«ՎՏԲ-Հայաստանին» պատկանող գործարանին ներվում է կես միլիարդ դրամի «գողությունը»


«ՎՏԲ-Հայաստանին» պատկանող գործարանին ներվում է կես միլիարդ դրամի «գողությունը»

  • 11-05-2016 14:28:58   | Հայաստան  |  Վերլուծություն

1in.am  Ազգային ժողովը քվեարկել է «Հրազդան ցեմենտ» գործարանի 500 միլիոն հարկային պարտքը դուրս գրելու մասին օրենքի նախագծի օգտին:
 
Այդ նախագիծը մի անգամ ձախողվել էր խորհրդարանում, այժմ անցկացվում է: Կառավարությունը դրա համար արտահերթ նիստ հրավիրեց: Փաստորեն, նիստն արդարացրեց իրեն: «Հրազդան ցեմենտը» ներկայումս պատկանում է «ՎՏԲ-Հայաստան» բանկին, որտեղ գործարանը գրավադրել էր թե՛ գործարանի, թե՛ բանկի նախկին սեփականատեր Միկա Բաղդասարովը:
 
Կառավարությունը պատճառաբանում է, թե գործարանի պարտքը ներում է այն գործարկելու հրամայականի համար, որպեսզի գործարանն աշխատի և արտադրանք տա, աշխատատեղ ապահովի: Այդ պատճառաբանությամբ ներվում է կես միլիարդ դրամը, որ պետք է փոխանցվի պետական բյուջե: Կարելի է հաշվել, թե քանի քանի քաղաքացի է հայտնվում բանտում մի քանի հազար դրամի գողության համար: Փաստացի, Միկա Բաղդասարովին պատկանած, ներկայումս «ՎՏԲ-Հայաստանին» պատկանող գործարանին ներվում է կես միլիարդ դրամի «գողությունը»:
 
Մի՞թե հարկային պարտավորությունը գողությունից պակաս է որևէ բանով: Բայց այստեղ խնդիրը թերևս այն չէ, որ խոսքը Բաղդասարովի, կամ «ՎՏԲ-Հայաստանի» մասին է: Այստեղ թերևս կա մեկ այլ խնդիր, որը հատկապես ներկայումս կարևոր է Սերժ Սարգսյանի համար: Դա իշխող համակարգի կառավարելիության խնդիրն է, որի վերաբերյալ կասկած կարող էր առաջացնել այն, որ գործարանի պարտքը ներելու վերաբերյալ օրինագիծը առաջին փորձի ժամանակ տապալվել էր: Փաստացի, երկրորդ փորձը լուծում է այդ հարցը. նախ ստուգել, որ կառավարման վահանակն աշխատում է անխափան, բացի դրանից՝ դա ցույց տալ իշխող համակարգում բոլորին:
 
Եթե իրավիճակն այլ լիներ, չլինեին պատերազմն ու արտաքին խնդիրները, հնարավոր է՝ իրադարձությունը զարգանար այլ սցենարով: Բանն այն է, որ այդ պարագայում Սերժ Սարգսյանին նույնիսկ ձեռնտու կլիներ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության նախագծի տապալումը խորհրդարանում: Բայց ներկայումս Հովիկ Աբրահամյանի տապալումը Սարգսյանի համար ցանկալի չէ: Դա զգացել է նաև Աբրահամյանը, որը մայիսի 9-ին Արցախում բավական ինքնավստահ էր և հայտարարում էր, թե ինքը չունի դաս քաղելու կարիք, ինքը միշտ էլ եղել է Արցախի կողքին: Ճիշտ է, Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն ասել էր, որ դղյակներից ինքն էլ զզվում է՝ իսկ Աբրահամյանը դղյակատեր է, բայց միաժամանակ նշել էր, որ չի պատրաստվում 37 թիվ անել: Սարգսյանն իհարկե չի գնա դրան. դա ոչ միայն ավելորդ ռիսկ է, այլև հիանալի գործոն՝ իշխող համակարգին «վաճառելու» համար: Իսկ քանի որ Սարգսյանը ներկայումս զբաղված է իր իշխանության խնդիրը լուծելով, նրա համար 37 թիվն ունի այլ կարևորություն: «37» իրականացնելու, իսկ իրականում Հայաստանում ընդամենը օրինականություն և իրավականություն հաստատելու միջոցով նա որևէ բան կվերադարձնի պետությանը, իսկ «37» չիրականացնելու դեպքում նա կվերցնի այն, ինչ իրեն է պետք՝ իշխող համակարգը ստիպված կլինի «փրկագին» վճարել «37»-ի բացակայության համար:
 
Բանն այն է, որ ներկայումս Սերժ Սարգսյանը գտնվում է մի վիճակում, երբ ուժեղ է համակարգից, չնայած ահռելի խնդիրներին: Դա նրա նախագահությանշրջանի համար բացառիկ իրավիճակ է, քանի որ Սարգսյանի ուժը մինչ այդ միշտ եղել է նրա թուլության մեջ, պարզապես նա կարողացել է օգտագործել իշխանության մեջ շահերի բախման իրողությունը:
 
Ներկայումս Սարգսյանն իսկապես ուժեղ է, և այդ վիճակը ստեղծվել է քառօրյա պատերազմի արդյունքում, այն բանի շնորհիվ, որ զինվորն ու սպան թույլ չեն տվել պարտություն, այլապես Սարգսյանն այլևս չէր լինի: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչի համար կօգտագործեր այդ ուժը Սերժ Սարգսյանը՝ համակարգից «փրկագին» գանձելու և դրանով իր իշխանության շարունակությունն ապահովելո՞ւ, թե՞ պետության խնդիրները լուծելու համար: Հայտարարությունը, թե չի անի «37» թիվ, հուշում է, որ Սարգսյանը գնում է առաջին տարբերակով, որն ամենասպասելի տարբերակն էր:
 
Ինչ խոսք, Սարգսյանը իր իշխանության հարցը կարող էր լուծել նաև պետության խնդիրները լուծելու ճանապարհով, քանի որ այդ ուղղությամբ գործնական էական քայլերը անկասկած զգալիորեն կլեգիտիմացնեին Սարգսյանին: Բայց այստեղ արդեն հարցը մտածողությունն է ու տեսակը, որին միշտ պատկանում է վերջին խոսքը:
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն