Մարզային ծննդօգնության ծառայության փրկությունը բուժհաստատությունների խոշորացման մեջ է. մասնագետ


Մարզային ծննդօգնության ծառայության փրկությունը բուժհաստատությունների խոշորացման մեջ է. մասնագետ

  • 29-04-2016 15:21:27   | Հայաստան  |  Հասարակություն

Մարզային ծննդօգնության վիճակը գնալով ավելի ու ավելի է վատանում, կարելի է ասել, որ մարզային ծննդօգնությունը դարձել է միայն տեղափոխմամաբ զբաղվող նորածնային ծառայություն, այնինչ նման իրավիճակ չպետք է լիներ: Նման եզրահանգման եկել է Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան (ՆԲՀԱ), որը Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի շրջանակներում այս տարվա հունվար-մարտ ամիսներին իրականացրել է Հայաստանում տրամադրվող նեոնատալ ծառայությունների ընդհանուր գնահատում-մոնիտորինգ: 
 
Ինչպես ապրիլի 29-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՆԲՀԱ  հետազոտող, Սլավմեդ ԲԿ նորածնային բաժանմունքի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, ընդհանուր առմամբ իրենց հետազոտության նպատակն է եղել նախ վերլուծություն կատարել ծննդօգնություն մատուցող բուժահաստատություններում նորածնային ծառայության առումով տիրող իրավիճակի մասին, ապա բացահայտել, թե ինչպիսի խնդիրներ կան ոլորտում և առաջարկել լուծումների համապարփակ փաթեթ:
Ըստ նրա` հետազոտությունների արդյունքներն այդքան էլ դրական չեն, քանի որ ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես, մարզային ոչ պատշաճ ծննդօգնության ծառայությունը հանգեցրել է նրանք, որ մայրաքաղաքի երրորդ մակարդակի բուժհիմնարկները գերծանրաբեռնված են աշխատում, մինչդեռ այդ երեխաների որոշ մասի բուժումը պետք է փորձ արվեր կազմակերպել հենց տեղում: 
Հ. Ղազարյանի խոսքերով` մարզային ծննդօգնության կազմակերպման ոչ բավարար վիճակի պատճառը մարզային բուժհիմնարկներում տեխնիկական անհրաժեշտ հագեցվածության պակասն է, մասնագետների որակի բարձրացման խնդիրը, բուժքույրական ծառայության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքը, ինչպես նաև այն կարևոր հանգամանքը, որ մարզերում նորածնի բուժումը չի վարձատրվում պետության կողմից, ուստի շահագրգռվածություն չկա տեղում նորածների բուժումը կազմակերպելու և իրականացնելու համար:
«Այս պայմաններում միակ ելքը ծննդատների համար դառնում է նորածինների տեղափոխումը, ինչը ոչ միայն հարցի լուծում չէ, այլև լուրջ խնդիրներ է առաջացնում Երևանի երրորդ մակարդակի բուժհաստատությունների համար: Շատ կարևոր է հասկանալ ու հաշվի առնել այն փաստը, որ երեխան գոնե մինչև տեղափոխության պահը պետք է պատշաճ բուժօգնություն ստանա, որպեսզի երրորդ մակարդակի բուժհաստատություն տեղափոխվի կենսունակ մնալու բավարար շանսեր ունեցող երեխա, հակառակ դեպքում  երրորդ մակարդակի բուժհիմնարկներում ինչ էլ որ անեն, հազիվ թե արդյունքները լինեն գոհացնող,- ընդգծեց Հ. Ղազարյանը:
Ի դեպ` երրորդ մակարդակի բուժհիմնարկներ կան միայն Երևանում, դրանցից վեցը ծննդօգնության հիմնարկներն են, իսկ երկուսը` ռեանիմացիա:  ՆԲՀԱ  հետազոտողի կարծիքով` ոլորտում առկա խնդիրներին անհրաժեշտ է համընդհանուր մոտեցում ցուցաբերել, հետևաբար սա մեկ կամ մի քանի բուժհաստատության խնդիր չէ, այլ մի ամբողջ համակարգի: 
Նրա համոզմամբ` մարզային ծննդօգնության ծառայությունը հնարավոր է փրկել, եթե բուժհաստատությունները խոշորացվեն. «Մենք հիսուն կիլոմետրի վրա ունենք 4-5 ծննդատներ, որոնք չեն կարողանում լիարժեք կերպով կատարել իրենց վրա դրված պարտավորությունները, հետևաբար դրանց միավորումը թույլ կտա կենտրոնացնել մարդկային և տեխնիկական ռեսուրսները, հեշտացնել աշխատակիցների աշխատանքը. Ուղղություններից մեկը կենտրոնացումն է, որովհետև 65 բուժհաստատությունները, որտեղ ծննդօգնություն է ցուցաբերվում, բավականին շատ է երեք միլիոնանոց երկրի համար»:
Հ. Ղազարյանի պնդմամբ` բուժհաստատությունների խոշորացումը կարող է հանգեցնել ծննդկաների կամ նորածինների մահացության դեպքերի նվազման, քանի որ այդ դեպքում  բուժհաստատությունում կաշխատեն մի քանի մասնագետներ, ովքեր հերթափոխելով միմյանց կկարողանան ապահովել արդյունավետ աշխատանք: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն