Ադրբեջանի իշխանությունները փորձում են գտնել տնտեսության զարգացման արդյունավետ ուղիներ


Ադրբեջանի իշխանությունները փորձում են գտնել տնտեսության զարգացման արդյունավետ ուղիներ

  • 29-04-2016 18:18:10   | Հայաստան  |  Վերլուծություն

 
Սոցիալ-տնտեսական. Պետական եկամուտների աննախադեպ անկման պայմաններում ԱՀ իշխանությունները փորձում են գտնել տնտեսության զարգացման արդյունավետ ուղիներ։ Այդ նպատակով Ի.Ալիևի հրամանագրով հաստատվել են Ադրբեջանի «Ազգային տնտեսության և տնտեսության հիմնական ոլորտների ռազմավարական ճանապարհային քարտեզի հիմնական ուղղությունները»։ Դրանց համապատասխան զարգացման ծրագրերը մշակելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կղեկավարի տնտեսական բարեփոխումների գծով ԱՀ նախագահի օգնական Նագիթ Ամիրովը։ Խմբի կազմում ընդգրկվել են նաև ֆինանսների, էկոնոմիկայի փոխնախարարները, ԿԲ ղեկավարի տեղակալը և Բաքվի Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորը։
 
ԱՀ նախագահի կողմից հաստատվել է նաև Պետական նավթային հիմնադրամի (SOFAZ) բյուջեն, որի համաձայն՝ վերջինիս եկամուտները 2016թ. կկազմեն 4,6 մլրդ, իսկ ծախսերը՝ 10,7 մլրդ մանաթ։ Ծախսերի կազմում մեծ տեղ են զբաղեցնում պետական բյուջե կատարվող հատկացումները՝ 7,6 մլրդ մանաթ, ինչն Ադրբեջանի 2016թ. պետական բյուջեի եկամտային մասի 73.2%-ն է։ Եթե հաշվի առնենք, որ անցած տարվա դեկտեմբերին հիմնադրամի ընդհանուր միջոցները կազմել են $33.6 մլրդ, ապա կարող ենք նշել, որ այդ պահուստները 2016թ. բյուջե կատարվող հատկացումների արդյունքում կնվազեն 18%-ով։ Կարող ենք արձանագրել նաև, որ 2016թ. պետական բյուջեի եկամտային մասի 43.3% (2015թ. համեմատ, արտահայտված ԱՄՆ դոլարով) կրճատման դեպքում անգամ ԱՀ իշխանությունները ստիպված են ներգրավել պահուստային միջոցներ դրանք կատարելու համար։
 
2016թ. բյուջեի դեֆիցիտի (1,7 մլրդ մանաթ) մի մասը ԱՀ իշխանությունները նախատեսում են փակել սեփականաշնորհումից ստացվող միջոցների հաշվին։ Պետական գույքի լայնածավալ սեփականաշնորհման իրականացման միջոցով Ադրբեջանի կառավարությունը փորձելու է նաև կանխել տնտեսական ճգնաժամի հետագա խորացումը և մեղմել հետևանքները։ Այս նպատակով Ադրբեջանում խորհրդատվական ընկերությունների և փորձագետների մասնակցությամբ մշակվում է պետական ունեցվածքի սեփականաշնորհման նոր ծրագիր: Ինչպես նշել է ԱՀ նախագահի տնտեսական հարցերով օգնական Ն.Ամիրովը, սեփականաշնորհման նպատակը ոչ միայն պետական եկամուտների աճն է, այլ նաև կառավարման որակի բարելավումը, թափանցիկության բարձրացումը և մրցունակության խթանումը: Ըստ նրա, ԱՀ կառավարությունը պատրաստ է նաև սեփականաշնորհման խոշոր ծրագրերի իրականացման, եթե լինեն առաջարկներ լուրջ ներդրողների կողմից:
 
Տնտեսության անկումը ԱՀ իշխանություններին ստիպում է գնալ երկրի համար աննախադեպ քայլերի։ Մասնավորապես, ԱՀ նախագահ Ի.Ալիևի հրամանագրով սահմանվել են նավթամթերքների արտահանման խթանման լրացուցիչ միջոցառումներ, ըստ որոնց՝ մաքսային հայտարարագրում նշված արտահանվող արտադրանքի մաքսային գնի 3%-ը կվերադարձվի արտահանող ընկերությանը։ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով ս.թ. փետրվարի 1-ից 3 տարով հարկումից ազատվում են բնակչության բանկային ավանդների, ինչպես նաև ներդրումային արժեթղթերի թողարկումից ստացվող շահաբաժինները։
 
Մեկ տարվա ընթացքում ազգային արժույթի երկու փլուզում (2015թ. փետրվարին և դեկտեմբերին) գրանցելուց հետո Ադրբեջանի իշխանությունները որոշել են ֆինանսական շուկայի կայունացման նպատակով ստեղծել նոր պետական մարմին՝ Ֆինանսական շուկայի կայունացման կարգավորման կոմիտե: Այս կառույցի ստեղծման մասին համատեղ հռչակագիր են ստորագրել ԱՀ կենտրոնական բանկը, ֆինանսների նախարարությունը և ֆինանսական շուկաների վերահսկողության պալատը, կառույցներ, որոնք նախկինում էլ պատասխանատու են եղել ոլորտի կայունացման համար:
 
Չնայած ձեռնարկվող քայլերին, կանխատեսումները մանաթի ապագայի վերաբերյալ լավատեսական չեն։ Հենվելով Danske Bank և SEB AB բանկերի կանխատեսումների վրա՝ Bloomberg գործակալությունը հայտնում է, որ մոտակա ժամանակահատվածում ադրբեջանական մանաթը կէժանանա ևս 10%-ով: Գործակալությունը հիշեցնում է նաև, որ 2015թ. փլուզումներից հետո մանաթը դարձել է վատագույն արժույթն աշխարհում:
 
Այս խորապատկերին ուշագրավ է ԱՀ կենտրոնական բանկի արտարժութային պահուստների շարունակվող կրճատումը. այն ս.թ. փետրվարին կազմել է 8,4%՝ հասնելով $4 մլրդ-ի: Հայտնի է, որ ԱՀ ԿԲ-ն 2015թ. մանաթի կայունացման նպատակով ստիպված եղավ շուկա նետել իր արտարժութային պահուստների կեսից ավելին։
 
Միջազգային Fitch և Oxford Economics ընկերությունների փորձագետների կարծիքով, մանաթի հեռանկարները կապված են որոշակի ռիսկերի հետ, սպասվում են չվճարումների ճգնաժամ և իրավիճակի վատթարացում։
 
Տեղի տնտեսագետների կարծիքները շատ չեն տարբերվում միջազգային կառույցների գնահատականներից։ Մասնավորապես, Բաքվի տնտեսական նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ Ս.Ալիևը գտնում է, որ արտարժութային շուկան կամրապնդվի նավթի՝ $50-ից ավել գնի դեպքում, իսկ Ադրբեջանի խոշոր բանկերից «PASHA Bank»-ը կանխատեսում է 13-15% ինֆլյացիա։
 
ԱՀ կառավարության կողմից Միլի մեջլիս ներկայացված հաշվետվության համաձայն, Ադրբեջանն ամբողջությամբ մարել է Միջազգային արժութային հիմնադրամի առջև ունեցած պարտքը1: 2016թ. բյուջեից արտաքին պարտքի սպասարկման համար կհատկացվի 1,5 մլրդ, իսկ ներքին պարտքի համար՝ 300 մլն մանաթ:
 
Ադրբեջանից միջազգային խոշոր ընկերությունների հեռանալուն զուգընթաց2՝ կրճատվում է նաև գործող հիմնարկությունների աշխատակազմը։ Նավթի գների նվազման հետևանքով BP-ն (British petroleum) մտադիր է աշխատանքից ազատել մոտ 4 հազար աշխատակցի նավթարդյունաբերության և նավթի հետախուզության ոլորտներում: Նախատեսվող կրճատումները կազմում են BP անձնակազմի մոտ 5%-ը (հիմնականում Ադրբեջանում, Անգոլայում և ԱՄՆ-ում իրականացվող ծրագրերում): 2015թ. BP-Azerbaijan-ը, որի աշխատակիցների 87%-ը ԱՀ քաղաքացիներ են, կրճատել է 257 աշխատակցի: Շարունակվող կրճատումներն ընկերության ղեկավարության կողմից բացատրվում են մրցունակության և արտադրության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:
 
Ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմանները, ինչպես նաև ուժգնացող անարդարության մթնոլորտը ստիպում են ԱՀ որոշ քաղաքացիների գնալ հուսահատ և ծայրահեղ քայլերի։ Այսպիսով, Գաբալայի 25 բնակիչներ, այդ թվում մանկահասակ երեխաներ, մեկնել էին Աղդամի շրջանի Միրբաշիրլի գյուղ՝ ԼՂՀ անցնելու նպատակով, եթե իրենց ազգականներին իշխանություններն ազատ չարձակեն: Դրա փոխարեն իրենք են հայտնվել ոստիկանական բաժանմունքում, որտեղ ստիպված են եղել բացատրություններ տալ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այդպիսի մի դեպք էլ գրանցվել է Մինգեչաուրի շրջանում, երբ անելանելի վիճակում հայտնված երթուղայինի վարորդ Ջեյհան Ալիևը ցանկություն է հայտնել ընտանիքով անցնել ԼՂՀ, քանի որ ԱՀ իշխանությունները զրկում են վաստակելու հնարավորությունից:
 
Չնայած ներքին սոցիալ-տնտեսական առկա իրավիճակին, Բաքուն չի հրաժարվում միջազգային խոշոր նախագծերի իրականացման ծրագրերից: Ադրբեջանի իշխանությունները «Շահ Դենիզ-2», Հարավկովկասյան գազատար, Տրանսանատոլիական (TANAP) և Տրանսադրիատիկ (TAP) գազատարների նախագծերի իրականացման համար արտերկրյա ֆինանսական միջոցներ3 ներգրավելու նպատակով 10 տարի մարման ժամկետով $1մլրդ-ի եվրոպարտատոմսեր են հանել միջազգային ֆինանսական շուկա: Global Capital գործակալության համաձայն, «Հարավային գազային միջանցք» (ՀԳՄ)4 ընկերության կողմից պետական երաշխավորությամբ թողարկված պարտատոմսերի շահութաբերությունը կանխատեսվում էր 7%-ի մակարդակի, սակայն Citi Bank, UniCredit և JP Morgan բանկերը կարողացել են ապահովել միայն 6,875%: Պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել հիմնականում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ներդրողները:
 
Այլ երկրներից սպառազինության գնմանը զուգահեռ՝ Ադրբեջանը զարգացնում է նաև սեփական ռազմարդյունաբերությունը։ ԱՀ կառավարության կողմից Միլի մեջլիս ներկայացված հաշվետվության համաձայն, ԱՀ ԶՈւ և այլ ուժային կառույցների համար պաշտպանական նշանակության արտադրանքի գնման գործարքներն իրականացվել են ամբողջությամբ, իսկ նույնատիպ արտադրանքի արտադրության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է մի քանի անգամ: Ռազմարդյունաբերական գործարաններն ամբողջությամբ ավարտել են 7 թեմաների փորձարարական նախագծման աշխատանքները, յուրացրել 11 արտադրատեսակների արտադրություն, սկսվել է դրանց զանգվածային արտադրությունը: Ընդհանուր առմամբ, 2015թ. արտադրվել է 114,6 մլն մանաթի պաշտպանական նշանակության արտադրանք։
 
Ներքաղաքական. Ադրբեջանում տիրող բռնատիրական ռեժիմի պայմաններում ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ են ստեղծվում արտերկրում: Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամում Ադրբեջանից արտագաղթած դիվանագետների, քաղաքական և հասարակական գործիչների կողմից ստեղծվել է «OYAN» («Զարթնիր») ընդդիմադիր տարագիր քաղաքական շարժումը: Այս մասին հայտնում է արտերկրում գործող ադրբեջանական «Meydan TV» գործակալությունը, որի հիմնադիրները նույնպես Ադրբեջանից արտագաղթած այլախոհներ են:
 
Շարժման հիմնադիրների թվում է Հոլանդիայում ԱՀ դեսպանատան նախկին կցորդ Նահիդ Ջաֆարովը5, որը մի շարք դիվանագետների թվում հրաժարվել էր վերադառնալ Ադրբեջան: «OYAN»-ի նպատակը, ըստ Ն.Ջաֆարովի, ադրբեջանական հասարակության ներգրավումն է սոցիալ-քաղաքական գործընթացներում, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից պարտադրված՝ «քաղաքականությանը չխառնվելու» գաղափարախոսության տապալումը և «մարդկանց ուղեղներն արթնացնելը»: Շարժումը ղեկավարվելու է կոլեգիալ հիմունքներով, նրա կազմում են իրավասու և արհեստավարժ երիտասարդներ, որոնք պատրաստ են համագործակցել բոլոր ժողովրդավար ընդդիմադիր ուժերի հետ:
 
Շարժումը գործելու է երկու հիմնական ուղղություններով՝ 1. «OYAN ակումբի» միջոցով ադրբեջանցիներին ներգրավել քաղաքական գործընթացներին, 2. «OYAN ակադեմիայի» շրջանակներում քաղաքական նոր առաջնորդների պատրաստում:
 
Համաներում. Մարտի 17-ին Նովրուզի տոնի կապակցությամբ Ի.Ալիևի կողմից հայտարարված համաներումը տարածվեց 148 դատապարտյալի, այդ թվում մոտ 100 քաղբանտարկյալի մի մասի վրա:
 
Ազատության մեջ է հայտնվել նաև «Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու» համար 6 տարվա ազատազրկման դատապարտված, «Զերկալո» պարբերականի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը։
 
Եթե քաղաքական նպատակներով Ադրբեջանում իրականացվող ձերբակալությունների հիմնական թիրախն ազատ խոսքն ու մարդու հիմնարար իրավունքներն են, ապա Ռ.Միրկադիրովի ձերբակալությունը յուրատեսակ ուղերձ էր բոլոր այն հասարակական կազմակերպություններին և անձանց, որոնք որոշակի շփումներ ունեին հայ գործընկերների հետ: Հայտնի է, որ Ռ.Միրկադիրովը հաճախ էր լինում Հայաստանում՝ տարատեսակ քաղաքական քննարկումների մասնակցելու նպատակով։ Այդպիսի վերջին միջոցառումը, որին նա մասնակցել էր Երևանում, «Նորավանք» ԳԿՀ և քաղաքական տեխնոլոգիաների «Политконтакт» ռուսական կենտրոնի կողմից կազմակերպված «Անվտանգությունը և համագործակցությունը Հվ.Կովկասում» միջազգային գիտաժողովն էր ձերբակալությունից 4 ամիս առաջ՝ 2013թ. դեկտեմբերին։ Դժվար չէ կանխատեսել, որ Բաքվի ներկա քաղաքականության պայմաններում սա իրոք կլինի Ռ.Միրկադիրովի վերջին այցը Հայաստան:
 
Կրոնական. Կրոնական այլախոհության օջախ Նարդարանը լռեցնելու նպատակով կիրառված անհամաչափ ուժի պայմաններում նույնիսկ իշխանություններին չի հաջողվում ամբողջությամբ հանդարտեցնել իրավիճակը: Նարդարանի տների պատերին կրոնական բնույթի և ի պաշտպանություն իրենց ձերբակալված առաջնորդի փակցված պաստառները պատճառ են դարձել 30 հոգու ձերբակալության, որոնցից 10-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր, իսկ մնացածն ազատ են արձակվել: Միաժամանակ, տեղի բնակչությանը սիրաշահելու համար ԱՀ իշխանությունները 17,4 մլն են հատկացրել ավանի ավտոճանապարհները նորոգելու համար: Հարկ է նշել, որ Նարդարանը տարիներ շարունակ դուրս էր մնացել բոլոր տեսակի տնտեսական ծրագրերից, և միայն վերջին բախումներից հետո իշխանությունները հիշել են տեղի բնակչության «բարօրության» համար իրենց պարտավորության մասին:
 
Ադրբեջանի իրավապահների հատուկ ուշադրության տակ են գտնվում նաև իսլամիստների ակտիվության ցանկացած դրսևորումները, հատկապես հյուսիսային շրջաններում: ԱՀ ոստիկանությունը Վրաստանի և ՌԴ-ի հետ սահմանակից Գախայի շրջանում ձերբակալել է 58 իսլամիստի անօրինական կրոնական հավաքներ անցկացնելու և արգելված գրականություն տարածելու համար: Ձերբակալվածները, որոնց թվում 5-ը՝ Բաքվի, իսկ 9-ը՝ հարևան Զագաթալայի բնակիչներ, հանդիսանում են արգելված կրոնական աղանդի անդամներ։
 
Մահմուդովյան կլանի անկումը. 2015թ. հոկտեմբերին նախկին ԱԱՆ պաշտոնազրկված նախարար Է.Մահմուդովի և նրա հանցակիցների շուրջ զարգացումները շարունակվում են։ Խմբավորման՝ ազատության մեջ գտնվող պարագլխի շուրջ օղակը սեղմվում է: Պաշտոնանկ է արվել մահմուդովյան հանցավոր խմբավորման ևս մեկ անդամ՝ ԱՀ Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ռազմաբժշկական գլխավոր վարչության պետ, գեներալ Մազահիր Յաղուբովը: Վերջինս Է.Մահմուդովի համադասարանցին է եղել և 2008թ. անցնելով ծառայության ԱԱ մարմիններում՝ 5 տարվա ընթացքում դարձել է գեներալ-մայոր: Լինելով ատամնաբույժ՝ նա մինչև 50 տարեկանն աշխատել է քաղաքացիական ոլորտում:
 
Ձերբակալվել է Նախիջևանի ազգային անվտանգության նախկին նախարար Վելի Ալեսքերովը, որի գտնվելու վայրի մասին հանրությունը երկար ժամանակ տեղեկություններ չուներ։ Վերջինս մեղադրվում է նշված հանցախմբի համար հատուկ դարձած քրեական հոդվածներով՝ յուրացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական լիազորությունների գերազանցման մեջ։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի, Նախիջևանի քննչական մեկուսարանում պահվող Վ.Ալեսքերովը ենթարկվում է խոշտանգումների, նրա ձերբակալությունից հետո աշխատանքից ազատվել են նրա 50-ից ավելի ազգականներ։
 
Կալանք է դրվել ԱՀ նախկին ԱԱՆ էներգետիկ և տրանսպորտի անվտանգության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ակիֆ Չովդարովի բնակարանների, առանձնատների և կոմերցիոն օբյեկտների վրա: Վերջինս համարվում է Է.Մահմուդովի մերձավորագույն անձանցից մեկը և նշված հանցախմբում ունեցել է կենտրոնական դերակատարում:
 
Սոցհարցում. Ներկայացնենք ադրբեջանական minval.az կայքէջի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք վերաբերում են ԼՂ հակամարտության լուծման վերաբերյալ ադրբեջանական հանրության սպասումներին: «Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը հետ վերադարձնել գրավված Ղարաբաղը» հարցին դրական է պատասխանել հարցման 1419 մասնակիցների 52%-ը, 27%-ը տվել է բացասական պատասխան, իսկ 21%-ը հավատում է, որ դա կլինի, բայց ոչ տեսանելի ապագայում:
 
1 1995-2005թթ. ՄԱՀ-ից տնտեսական բարեփոխումների ծրագրերին աջակցելու նպատակով վերցվել էին $577,3 մլն-ի երկարաժամկետ վարկեր:
 
2 Դրանց մասին նշվել է նախկին զեկույցներում։
 
3 Փորձագետների կարծիքով, «Հարավային գազային միջանցք» նախագծի վրա օպերացիոն և բազային ծախսերը 2016-2019թթ. կկազմեն $8,4 մլրդ:
 
4 «Հարավային գազային միջանցքն» ամբողջությամբ պետական ընկերություն է, որի 51%-ը պատկանում է ԱՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ մնացած 49%-ը՝ SOCAR-ին:
 
5 2015թ. առաջին Եվրոպական խաղերի ընթացքում Բաքվում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ ԱՀ ԱԳՆ բարձրաստիճան աշխատակից Արիֆ Մամեդովը ԱՀ իշխանական որոշ շրջանակների քննադատող գրառում էր կատարել Facebook սոցիալական ցանցում, ինչը պատճառ դարձավ նրա և այդ գրառմանը հավանություն տվող ևս 5 դիվանագետի պաշտոնազրկության։ ԱՀ ԱԳՆ նշված վեց աշխատակիցները, այդ թվում Ն.Ջաֆարովը, հրաժարվեցին վերադառնալ Ադրբեջան: Հետագայում Ն.Ջաֆարովը Հոլանդիայում քաղաքական ապաստան ստանալուց հետո հայտարարել էր, որ Ա.Մամեդովի պաշտոնանկության պատճառը նշված գրառումը չէր, այլ 2013թ. ԱԳՆ ղեկավար կազմի խորհրդակցության ընթացքում ադրբեջանցի դիվանագետներին նստավայր երկրներում կաշառատվության մեջ մեղադրելը։
 
 
 
Անուշավան Բարսեղյան 
քաղաքական հետազոտությունների կենտրոնի
ղեկավարի տեղակալ
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն