Արցախցիք համաձայն չեն որևէ տարածք զիջելու մտքին (Տեսանյութեր)


Արցախցիք համաձայն չեն որևէ տարածք զիջելու մտքին (Տեսանյութեր)

  • 29-04-2016 13:12:10   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն



 
Ապրիլյան պատերազմի մեկնարկից երկու շաբաթ անց «Արցախի ձայներ» («Voices of Artsakh») երաժշտական նախագիծը հանրությանը ներկայացրեց իր նոր` «Հորովել», տեսահոլովակը, որը լայն արձագանք գտավ` պատերազմական իրադրության մեջ անգամ արձանագրելով, որ արցախցին շարունակում է ապրել, ստեղծել, ստեղծագործել և խաղաղություն կերտել` ի հեճուկս թշնամու:
 
Ընդհանրապես, այս նախագծի թիմային բոլոր աշխատանքներն աչքի են ընկնում հայրենասիրական, ազգային, արցախյան կոլորիտով` աշխարհին ներկայացնելով ծաղկող, ապրող, գունեղ, հարուստ մշակույթ ու շքեղ բնություն ունեցող Արցախը և ապացուցելով, որ հայկական այս հողը ոչ թե հակամարտության գոտի է, այլ կենդանի օրգանիզմ, մի չքնաղ երկիր:
23-ամյա Ալեքսան Ասրյանը պատանեական տարիքից այս թիմի անդամ է, մշտապես մասնակցել է համերգներին, հյուրախաղերի է մեկնել, բայց «Հորովել»-ն առաջին տեսահոլովակն է, որում ինքն էլ է նկարահանվել:
Ալեքսը «Արցախի ձայներ» նախագիծը մեծ դպրոց է համարում, գտնում է, որ այն իր կյանքի անբաժան մասն է. «Մեզ ամեն ինչ սովորեցրել են այստեղ, և մենք փորձում ենք երգն այնպես մատուցել, որ մեր Ղարաբաղը, մեր մշակույթը ներկայանալի լինի ամբողջ աշխարհին: Հաճախ շատ տարբեր համադրումներ ենք անում, ոճեր ենք խառնում, որ և´ համով լինի, և´ ներկայանալի, բայց միևնույն ժամանակ դուրս չենք գալիս մեր մշակութային սահմաններից: Մենք ուզում ենք, որ, ասենք, եվրոպացին լսի մեզ և հասկանա` ինչ ենք ասում, ճանաչի Ղարաբաղը կամ ցանկություն առաջանա այն ճանաչելու»,- մեր զրույցի ժամանակ նշեց նա` հավելելով, որ իր համար «Հորովել»-ը յուրահատուկ նշանակության երգ է, սրբության նման մի բան. «Տեսահոլովակը շուրջ երկու ամիս առաջ էինք նկարել, բայց չէինք էլ կարող ենթադրել, որ նման բան կլիներ: Սպասում էինք, որ իրավիճակը հանդարտվի, հետո նոր ներկայացնենք այն մարդկանց, բայց հետո հասկացանք` հենց այս օրերին պետք է անենք «Հորովել»-ի պրեմիերան, որովհետև դա այն երգն է, որը կարող է մեծ ուժ հաղորդել հային»:
Շրջագայությունների ժամանակ երիտասարդ երգիչը համոզվել է, որ իրենց սիրում և սպասում են, որովհետև հարգում են Հայաստանը, Արցախը, գտնում են, որ այն աշխարհի բնօրրան է և որ այստեղ մարդիկ ավանդապաշտ են, բայցև ապրում են ժամանակին համահունչ. «Մենք այնպես ենք դաստիարակված, որ ինչքան էլ լավ բաներ տեսնենք օտար հողերում, միևնույն է, չենք գայթակղվում: Ես տարիներ շարունակ երգում եմ ամենատարբեր միջոցառումների, համերգների ժամանակ, հյուրախաղերի եմ գնում, բայց երբեք չեմ համարել, որ աստղ եմ, երբեք չեմ կորցրել ինձ»,- ասաց Ալեքսը` հավելելով, որ ինքն էլ բնականաբար ուզում է շատ հաջողությունների հասնել, ելույթներ ունենալ աշխարհով մեկ, բայց չի պատկերացնում Արցախից բացի մի այլ վայր, որտեղ կուզենար մշտապես ապրել. «Շատ տեղեր եմ եղել, բայց դեռ մի այնպիսի վայր չեմ տեսել, որն ավելի շատ հավանեմ, քան իմ հողը»:
Ալեքսն իր թիմի, ընկերների հետ միասին պատրաստվում է մայիսի 9-ին կայանալիք համերգին, և հույս ունի, որ այն կկայանա, բայց նաև որպես կամավոր է զինվորագրվել և ամեն պահի պատրաստ է մեկնել առաջնագիծ: Զրուցակիցս Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից է (վերջերս է քաղաքի կարգավիճակ ստացել), երկու տարի ծառայել է բանակում, ասում է. «Մուզզվոդում եմ եղել, դժվար չի անցել ծառայությունս, բայց այնպես չէ, որ զենք բռնել չգիտեմ: Ես պատրաստ եմ կռվի դուրս գալու, ամեն ինչ էլ գիտեմ»:
Ալեքսի եղբայրն այս պահին առաջնագծում է, նեղսրտում է` նրան կանչել են, իրեն` ոչ: Երիտասարդը վաղը հայրենի քաղաք է գնալու, որ համոզվի` տանն ամեն ինչ նորմալ է (այժմ Ստեփանակերտում է աշխատում): Ասում է` իր քաղաքը շատ գեղեցիկ, հանգիստ վայր է, օրեցօր զարգանում է և ավելի ու ավելի լավն է դառնում, ինձ էլ հրավիրում է. «Համեցե´ք, ցույց կտամ մեր քաղաքը»:
Զրուցակիցս ասում է` ես չեմ, որ պետք է լուծում տամ այս հարցին, բայց հավաստիացնում է` ոչ մի արցախցու մտքով էլ չի անցնում թեկուզ հանուն խաղաղության որևէ թիզ հող հանձնել թշնամուն. «Ի՞նչ խաղաղություն, ո՞վ է հավատում Ադրբեջանին, կարծո՞ւմ եք` տարածքներ տանք իրենց, կլռե՞ն, քանի՜ անգամ է խախտել հրադադարը: Ինչպե՞ս կարող ենք թշնամուն տալ այն հողը, որի համար այդքան հարազատներ ենք կորցրել, որի վրա մեր տղերքի արյունն է հոսել: Թույլ չենք տա, որ նրանք «հենց այնպես» զոհեր դառնան»,- վստահաբար ընդգծում է Ալեքսը` շեշտելով, որ հիմա իր և բոլորի սիրտը թրթռում է, չեն կարողանում հանգիыտ նստել տեղներում. «Սոված գալեր են լինում, չէ՞, որ ոչ ոքի չեն թողնում իրենց հացին դիպչել: Մենք կռիվ չենք ուզում, նրանք են ուզում մեր հացին դիպչել, մենք էլ թույլ չենք տա: Ինչե՜ր են անում, ի՜նչ ստեր են հորինում. տարել, զինտեխնիկան իրենց գյուղերի մեջ են կանգնեցրել, խաղաղ բնակիչներին էլ թույլ չեն տալիս տներից դուրս գալ, այնտեղից են կրակում մեզ վրա, որ մերոնք էլ իրենց խփեն, աղմուկ հանեն, թե ցեղասպանում են մեզ»:
Արցախցիք, Ալեքսի խոսքով, բացարձակ համաձայն չեն որևէ տարածք զիջելու մտքին. «Ով նման խոսակցություն է լսում, գժվում է. մարդիկ անգամ կրակի տակ գտնվող իրենց գյուղերից չեն ուզում դուրս գալ, ուր մնաց տարածք զիջեն: Ես էլ եմ ուզում` կռիվ չլինի, որ ամեն մեկս խաղաղության մեջ մեր գործով զբաղվենք, մի լավ բան ստեղծենք, բայց եթե մեզ են փորձում, թող իմանան` ողջ Ղարաբաղը պատրաստ է` ինձանից սկսած»,- հավաստիացրեց նա` հավելելով, որ բոլոր մտահոգվողները հանգիստ լինեն` Արցախում կյանքը շարունակվում է. «Վախեցած մարդ չեք գտնի, ապրիլյան առաջին օրերի լարվածությունն էլ անցել է. դուրս ես գալիս քաղաք և համոզվում ես` ամեն ինչ իր հունի մեջ է»:
Ալեքսը Ղարաբաղի բարբառով երգ է գրել, շուտով կավարտվեն երգի ձայնագրման աշխատանքները. «Համոզված եմ, որ լսես, քեզ շատ է դուր գալու»,- եզրափակում ենք մեր զրույցը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն