«Ջազը հանուն համամարդկային արժեքների» համերգին ելույթ կունենա աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնան


«Ջազը հանուն համամարդկային արժեքների» համերգին ելույթ կունենա աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնան

  • 29-04-2016 19:05:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արդեն 5-րդ տարին անընդմեջ Երևանը, միանալով աշխարհի տարբեր քաղաքներին, ապրիլի 30-ին կնշի ջազի միջազգային օրը: Կասկադ համալիրի տարածքում կկազմակերպվի բացօթյա համերգ, որին ելույթ կունենան հայտնի հայ ջազմեններ և ջազբենդեր: Օրվա միջոցառման, մասնակիցների և ծրագրի մասին ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը՝ հրավիրված մամուլի բացօթյա ասուլիսի ժամանակ: 
 
 «2011 թվականի վերջին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 30-ը հայտարարեց որպես ջազի միջազգային օր, և արդեն 2012 թվականից աշխարհի տարբեր քաղաքներում ու նաև Երևանում կայացան առաջին համերգները: Արդյունքում Երևանն այսօր աշխարհում ունի ջազային քաղաքի համբավ: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ջազի սիրահար մեր հանդիսատեսին հաճելի անակնկալ է սպասում: Ի դեպ, համերգային ծրագիրը կրում է «Ջազը հանուն համամարդկային արժեքների» խորագիրը, որն ընտրվել է ոչ պատահական. ջազը, որպես երաժշտական առանձին ոճ, ձևավորվելու առաջին իսկ օրից մշտապես խոսում է ազատության, համագործակցության, համերաշխության և խաղաղության լեզվով», - նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:
 Ասուլիսի մասնակից «Հայկական ջազի ասոցիացիայի» նախագահ Կամո Մովսեսյանն իր հերթին, անդարդառնալով Երևանը միջազգային հարթակներում որպես ջազային քաղաք ներկայացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, նշել է, որ ընդամենը վերջերս Երևանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ստեղծված հատուկ կայքում, որտեղ ներառված են միայն ջազի միջազգային օրը նշող քաղաքները: 
Ջազի օրվա համերգին մասնակցելու համար այս տարի Երևանում են հյուրընկալվել և հայ ճանաչված ջազմենների հետ նույն բեմում ելույթ կունենան ջազի լեգենդ, աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնան և հայտնի երգիչ Ռոբերտո Կել Տորեսը: 
 Երևան այցի, հայ ջազմենների հետ համագործակցության մասին հարցերին պատասխանելով՝ Ռիչարդ Բոնան նշել է, որ 2-րդ անգամ լինելով Երևանում՝ շատ է սիրել քաղաքն ու այստեղ տան նման է զգում իրեն: 
«Երևանը մշակութային հարուստ քաղաք է, և ուրախ եմ, որ ջազի օրը նշելու ենք միասին: Համերգի ժամանակ սպասվում են անակնկալներ: Միայն կասեմ, որ ինձ շատ են հետաքրքրել հայկական ազգային նվագարանները՝ հատկապես դուդուկը: Կարծում եմ՝ հայ ջազմենների հետ համագործակցությունը միայն այս համերգով չի սահմանափակվի»,-նշել է բասկիթառահարը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play