Մոսկվայի անիմաստ շանտաժը


Մոսկվայի անիմաստ շանտաժը

  • 11-05-2016 17:07:18   | Հայաստան  |  Վերլուծություն

«ՀԵՏՔ». Հայաստանում ՌԴ դեսպանությունը չհերքեց հայկական մամուլում ակտիվորեն շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ դեսպանատան երկրորդ քարտուղարը մայիսի 9-ին հայտարարել է, թե քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախը, ոչ մի ռուսական զենք Արցախ գնալ չի կարող։ 
 
Չի կարելի բացառել, որ դեսպանատունը չի շտապում արձագանքել այս տեղեկատվությանը, քանի որ պարզապես թքած ունի հայաստանյան հանրային կարծիքի և այն ընկալումների վրա, որոնք կարող է առաջացնել նման լուրջ ենթատեքստեր պարունակող և մեկնաբանելի տեղեկատվությունը։ Սակայն նույնքան հավանական է, որ այն համապատասխանում է իրականությանը, և դեսպանությունը մի կողմից հիմքեր չունի այն հերքելու, իսկ մյուս կողմից՝ պարզապես ցանկացել է ոչ պաշտոնապես, դեսպանության երկրորդական դեմքերի մակարդակով նման կերպ հայաստանյան հանրությանը որոշակի ուղերձներ հասցնել։
 
Թվում է, թե դեսպանությունը դրդում է Հայաստանին ճանաչել ԼՂՀ-ն՝ դա ներկայացնելով իբրև Հայաստանին զենք մատակարարելու և Ադրբեջանին սպառազինության առումով հակակշռելու, զսպելու նախապայման։ Իրականում, սակայն, այս հայտարարության ենթատեքստն այն է, որ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում Հայաստանին զինտեխնիկա մատակարարել, քանի որ վստահ չէ, որ այն չի հայտնվելու Լեռնային Ղարաբաղում։
 
Բանն այն է, որ Մոսկվան ինքն է հստակ պահանջում Հայաստանից՝ չգնալ ԼՂՀ-ն ճանաչելու քայլին։ Նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԼՂՀ-ն ճանաչելու վերաբերյալ մի օրինագծի կապակցությամբ իր իսկ եզրակացությանը, որի իմաստն ընդամենը արտաքին գործոններով պայմանավորված ճանաչումը հնարավոր համարելն էր։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս առիթով հայտարարեց, թե հուսով է՝ կողմերը չեն անի քայլեր, որոնք կխաթարեն հակամարտության գոտում հաստատված «փխրուն խաղաղությունը»։ Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելացրեց, թե Երևանից իրեն հստակ ասվել է, որ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է լուծվի համապարփակ կարգավորման շրջանակում, այլ ոչ թե միակողմանիորեն։ Լավրովը բաց տեքստով փաստորեն, ասաց, որ Երևանը Մոսկվային տվել է ԼՂՀ-ն երբևիցե միակողմանիորեն չճանաչելու խոստում։
 
Էականն այն չէ՝ Երևանն իսկապե՞ս Լավրովին տվել է նման երաշխիքներ, թե՞ նման հայտարարությամբ ՌԴ արտգործնախարարը պարզապես ճնշում է գործադրում Երևանի վրա՝ այդ քայլին չգնալու և Մոսկվային ծանրագույն դիվանագիտական ընտրության առջև չկանգնեցնելու համար։ Էականն այն է, որ մի կողմից՝ Հայաստանի առջև հստակ դրվում է ԼՂՀ-ն չճանաչելու, իսկ մյուս կողմից՝ միայն ճանաչելու դեպքում Ռուսաստանից ստացված կամ գնված զենքն ու զինտեխնիկան Արցախին տրամադրելու պահանջը։ Այլ կերպ ասած՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը յուրօրինակ ձևով բացատրում է, որ Հայաստանը սպառազինություն չի ստանում, որպեսզի այն չկիրառի ղարաբաղյան պատերազմում և չի ստանալու, քանի դեռ կա դրա «վտանգը»։
 
Մոսկվայի իրական մտավախությունը, պայմանավորված է երկու հանգամանքով։ Առաջինը ԼՂՀ-ն ճանաչելուց հետո Ստեփանակերտի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու և Արցախի ու արցախցիների անվտանգությունն ապահովելու նպատակով անմիջականորեն Ադրբեջանի հետ ռազմական բախման մեջ մտնելու Երևանի հնչեցրած նախզգուշացումն է։ Մոսկվայում հասկանում են, որ դրա կենսագործման դեպքում Հայաստանը, ելնելով ռազմական համագործակցության պայմանագրերից, գուցե պահանջի Մոսկվայից օգնություն ցուցաբերել Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններում, ինչը հղի է Թուրքիայի հետ նոր մակարդակի ռազմական առճակատման մեջ մտնելու հեռանկարով։ Եվ ահա որպեսզի Հայաստանը չգնա այդ քայլին, մի կողմից նրա առջև հստակ դնում է ԼՂՀ-ն չճանաչելու, իսկ մյուս կողմից՝ այդ զինտեխնիկան Արցախ չփոխանցելու պահանջը։
 
Երկրորդը Ադրբեջանի հետ ունեցած որոշակի հնարավոր պայմանավորվածություններն են, որոնք նաև հասկանալի են դարձնում, թե ինչու ռուսական կողմը չի շտապում Հայաստանին մատակարարել այն զինամթերքն ու զինտեխնիկան, որը վերջինս գնել է 200 մլն դոլարի վարկով, և որի պայմանագիրը ՀՀ ԱԺ-ն վավերացրել էր գրեթե մեկ տարի առաջ։
 
Այս տարվա մարտին, այսինքն՝ ապրիլյան քառօրյա թեժ ռազմական գործողություններից բառացիորեն օրեր առաջ, երբ ռուսական կողմը տարօրինակ կերպով պաշտոնապես հրապարակեց այդ պայմանագրով Հայաստանի գնած զինտեխնիկայի՝ գաղտնի համարվող ամբողջական ցանկը, Ադրբեջանը պաշտոնապես բողոքի նոտա հղեց Ռուսաստանին՝ պահանջելով տալ հստակ երաշխիքներ, որ այդ զենքը չի հայտնվելու իր «օկուպացված տարածքում», այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում։ Դրան ի պատասխան՝ ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ընդամենը հայտարարեց, որ իրենք պահում են կողմերի միջև ուժային բալանսը, և որ Ռուսաստանը երբեք չի անի քայլեր, որոնք, ուշադրություն դարձնենք՝ կվնասեն Ադրբեջանի հետ իրենց հարաբերություններին։ Դրանից գրեթե անմիջապես հետո անակնկալ կերպով Բաքու մեկնեց ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, իբր, Ադրբեջանի բարձր ղեկավարության հետ քննարկելու այդ երկիր մատակարարված զինտեխնիկայի դիմաց կուտակված պարտքերի վերադարձման հարցը։
 
Ապրիլի 7-ին Երևանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՌԴ իր գործընկերոջը՝ Դմիտրի Մեդվեդևին, խնդրեց միջնորդել, որպեսզի ռուսական ռազմաարդյունաբերական համապատասխան ձեռնարկություններն արագացնեն վարկային պայմանագրով նախատեսված զինտեխնիկայի մատակարարումները։ Դա հասկանալի դարձրեց, որ ռուսական կողմը չի ուզում կատարել պայմանագրային իր պարտավորությունները զինտեխնիկայի մատակարարման վերաբերյալ, և որ Ռոգոզինը ոչ թե պարտքերի վերադարձման համար էր Բաքու մեկնել, այլ արդեն իսկ Արցախի վրա հարձակում պլանավորող Ալիևին հանգստացնելու, որ այդ պայմանագրով նախատեսված զինտեխնիկայի որևէ խմբաքանակ դեռևս Հայաստան չի ուղարկվել, հետևաբար դրանք չեն կարող լինել Արցախում։ Այսպիսով, Ռուսաստանը Բաքվին տվեց նրա ցանկալի երաշխիքներն առ այն, որ հայկական կողմը չունի այն համարժեք զինտեխնիկան, որոնցով կարող է պատասխանել ադրբեջանական ԶՈւ-ին՝ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում։ Այսինքն՝ հիմք ընդունեց ոչ թե Հայաստանի հետ իր «ստրատեգիական դաշնակցային» հարաբերությունները, այլ Ադրբեջանի հղած բողոքի նոտայով ներկայացված պահանջները։
 
Եվ ահա Հայաստանում ՌԴ դեսպանատունը Բաքվին երկրորդ անգամ է հավաստիացնում, որ ոչ միայն այդ զինտեխնիկան Արցախում չէ, այլև գուցե Հայաստան չի մատակարարվելու այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը չի հրաժարվել Արցախի պաշտպանության համար Ադրբեջանի հետ ուղղակի պատերազմի մեջ մտնելու իր սպառնալիքներից։ Սա ուղղակիորեն նշանակում է, որ Մոսկվայի իրական պահանջը Երևանից այն է, որ վերջինս չմիջամտի ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողություններին՝ գոնե մինչև այն պահը, երբ Մոսկվան ինքը հարկ կհամարի դա թույլատրել Երևանին։ Սա այլ կերպ կոչվում է ռազմական շանտաժ։
 
Բայց Մոսկվայում չեն հաշվարկել, որ դա անիմաստ շանտաժ է, որովհետև թե Հայաստանում և թե ԼՂՀ-ում սա ընկալվում է ոչ թե զուտ որպես ղարաբաղյան հարց, այլ գոյապայքար՝ բառի բուն իմաստով։ Հետևաբար որքան ինտենսիվորեն է կիրառում այդ շանտաժը, այնքան արագացնում է Հայաստանը բոլոր իմաստներով կորցնելու գործընթացը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն