Հող է նախապատրաստվում նոր իրավիճակն «ամրագրելու» համար. Մեկնաբան


Հող է նախապատրաստվում նոր իրավիճակն «ամրագրելու» համար. Մեկնաբան

  • 29-04-2016 18:15:38   | Հայաստան  |  Վերլուծություն

«Մեր դիրքորոշումը հստակ է, Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված պարոն նախագահը նշել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ: Քայլ համար մեկ՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդրում, քայլ համար երկու՝ հասցեական հայտարարություններ, և քայլ համար երեք՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա ագրեսիայի ու ահաբեկչության Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ», ՀՀԿ ԳՄ երեկվա նիստից հետո ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
 
Փաստացի, Սերժ Սարգսյանն արձագանքում է Ղարաբաղում ստեղծված նոր իրավիճակին եւ առաջադրում երեք պայմաններ, որոնց դեպքում միայն կշարունակվեն բանակցությունները: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Հայաստանն առաջին անգամ «բանակցային գործընթացում» հայտնում է իր պայմանները: Մինչ այժմ, Հայաստանը համաձայնություն տվողի դերում էր, ընդ որում՝ բոլոր առաջարկներին, որոնք ներկայացնում էին միջնորդները կամ նրանցից մեկը:
Ընդհանրապես, «բանակցային գործընթացում» ի սկզբանե հայկական կողմը պետք է պայմաններ առաջադրողի դերում լիներ, որպես պատերազմում հաղթող կողմ: Սակայն Հայաստանն այդպես էլ չկարողացավ ավարտին հասցնել պատերազմը եւ հասնել որեւէ համապարփակ համաձայնագրի: Ավելին, հաղթանակը հետագայում մսխվեց ներքին ու արտաքին մեղմ ասած անհամարժեք քաղաքականության արդյունքում: Հայաստանի դիրքերը «բանակցային գործընթացում» թուլացան, զուգահեռ Ադրբեջանը, որն ի տարբերություն Հայաստանի, հստակ դիրքորոշում էր որդեգրել, ամրացրեց իր դիրքերը եւ դարձավ պայման թելադրող:
Արդյունքը վերջին տարիներին սահմաններին լարվածության աճն է ու պատերազմական իրավիճակը: Ադրբեջանը ձգտում էր փոխել ստատուս քվոն եւ դուրս գալ զինադադարի 1994 թ. պայմանագրից, ինչն էլ փաստացի արեց վերջին հարձակման արդյունքում:
Քառօրյա պատերազմն, այսպիսով, նոր իրավիճակ է առաջացրել հակամարտության գոտում: Հայաստանը պատերազմի օրերին պնդում էր 1994 թ. պայմանագրին ու սահմանագծին «վերադարձը», սակայն դա կարծես թե տեղի չունեցավ: Փաստացի, քառօրյա պատերազմի արդյունքում հնարավոր է «չեղարկվեն» ոչ միայն այդ զինադադարի վերաբերյալ երկու պայմանագրերը, այլեւ կարգավորման բոլոր առաջարկները, որոնք ներկայացրել են միջնորդները:
Պաշտոնական Ստեփանակերտն արդեն արձանագրել է այս հանգամանքը. ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները հարկ է սկսել զրոյից, ինչպես նաեւ կոչ է արել հնարավորինս շուտ սահմանին սարքավորումներ տեղադրել, որոնք կնպաստեն հրադադարի ամրապնդմանը:
Ներկայում անհրաժեշտ են համարժեք քայլեր, մի կողմից կանխելու նոր իրավիճակի բացասական ազդեցությունը, մյուս կողմից՝ ուժեղացնելու հայկական կողմերի դիրքերը կարգավորման դիվանագիտության մեջ:
Սերժ Սարգսյանի պայմանները նոր իրավիճակից բխող քայլ են, այլ քայլեր կարծես թե չեն երեւում: Կա իհարկե ավելի ուժեղ քայլ՝ ԼՂՀ անկախության ճանաչումը եւ նրա հետ փոխօգնության պայմանագրի ստորագրումը, որը սակայն, երեւում է՝ իշխանությունը պահում է «ռեզերվում»: Այն, որ դրանք ուժեղ կռվաններ են, երեւաց քառօրյա պատերազմի օրերին, երբ Սարգսյանը համապատասխան հայտարարություն արեց:
Եվ այսպես, ինչ ունենք. Ադրբեջանը ՄԱԿ-ում նամակ է տարածել 1994 թ. զինադադարի պայմանագրից դուրս գալու վերաբերյալ, Հայաստանն ի պատասխան երեք պայման է դրել բանակցությունը վերսկսելու համար: Պետք է նշել, որ Հայաստանի դրած պայմանները դժվար թե ընդունվեն Ադրբեջանի կողմից: Սերժ Սարգսյանն անշուշտ գիտակցում է այս հանգամանքը: Դա նշանակում է, որ Հայաստանը պատրաստվում է նոր քաղաքականությանը:
Ինչ է հետեւելու այս իրավիճակին՝ առայժմ դժվար է ասել: Նկատի ունենալով կողմերի կտրուկ քայլերը վերջին օրերին, կարելի է ենթադրել, որ հող է նախապատրաստվում նոր իրավիճակն «ամրագրելու» համար, քանի որ փաստացի հնարավոր է հանվեն «զսպող հանգամանքները»:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն