9-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումի առանցքային թեման լինելու է Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը


 

9-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումի առանցքային թեման լինելու է Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը

  • 11-05-2016 14:54:41   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ամենամյա 9-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումի  այս տարվա առանցքային թեմաներից է լինելու Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը շահագրգիռ պետական գերատեսչությունների և կազմակերպությունների, ինչպես նաև ՏՏ լուծումներ առաջարկող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
 
Ըստ նրա,  ի տարբերություն նախորդ տարիների ԴիջիԹեքի, այս տարի այն անցկացվելու է հունիսի 17-18-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում, քանի որ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը գտնվում է վերանորոգման մեջ, իսկ ֆորումի անցկացման երեք հիմնական ձևաչափերից`  ցուցահանդես, պռոբլեմային քննարկումներ և տեխնոլոգիաների ներկայացում, չի անցկացվելու ցուցահանդեսը համապատասխան տարածքի բացակայության պատճառով: 
«Արդեն հայտնի պատճառներով ֆորումի հիմնական շեշտադրումը լինելու է ռազմաարդյունաբերության զարգացման վրա. Հայաստանի Պաշտպանության նախարարի հրամանով ԻՏՁՄ-ի և Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչներից կազմվել է համապատասխան հանձնաժողով, որն աշխատելու է ոլորտում առկա խնդիրների լուծման համար»,- ընդգծեց Կ. Վարդանյանը` հավելելով, որ քննարկումներ են ծավալվելու երեք խնդիրների շուրջ. Առաջինը կարճաժամկետ լուծումների առաջարկում հակառակորդին հակազդելու համար, երկրորդը` միջնաժամկետ լուծումներ, այսինքն թե ինչպես եղած տեխնոլոգիաների հիման վրա Հայաստանը կարող է ստեղծել նոր ռամարդյունաբերություն և երրորդը` ռազմավարական խնդիրն է: 
Կ. Վարդանյանի գնահատմամբ` «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագրով երկօրյա ֆորումը լավ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության և համագործակցության համար:
ԻՏՁՄ գործադիր տնօրենի խոսքով` այս տարի միջազգային լուրջ մասնակցություն կա, ինչը ֆորումի զարգացման տրամաբանական հետևանք է. «Այս տարի ակնկալվում է շուրջ 70 ընկերությունների մասնակցություն և մոտ 2000 այցելուներ: 
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի կարծիքով` ԴիջիԹեք բիզնես ֆորումի անցկացումն այնքանով է կարևոր, որ հնարավորություն է ընձեռում ՏՏ ոլորտի ընկերությունների և տնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչներին հանդիպել, քննարկել ու ծանոթանալ իրենց գործունեության ոլորտում  նորագույն տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հնարավորություններին: 
Նրա փոխանցմամբ` երկօրյա ֆորումը բաղկացած է լինելու մի քանի կլոր-սեղան քննարկումներից հետևյալ ութ թեմաներով` տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը էկոհամակարգերում, ԱՊՀ «Clean Tech» տարածաշրջանային հարթակի ձևավորում, տեխնոլոգիաները ֆինանսաբանկային ոլորտում`  նոր սերնդի բանկային համակարգ, էլեկտրոնային կառավարում,  Եվրոպական գործարարների (Yes For Europe) և Հայ-գերմանական բիզնես համաժողովի անցկացում, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում, կիբերանվտանգության մարտահրավերներ և լուծումներ:  
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես լուծվեց ՏՏ ոլոտի ներկայացուցիչների ԱՄՆ մեկնելու վիզա դեսպանատան կողմից չտրամադրելու հարցին, Է. Տարասյանը նշեց. «ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը բազմիցս դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն և արտգործնախարարություն, հնարավորություն ենք ունեցել դեսպանի հետ առանձնազրույցի ժամանակ բարձրացնել նաև այս հարցը: Երկու շաբաթ առաջ արդեն իսկ դրական արձագանքներ ենք ստացել ՏՏ ներկայացուցիչների կողմից, որովհետև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից երաշխավորագիր նամակներ են ուղարկվել դեսպանատուն այդ հարցը կարգավորելու համար, կարծում եմ մասնավոր կազմակերպությունների կողմից դրական ազդակներն արդեն իսկ վկայում են խնդրի կարգավորման մասին»:
ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի խոսքերով` B2B (Բիզնեսը` բիզնեսի համար) ձևաչափով այս ֆորումի հիմնական այցելուներն են լինելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջատար ընկերությունների ղեկավարներ, ՏՀՏ պատասխանատուներ, միջազգային կազմակերությունների ներկայացուցիչներ, ՏՀՏ լուծումներ առաջարկող և խորհրդատվական ընկերություններ: 
Նշենք, որ ԴիջիԹեք բեիզնես ֆորումն անցկացվում է 2008 թվականից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` ԻՏՁՄ-ի կողմից:  
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ