Սերժ Սարգսյանի պայմանները թերի են. Մանվել Սարգսյան


Սերժ Սարգսյանի պայմանները թերի են. Մանվել Սարգսյան

  • 29-04-2016 18:09:38   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը կուսակիցներին ներկայացրել է շփման գծում իրավիճակը եւ բանակցային գործընթացի վերսկսման համար երեք պայման նշել: «Քայլ համար մեկ՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդրում, քայլ համար երկու՝ հասցեկան հայտարարություններ և քայլ համար երեք՝ երաշխքիներ, որ Ադրբեջանը չի գնա ագրեսիայի ու ահաբեկչության Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ»,- նիստից հետո Սերժ Սարգսյանի խոսքը լրագրողներին ներկայացրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով երեք պայմաններին, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը նշել է, որ այս պայմանները շատ քիչ են, որովհետև Ադրբեջանը հայտարարել է, որ հրաժարվում է 94-95 թթ. զինադադարի պայմանագրերից:

 

«Ադրբեջանը որպես պայման անպայման պետք է հաստատի, որ ընդունում է 1994-95 թթ. զինադադարի պայմանագրերը: Դրա հետ կապված շփման գծում փոփոխություններ են եղել, քանի որ Ադրբեջանը խախտել է, բնական է, որ Ադրբեջանը պետք է վերականգնի շփման գիծը, որովհետև այդ քարտեզն այդ պայմանագրերի բաղկացուցիչ մասն է: Այ սա է ճիշտ տարբերակը: Կարծում եմ` թերի պայմաններ է դրել Սերժ Սարգսյանը, բայց իրականում սա է: Եթե սա Ադրբեջանը չի ընդունում, պետք է պարտադրել Ադրբեջանին ընդունել: Ադրբեջանին պետք է պարտադրել հինգ պայմանները ընդունել, որից հետո կարելի է մտածել բանակցությունների մասին», ասել է քաղաքագետը:

 

Անդրադառնալով պատերազմով խաղաղություն պարտադրելու հարցադրմանը, նա նշել է. «Եթե Ադրբեջանին առաջարկում ես մի բան, որ ինքը չի անում, նկատի ունեմ դիրքերը վերականգնելը, նա պետք է հասկանա, որ առանց իրեն այդ հարցերը լուծելու են: Դիմում են ՄԱԿ՝ չեղարկելու հրադադարը, դիմում են Ռուսաստանին, նոտա հղում, որ Հայաստանին զենք չտա, բայց հայկական կողմից միայն դատարկ խոսակցություններ են: Պետք է քաղաքականություն վարել, հստակ պահանջներ դնել և պարտադրել»:

 

Արդյոք ԼՂՀ և ՀՀ իշխանությունները ԼՂ խնդրի կարգավորման տարբեր մոտեցումներ ունեն` հաշվի առնելով, որ ԼՂՀ ԱԺ խմբակցությունները հայտարարություն տարածեցին Նաղդալյանի հայտարարության վերաբերյալ:

 

 

«Ի՞նչ քաղաքականության մասին կարող է խոսք լինել: Հարցրեք, թե որտեղից են պեղել այդ հայտարարությունը, ովքեր են ուղարկել: Գոյություն ունի պառլամենտ, կա պառլամենտի որոշում, թե՞ ինչ-որ անհասկանալի մարդիկ են այնտեղ հավաքված և որոշումներ են ընդունում: Այստեղից է սկսում ամեն բան: Ռեալ քաղաքականություն չկա, երբ կլինի, կիմանանք` կա դիրքորոշում, կա քաղաքականություն, թե ոչ: Խմբակցությունների հայտարարությունն ի՞նչ է՝ պատասխանատվությունից խուսափելու կիսաստվերային մեխանիզմ, որը ցույց է տալիս այդ մարդկանց քաղաքական մակարդակը», ասել է քաղաքագետը:

 

Անդրադառնալով տարածքների շահարկվող թեմային, մասնավորապես 5 շրջանները վերադարձնելու հարցին, Մանվել Սարգսյանն ասել է. «Ի՞նչ տարածքներ, ի՞նչ հարց են լուծում դրանով: Դուք կարող եք տասնհինգն էլ վերադարձնել, բայց ոչ մի խնդիր չլուծվի: Մարդիկ պետք է ասեն, թե ինչ խնդիր են դրանով լուծում, ոչ ոք չի ասում, խոսք է, բերաններն է ընկել, աջ և ձախ ասում են»:

 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սկսելու հնարավորությանը, նա ասել է, որ դա էլ Ադրբեջանի հեքիաթներն են: «Բա ինչի՞ չի սկսում լայնամասշտաբ պատերազմ, նրան թվում է թե զենք ունի, կարող է օգտագործել, բայց չեն կարողանում օգտագործել, օգտագործեն էլ, որևէ բանի չեն հասնելու: Տանկերը օգտագործեցին, տեսանք թե ինչի հասան: Ոչ մի բանի: Հեքիաթներից մեկն է: Մարդիկ ինչպես մյուս հարցերի, այնպես էլ այս հարցի պատասխանը չունեն, թե ինչ է սա նշանակում, բառ է, էլի, օգտագործում են»:

lragir.am

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ