Միջազգային իրավունքը շատ ճկուն և ոչ ազնիվ երևույթ է եւ ծառայում է միայն հաղթողներին. Քաղաքագետ


Միջազգային իրավունքը շատ ճկուն և ոչ ազնիվ երևույթ է եւ ծառայում է միայն հաղթողներին. Քաղաքագետ

  • 07-05-2016 07:43:13   | Հայաստան  |  Վերլուծություն

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գտնում է, որ այժմ շատ տեղին ու նպատակահարմար է ՀՀ կողմից Արցախի անկախության ճանաչումը և մանավանդ այս իրավիճակում, երբ բացարձակ ակնհայտ է, որ որևէ բանակցային գործընթաց չի կարող արդյունավետ լինել. Ադրբեջանը միայն ու միայն ռազմական լուծում է տեսնում խնդրին և միայն հօգուտ իրեն:
 
«Արցախի անկախության ճանաչումը ոչ թե ինքնանպատակ գործողություն պետք է լինի, այլ պիտի ծառայի նրան, որ Արցախը միանա Հայաստանին, ինչից հետո Արցախի դեմ արված յուրաքանչյուր ոտնձգություն կդիտարկվի որպես ոտնձգություն ՀՀ տարածքի նկատմամբ, և այդ դեպքում ՀԱՊԿ-ը կողմնորոշվելու, ինչպես նաև իր կենսունակությունը կամ ոչ կենսունակությունը ցույց տալու խնդիր կունենա»,- մեր զրույցի ժամանակ ասաց Հ. Մարտիրոսյանը` անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագիծը հաստատելու և սահմանված կարգով Ազգային ժողով ուղարկելու հանգամանքին:
 
Քաղաքագետի խոսքով, մենք սխալ մտածողության մեջ ենք, եթե կարծում ենք, որ կարելի է ինչ-որ բանով ինչ-որ մեկին զգուշացնել, հասկացնել, եթե հավատում ենք, որ միջազգային հանրությունը կարևոր գործոն է, և որ Արցախի անկախության ճանաչումը կարող է պատճառ դառնալ, որ մեզ սխալ ընկալեն կամ վատ վերաբերվեն. «Պետք է հասկանանք, որ սա Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահն է, անհրաժեշտություն է, գոյապայքար: Ի վերջո, մենք «Ղարաբաղյան հարց» ասվածը լուծելու խնդիր չունենք, մենք այն արդեն լուծել ենք և այժմ ունենք միայն մեկ խնդիր` Ղարաբաղը միացնել Հայաստանին: Մեզ ամենևին պետք չէ ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը, միջազգայնորեն ԼՂ-ին կարգավիճակ տալը. մենք ինքներս կարող ենք այդ կարգավիճակը տալ և փակել հարցը»,- հավաստիացրեց նա` ընդգծելով, որ բոլոր բանակցությունները եղել են այն նպատակով, որ պատերազմ չլինի, բայց եթե տեսնում ենք, որ պատերազմը, հետագա լայնամասշտաբ ռազմական գործողություններն անխուսափելի են, և մենք արդեն պատերազմի մեջ ենք, ապա այլևս բանակցություններով կամ խնդրի քաղաքական լուծմամբ մտահոգվելու կարիք չունենք:
 
Այն հարցին, թե արդյոք միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախի անկախության ճանաչումը կամ ՀՀ կազմի մեջ ընդգրկելը խնդիրներ չի՞ առաջացնի, Հ. Մարտիրոսյանը պատասխանեց. «Ռուսաստանին կախեցի՞ն պարանով, որ Ղրիմն իրեն միացրեց: Միջազգային իրավունքը ծառայում է միայն հաղթողներին, միջազգային իրավունքը շատ ճկուն և ոչ ազնիվ երևույթ է: Մենք սիրում ենք հղումներ անել դրան, վախենալ դրանից, բայց իրականում միջազգային իրավունք, որպես այդպիսին, չկա: Աշխարհի ցանկացած անկյունում ինչ ասես կատարվում է, բայց որևէ մեկը միջազգային իրավունքով պատասխանատվության ենթարկվո՞ւմ է այդ սարսափելի արարքներն իրականացնելու համար: Ես չեմ ասում, որ մենք էլ նույն բանն անենք, բայց չճանաչել ԼՂՀ-ն` անհանգստանալով միջազգային հանրության արձագանքի համար, ծիծաղելի է»,- ասաց նա` հարց բարձրացնելով, թե արդյոք Ռուսաստանը որևէ կերպ պատժվե՞ց Ղրիմն իր կազմի մեջ մտցնելու համար կամ արդյոք Թուրքիան միջազգային իրավունքի հետ կապված խնդիրներ ունենցա՞վ, երբ մտավ Կիպրոս. «Այո, Ռուսաստանի դեմ սանկցիաներ կիրառում են, բայց դա ոչ թե Ղրիմի հետ է կապված, այլ պարզապես այդ առիթն օգտագործվեց Ռուսաստանին ծնկի բերելու համար: Ես չեմ կարծում, որ մենք Ռուսաստանի պես գերտերություն ենք, որ էականորեն խանգարենք միջազգային խաղացողներին»:
 
Այնուամենայնիվ քաղաքագետը չի կարծում, որ Արցախի անկախության ճանաչման բանաձևն այս փուլում կընդունվի. «Ես գրեթե 100 տոկոսով համոզված եմ, որ պաշտոնական Երևանը սպասում է մինչև թշնամին ևս մեկ հարձակում գործի, որովհետև պաշտոնական Երևանը գիշերները չի քնում և մտածում է միայն միջազգային հանրության արձագանքի մասին և, կարծում եմ, սխալ է անում, բայց ունենք այն, ինչ ունեք: Էլի լավ է, որ այս հարցում գոնե փոքրիկ շարժ կա»,- նշեց Հ. Մարտիրոսյանը` հավելելով, որ սա ուղղակի աշխարհի ռեակցիան կանխելով` մեր շահերը հետապնդելու քայլ է. «Ով կարծում է, որ սա Ադրբեջանին զսպող մեխանիզմ է, խորը մոլորության մեջ է, որովհետև Ադրբեջանին ոչինչ չի կարող զսպել»:
Ինչ վերաբերում է հասարակության մեջ առկա տարաբնույթ կարծիքներին` ճանաչել Արցախի անկախությունը, թե միացնել ՀՀ-ին, քաղաքագետը գտնում է, որ երկուսն էլ աշխատող տարբերակներ են, եթե վերջնակետը միացումն է, թե ինչ տարբերակով կհասնենք դրան, արդեն երկրորդական է. «Ես դեմ եմ միայն այն տարբերակին, որ Արցախը մնա որպես առանձին պետություն, քանի որ այն պատմականորեն Հայաստանի մաս է եղել, հիմա էլ դե ֆակտո, փաստացի Հայաստանի մաս է, և մնում է միայն լեգիտիմացնել դա»,- շեշտեց նա և, անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումից հետո հնարավոր զարգացումներին, կարծիք հայտնեց, որ այլ երկրներից ԼՂՀ-ն կճանաչեն միայն այն պետությունները, որոնք կախվածություն չունեն Ադրբեջանից, փոխարենը Հայաստանի բարեկամն են. «Իրականում բոլորովին էլ պարտադիր չէ, որ արձագանքներ լինեն. մենք չենք մտահոգվում, չէ՞, թե արդյոք Լոռու մարզը ճանաչված է, թե ոչ: ՀՀ-ն ճանաչված է, Արցախը դառնում է ՀՀ մաս, և դրանով հարցը լուծվում է»:
 
Անի Ռափյան
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play