ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղերձը` Պարի միջազգային օրվա առթիվ


ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղերձը` Պարի միջազգային օրվա առթիվ

  • 29-04-2016 11:46:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պարարվեստի սիրելի գործիչներ,
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Պարի միջազգային օրը, և մեզ հրաշալի առիթ է ընձեռված մեկ անգամ ևս արժևորելու պարարվեստի հայ գործիչների՝ իրենց կոչմանն իրապես նվիրյալ մարդկանց երախտիքն ու վաստակը:
     Մարդկային մտքի և զգացմունքի  ամենաանկեղծ արտահայտչամիջոցի՝ պարի լեզվով հայն արտահայտել է իր տոկունությունն ու ուժը, նաև թախիծն ու վիշտը: Ուրախացել է, լաց եղել, և երբ բառերը չեն լսվել, երգել է հայը, երբ երգն անզոր էր՝ շուրջպար է բռնել՝ ապացուցելով լինելիության և հավերժության ձգտումը, ապրելու և արարելու պարզ մարդկային ցանկությունը:
 
     Այսօր ևս, մենք հայկական շուրջպարի պես միախմբվելու և միասնական լինելու հրամայականն ունենք, մեր արվեստով` նաև մեր պարով քառորդդարյա մեր անկախությունը պիտի պահպանենք և զարգացնենք, պաշտպանենք ու անշրջելի դարձնենք:
     Մեծ է ձեր դերակատարությունը այս գործում. դուք հայ մշակույթի, հայկական ինքնության պահպանման և մեր երկրի հոգևոր առաջընթացի առաջամարտիկներից եք:
     Պարարվեստի սիրելի գործիչներ, օրվա առիթն օգտագործելով, թույլ տվեք կրկին շնորհավորել ձեզ՝ մաղթելով ստեղծագործական ներշնչանքի բերկրալի պահեր և լեփլեցուն դահլիճներ:
 
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ մշակույթի նախարար
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play