որը, նրա կարծիքով, նույն մեծամասնական ընտրակարգն է:
 
Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա նշել է, որ ԸՕ-ի նախագծի առկայությունը պայմանավորված է սահմանադրական վերջին փոփոխություններով եւ ՀՀ ընտրական համակարգում տարիներ շարունակ կուտակված թերությունների վերացման անհրաժեշտությամբ: Ըստ նրա, գլխավոր խնդիրը, որին պետք է անդրադառնալ՝ ընտրությունների նկատմամբ հանրության վստահության բարձրացումն է: ԱԺ փոխնախագահը համամիտ չէ որոշ գործընկերների այն պնդման հետ, թե 4+4+4 ձեւաչափով քննարկումներն անարդյունավետ են եղել: Ըստ նրա, խնդիրն իշխանության եւ ընդդիմության՝ միմյանց չվստահելու մեջ է: ԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ անհրաժեշտ է բարձրացնել ընտրական գործընթացների նկատմամբ ընտրողների վստահությունը: Տիկին Նաղդալյանի խոսքով՝ իշխանությունը ձեռնարկել է արմատական փոփոխություններ, եւ, բացի այդ, իշխանությունն այսօր առավելապես կարեւորում է ընտրությունների որակը եւ ոչ թե արդյունքը: ԱԺ փոխնախագահը նախագծի հեղինակների կողմից պատրաստակամություն է հայտնել շարունակել կառուցողական առաջարկների քննարկումը՝ ունենալու համար առավել բարեփոխված նախագիծ: Նա տեղեկացրել է, որ կողմ է քվեարկելու նոր մոտեցումներ եւ գաղափարներ որդեգրած այս նախագծին:
 
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է, իր գնահատմամբ, ընտրությունների ընթացքում իրականացվող ընտրակեղծիքներին, ընտրակաշառքներին եւ կրկնակի քվեարկություններին: Գագիկ Մինասյանի կարծիքով՝ ընտրությունից ընտրություն մեր երկրում նվազում են ընտրախախտումները: Անդրադառնալով ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձեւաչափով քննարկումներին՝ պատգամավորը նկատել է, որ այդ ձեւաչափն իրեն չարդարացրեց, սակայն խորքային առումով արդարացված էր: Պատգամավորի գնահատմամբ՝ ընտրական օրենսգիրքը պարունակում է մեխանիզմներ, որոնք բարձրացնելու են հասարակության շրջանում վստահությունը: Ռուբիկ Հակոբյանի կարծիքով՝ թափանցիկ ընտրություն անցկացնելու համար անհրաժեշտ է ունենալ քաղաքական կամք: Պատգամավորը կարծում է, որ ճիշտ կլիներ, եթե ընտրողները մասնակցեին ընտրական ցուցակների ձեւավորմանը: Անդրադառնալով բանակցային փոխհամաձայնության ձեւավորմանը՝ նա նշել է, որ 4+4+4 -ի գաղափարը դրական էր, սակայն բովանդակային առումով այն որեւէ խնդիր չլուծեց: Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ ընտրական օրենսգրքի նախագիծը չի բխում հասարակության շահերից: Պատգամավորն անդրադարձել է նախագծով առաջարկվող Հայաստանի տարածքի՝ 13 ընտրական տարածքների բաժանմանը:Խոսրով Հարությունյանն ԸՕ-ի նախագծի շուրջ քննարկումները համարել է հաջողված: Նրա կարծիքով՝ գործող ընտրական օրենսգիրքը էապես տարբերվում է նախորդից, որն էլ արդյունք է քաղաքական քննարկումների: Փաստաթղթում առկա բազմաթիվ առաջարկներ, ըստ նրա, փոխզիջման միջոցով են իրականացվել: Ալեքսանդր Արզումանյանի դիտարկմամբ՝ նախագծով առաջարկվող մեխանիզմները մեկ քայլ առաջ են գործող օրենսգրքից: Պատգամավորը նշել է, որ թեեւ չի մասնակցել 4+4+4 ձեւաչափով իրականացված քննարկումներին, սակայն ներկայացրել է բազմաթիվ առաջարկներ: Ցուցակների հրապարակմանն անդրադառնալով՝ նա նկատել է, որ այն, ինչ առաջարկվում է նախագծով, ընդունելի է: Գագիկ Մելիքյանը նախագծի շուրջ քննարկումները համարել է կառուցողական, իսկ շատ առաջարկներ՝ ընդունելի: Ըստ պատգամավորի՝ ԸՕ նախագծի ընդունման պարագայում կբարձրանան ընտրությունների վերահսկողության մակարդակը եւ հանրային վստահությունը: Նախագիծը, ըստ նրա, քաղաքական կուսակցությունների զարգացման հարցում առաջընթաց է ապահովում:
 
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության տեսակետն է ներկայացրել խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Ներկայացնելով «Հայկական վերածնունդ» կուսակցության տեսակետը՝ նա նկատել է, որ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ բոլոր ձեւաչափերով քննարկումներին իրենց խմբակցությունը մասնակցել է, ներկայացրել առաջարկներ: Սակայն պատգամավորի դիտարկմամբ՝ հիմնական եւ սկզբունքային առաջարկները չեն ընդունվել, ուստի խմբակցության տեսակետն օրենսգրքի վերաբերյալ բացասական է:
 
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ ԸՕ նախագիծն արմատական փոփոխություններ է իրականացնելու մեր երկրում: Արմեն Ռուստամյանի դիտարկմամբ՝ թեեւ օրենսգիրքն ամբողջապես չի լուծի ընտրակեղծիքների, ընտրապայքարում հավասարության, ներկայացուցչական ժողովրդավարության խնդիրները, այդուհանդերձ, այն խորքային հիմք կստեղծի դրանց բարելավման համար: Խմբակցության ղեկավարը հատկապես կարեւորել է Ազգային ժողովի մասնակցությունը ԿԸՀ-ի ձեւավորման հարցում:
 
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ անհրաժեշտ է քաղաքական կամք ձեւավորել՝ իրականացնելու թափանցիկ ընտրություններ: Խմբակցության ղեկավարը հատկապես անընդունելի է համարել Ընտրական օրենսգրքի նախագծով առաջակվող տարածքային կուսակցությունների ստեղծումը: Նա տեղեկացրել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քվեարկելու է ազատ:
 
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում անդրադարձել է Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հնչած առաջարկներին եւ իր նկատառումները ներկայացրել որոշ քննադատությունների առնչությամբ: Նա մասնավորապես անդրադարձել է կայուն մեծամասնության գաղափարին, տարածքային ընտրական ցուցակներով առաջադրմանը վերաբերող դրույթներին, ընտրական գործընթացներում կառուցողական ընդդիմության դերին ու նշանակությանը: Նշելով, որ ՀՀԿ խմբակցությունը ողջունում է եւ կողմ է քվեարկելու ԸՕ նախագծին՝ պարոն Բաղդասարյանն ընդգծել է, որ առաջինից երկրորդ ընթերցում կքննարկվեն ու կընդունվեն բոլոր այն ողջամիտ առաջարկները, որոնք միտված կլինեն նախագծի բարելավմանը:
 
Եզրափակիչ ելույթում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը շնորհակալություն են հայտնել խորհրդարանին շահագրգիռ քննարկումների համար եւ անդրադարձել պատգամավորների առաջարկներին: Նրանք առաջինից երկրորդ ընթերցում համագործակցելու պատրաստակամություն են հայտնել:
 
98 կողմ, 9 դեմ եւ 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ պատգամավորներն առաջին ընթերցումով ընդունել են «ՀՀ ընտրական օրենսգիրք» եւ դրան կից օրենսդրական փաթեթը:
 
Այնուհետեւ առաջին ընթերցումով քննարկվել է ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Մհեր Շահգելդյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հովհաննես Մարգարյանը նշել է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա խմբակցություններին կատարել ոչ միայն կազմի, այլ նաեւ անվանման փոփոխություն:
 
Նշենք, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը եւ ՀՀ կառավարությունն օրենքի նախագծի վերաբերյալ տվել են դրական եզրակացություն:
 
Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ քառօրյա նիստում:
 
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play