Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին հայկական տաղավարը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին


Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին հայկական տաղավարը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին

  • 12-05-2016 17:00:14   | Իրան  |  Մամլո հաղորդագրություն

Թեհրանի գրքի միջազգային 29-րդ ցուցահանդեսն անցկացվում է մայիսի 4-14-ը, Իրանի «Շահրե աֆթաբ» («Արևի քաղաք») նորակառույց ընդարձակ կենտրոնում: Ավանդական դարձած գրքի այս փառատոնին՝ Հայաստանը ներկայացավ առանձին տաղավարով, որը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին:
 
     Հայկական տաղավարում ցուցադրված էր շուրջ 300 գիրք: Առանձին բաժնով ներկայացված էր ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված, ալբոմային, գեղարվեստական և մանկապատանեկան գրականությունը: Ալբոմային հատվածն ընդգրկում էր Հայաստանի պատմությունը և մշակույթը, իսկ գեղարվեստականը՝  դասական, ժամանակակից և թարգմանական գրականություն: Հայկական տաղավարի այցելուները հատկապես հետաքրքրված էին ալբոմային գրականությամբ` Ա. Գորկի, Վ. Սուրենյանց, Ռ. Էլիբեկյան, Փ. Միրզոյան, Յու. Յակուլով, Թերլեմեզյաններ, Հովնաթանյաններ, ինչպես նաև «Հայկական հուշարձանները կերպարվեստում», «Կինը հայ կերպարվեստում», «1915+100» կերպարվեստի ու տոնածիսական մշակույթը ներկայացնող ալբոմներով: Այցելուների ուշադրության առանցքում էր նաև քարտեզագրական և ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները ներկայացնող գրականությունը:
     Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված էր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի պարսկերեն թարգմանությունը, որը մեծ հետաքրքրություն էր առաջացնում այցելուների շրջանում:
     Հատկանշական է, որ ռուսական հրատարակչությունների տաղավարներում ցուցադրված էին հայկական Կարմրավոր եկեղեցու ստվարաթղթե կառույցները, իրանականում՝ պարսկերեն-հայերեն բառարաններ, Իրանի մշակութային գունապնակն արտացոլող գիրք-ալբոմներ՝ հայերի մշակութային-կրոնական հետքերով:
     ԻԻՀ մշակույթի նախարարության հրավերով՝ Թեհրանի գրքի 29-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում էր ավստրալաբնակ հայ լուսանկարիչ Նուրան Զորլուն: Ցուցահանդեսի շրջանակում իրանական տաղավարում տեղի ունեցավ Ն. Զորլուի «Պարսկաստանից Իրան» գիրք-ալբոմի շնորհանդեսը: Լուսանկարչի աշխատանքը մասնակի անդրադարձ էր նաև  իրանահայերի կենցաղին և մշակույթին:     Շնորհանդեսին հեղինակը նշեց, որ նախաձեռնել է տարբեր երկրներում հայկական հետքը ներկայացնող՝ նմանատիպ գրքերի շարք:
     Ցուցահանդեսի ավարտին հայկական տաղավարում ցուցադրված գրքերը կնվիրաբերվեն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության գրադարանին և «Արտակ Արք. Մանուկեան» թանգարանին:
     Իրանի հայկական «Ալիք» օրաթերթը ընդարձակ հոդվածով անդրադարձել է ցուցահանդեսին և հայկական տաղավարին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play