Երեւանում սպասում են եւս մեկ պատերազմի. Քաղաքագետ


Երեւանում սպասում են եւս մեկ պատերազմի. Քաղաքագետ

  • 07-05-2016 23:34:35   | Հայաստան  |  Վերլուծություն
Ապրիլյան պատերազմի ֆոնին, մեծ էնտուզիազմով, Հայաստանում որոշակի քաղաքական շրջանակներ փորձում են դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցը, որին Հայաստանը համառորեն ու վաղուց հրաժարվում է ճանաչել որպես անկախ պետություն:
 
Այս կապակցությամբ պետք է նշել, որ Ղարաբաղի իշխանություններն ու քաղաքացիական հասարակությունը ոչ մի անգամ, նույնիսկ կատակով, չեն փորձել քննարկել սեփական հայրենիքի ինքնիշխանության հարցը ոչ միջազգային պլանում, ոչ էլ Հայաստանում: Հնարավոր է ղարաբաղյան իշխանության եւ Երեւանի նրանց շեֆերի միջեւ եղել են ինչ որ խոսակցություններ, բայց դժվար թե դրանք քաղաքական նշանակություն են ունեցել, ավելի շուտ նվիրված են եղել նրան, թե ինչպես խուսափեն այդ խնդրից:
Հայաստանում փոխառել են ռուսական վաղեմի գաղափարը, որ Հայստանը կճանաչի Ղարաբաղը, եթե Ադրբեջանը գերադասի պատերազմը: Սակայն ապրիլին պատերազմը տեղի ունեցավ, շարունակվում է մինչ օրս, իսկ Ղարաբաղը ճանաչված չէ: Երեւում է Երեւանում սպասում են եւս մեկ պատերազմի:
Ընդ որում, լիովին անհասկանալի է, թե ինչ կփոխվի, եթե պատերազմ լինի: Արդյոք այդ կապակցությամբ կփոխվի միջազգային հանրության դիրքորոշումն ու որոշումը, որն ապրիլյան պատերազմից հետո էլ շարունակում է պնդել «համընդգրկուն» կարգավորումը որպես Ղարաբաղի կարգավիճակի որոշման պայման:
Բայց եթե արդեն հիմա Հայաստանը որոշում կայացնի Ղարաբաղի ճանաչման մասին, կկարողանա՞ հայ հանրությունը դա տրամաբանական ավարտին հասցնել:
Հիշվում է երբեմնի հատկանշական օրը՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ը, երբ ՀՀՇ նախաձեռնությամբ Հայաստանի Գերագույն խորհուրդը եւ Արցախի Ազգային խորհուրդը վերամիավորման որոշում կայացրին: Ի՞նչ մնաց այդ որոշումից մեկ օր անց: ՀՀՇ-ն հասկացավ, որ կոմունիստներն իրենց «սադրել» են այդ որոշմանը, եւ ցանկացած որոշում, այդ թվում ինտեգրացիոն գործընթացները, պաշար կդառնան այն ժամանակվա իշխող կոմունիստական կուսակցության համար:
Հաջորդ օրը սկսվեց այդ որոշման դեմոնտաժն ու արժեզրկումը: Այսինքն, պատմական որոշումը դարձավ հայ հանրության, ավելի ճիշտ՝ էգոիստ քաղաքական գործիչների քաղաքական պահանջմունքների զոհը:
Այդպիսին է Հայաստանը, հայերը: Դա պետք է հիշել, երբ որեւէ մեկն առաջարկում է քաղաքական լուծումներ, որոնք չունեն իրականացման որեւէ հիմք:
Սա հայերի մասով: Դիտարկենք հնարավոր որոշման միջազգային կողմը: Հայաստանում քիչ չեն մարդիկ, ովքեր ինքզինքը քաղաքագետ են անվանում, ովքեր ամեն առիթով քննադատում են իշխանությանն ու ձեւ անում, թե իրենք արեւմտամետներ են եւ ՆԱՏՕ-ի կողմնակիցներ: Իրականում նրանք հատուկ ծառայությունների վաղեմի գործակալներ են եւ պնդում են Ղարաբաղի ներկայիս անորոշ դրությունը: Տա՞նք նրանց անունները: Մասնակի նրանք արդեն անվանվել են:
Տպավորություն է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն այս դեպքում վարում են նույն քաղաքականությունը: Իրականում խնդիրն այնքան է խճճվել եւ դարձել մեծ տերությունների հակասությունների ասպարեզ, որ հայերը չեն կարող հասկանալ, որ իրենց հայրենիքը դարձել է միջազգային խոշոր խաղի ասպարեզ:
ԱՄՆ-ն կողմնակից է Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանը, «կարգավորման» պայմանով, թեեւ երեւում է չի հավատում այդ հեռանկարին: ԱՄՆ-ն զգուշանում է պատերազմից եւ չէր ցանկանա իր վրա վերցնել ռազմական գործողությունների պատասխանատվությունը: ԱՄՆ-ն շատ լավ հասկանում է, որ Հարավային Կովկասին սպասվում է աշխարհքաղաքական իրավիճակի արմատական փոփոխություն, եւ այդ ապագա ֆոնին ղարաբաղյան իրավիճակն ընդամենը դրվագ է, եւ ներկայում խնդիրն այն է, որ դիմակայության կողմերը իրար չկոտորեն:
Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչումը ամերիկացիները չեն դիտարկում որպես խնդիր, որը կարիք ունի քաղաքական ու ռազմական ռեսուրսների կիրառման: ԱՄՆ-ն միակ պետությունն է, որը պետական բյուջեից տնտեսական օգնություն է հատկացնում Ղարաբաղին:
Կասկած չկա, որ ղարաբաղյան ասպարեզում ԱՄՆ մասնակցությունն ու դիրքորոշումը որոշակի նշանակություն ունի Թուրքիային վերահսկելու հարցում: Դրա համար կան որոշակի փաստարկներ, սակայն սա քննարկման այլ խնդիր է: Բայց պետք է հասկանալ, որ Թուրքիայի հանդեպ ԱՄՆ վերահսկողությունը Հարավային Կովկասի ռազմական եւ մասնակիորեն քաղաքական գործընթացներին Թուրքիայի չմիջամտելու կարեւորագույն խնդիրն է:
Ռուսներն ու ղարաբաղյան թեման առանձնահատուկ թեմա է: Ռուսներն, ի տարբերություն հայերի, չեն մոռացել, որ ոչ վաղ անցյալում՝ 1991-1992 թթ. Հաջողությամբ ցեղասպան ակցիաներ ու տեղահանություն են իրագործել Ղարաբաղում: Ռուսները հասկանում են, որ հայ ժողովրդի մեջ կան մարդիկ, ովքեր չեն մոռացել դա եւ պատրաստ են իրենց կյանքը տալ ռուսների դեմ պայքարի համար:
Ռուսների համար Ղարաբաղում հայերի մնալը պատմական թյուրիմացություն է, եւ նրանք ցանկանում են ազատվել հայերից ընդմիշտ: Նախկին ԽՍՀՄ տարածքում չի կարող լինել պետություն, որը համաձայնեցված չէ Ռուսաստանի հետ: Ինչի՞ մասին է խոսքը: Բայց այս ամենը խաղալիք է ռուսների համար: Գլխավոր խնդիրը՝ ամերիկացիներին չթողնել Հարավային Կովկաս:
Ես արդեն գրել եմ Պուտինի խորհրդականի հետ զրույցի մասին, ով ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Ղարաբաղի ճանաչումը աղետ կդառնա հայերի համար, դա չի կարելի թույլ տալ: Այդ զրույցին ներկա էին մի քանի հոգի Հայաստանից, ովքեր աշխատում են պետական հիմնարկներում:
Ռուսները վախեցած են, որ ԱՄՆ-ն փորձում է Ղարաբաղում տեղադրել զինված բախումների վերահսկողության միջոցներ: Դա նշանակում է ոչ միայն ամերիկյան քաղաքական ներկայություն, այլեւ հայերի հանդեպ ռուսների հերթական ցեղասպանության անհնարինությունը:
Ապրիլյան պատերազմից հետո ռուսները շտապեցին այդ խնդիրը դնել Գերմանիայի վրա, որն ավելի է ձեռնտու իրենց: Գերմանիան կանգնած է քաղաքական վարկաբեկման հեռանկարի առջեւ, եթե գնա Ռուսաստանի հետ համաձայնեցված գործողությունների, ինչին ձգտում է Ռուսաստանը:
Ռուսները երկար ժամանակ գտնում էին, որ Հայաստանում խնդիրներ չունեն: Վերջին պատերազմը բերեց այն ընկալումը, որ խնդիր կա, եւ հիմա արդեն ոչ միայն Ռուսաստանը Հայաստանի գործընկերը չէ, այլեւ Հայաստանը Ռուսաստանի գործընկերը չէ:
Ռուսաստանի ռազմական շրջանակներում սկսել են խոսել, որ քաղաքական գործիչներն իրավիճակը հասցրել են նրան, որ Հայաստանը լավագույն դեպքում միայն զենք է գնելու իրենցից, այն էլ դեպքից դեպք, եւ ժամանակն է մտածել Գյումրիի բազան հանելու մասին:
Այսպիսով, Ռուսաստանը կտրուկ դեմ է Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչմանը, եւ Հայաստանի ու Ղարաբաղի իշխանության համար դժվար, գրեթե անհնար է նման որոշում կայացնելը:
Քանի դեռ Ղարաբաղը ճանաչված չէ, Հայաստանը մնում է Ռուսաստանի վասալը, չնայած ռուսները սկսել են խիստ կասկածել Հայաստանում իրենց դիրքերի համարժեքությանը: Ի՞նչը ճանաչել ու ո՞վ պիտի ճանաչի: 
 
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play