ՀՀ-ում նորածնային մահացությունը հնարավոր է նվազեցնել շուրջ 30 տոկոսով. ՆԲՀԱ


ՀՀ-ում նորածնային մահացությունը հնարավոր է նվազեցնել շուրջ 30 տոկոսով. ՆԲՀԱ

  • 29-04-2016 16:51:37   | Հայաստան  |  Հասարակություն

Մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում մանկական մահացության հարաբերակցությունն այսօր գերազանցում է 60 տոկոսը: Նեոնատալ մահացության հիմնական պատճառներից են վաղաժամ կամ անհաս ծնունդները, բնածին հիվանդությունները, ծննդաբերության ժամանակ ի հայտ եկած ասֆիքսիան, սեպսիսն ու թոքաբորբը:  
Ըստ Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի (ՆԲՀԱ) կողմից իրականացված Հայաստանում տրամադրվող նեոնատալ ծառայությունների ընդհանուր գնհատում- մոնիտորինգի արդյունքների` Հայաստանի մանկաբուժական հիվանդանոցներում բացահայտվել են մի շարք խնդիրներ կանոնակարգերի կիրառման թերացումների, նեոնատալ բժշկության ստանդարտների անբավարար մշակումների, անհաժեշտ անձնակազմի շուրջօրյա ապահովման բացակայության, վերակենդանացման և բուժման համար անհրաժեշտ սարքերի պակասի հետ կապված: 
 
Նպատակ ունենալով բացահայտել նեոնատալ և նորածնային մահացության հիմնական պատճառները, ինչպես նաև որակյալ նեոնատալ ծառայությունների տրամադրման բացթողումները` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի շրջանակներում ՆԲՀԱ-ն գնահատում իրականացրել է մանկաբարձ-գինեկոլոգիական ծառայություններ տրամադրող հանրապետության 65 բուժհիմնարկներից 32-ում` 21 մարզային և 11 Երևանի կլինիկաներում:  
Ապրիլի 29-ին Հայաստանում նեոնատալ բժշկության խնդիրներին և զարգացման հնարավորություններին նվիրված կոնֆերանսի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի Ժողովրդավարության, առողջապահության և սոցիալական բարեփոխումների բաժնի ղեկավար Էլիսոն Մքֆարլանդը, դիմելով կոնֆերանսի մասնակիցներին, մատնանշեց ՀՀ կառավարության և բժշկական մասնագիտական ասոցիացիաների հետ ունեցած ԱՄՆ ՄԶԳ-ի համագործակցության ռազմավարական նշանակությունը, որն ուղղված է նորածինների առողջության բարելավման ու մահացության ցածր ցուցանիշների ապահովմանը: 
«Ըստ հաստատված տեղեկատվության, նորածինների մահացության մինչև 70 տոկոսը կարելի է կանխարգելել, եթե տեղում ապահովվի անհրաժեշտ բժշկական միջամտություն»,- Է. Մքֆարլանդը` հավելելով, որ ուսումնասիրության արդյունքները և բացահայտումները կօգտագործվեն ի նպաստ Հայաստանում նորածինների առողջապահության ռազմավարության բարելավմանը, բուժանձնակազմի վերապատրաստմանը և նեոնատալ ծառայությունների բարձրացմանը: 
ՆԲՀԱ նախագահ, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ, Երևան քաղաքի գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Կալանտերյանն ընդգծեց, որ համաձայն ՆԲՀԱ-ի վերլուծության` նեոնատալ ծառայությունների կանոնակարգման և ուղեցույցների հետևողական ներդրման արդյունքում Հայաստանում նորածնային մահացությունը կարող է նվազել շուրջ 30 տոկոսով: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play