Արդյո՞ք Քոչարյանը փորձում է Արցախի իշխանությանը դարձնել դաշնակից՝ իր դեմ Տեր-Պետրոսյան-Սարգսյան տանդեմին հակակշռելու համար


Արդյո՞ք Քոչարյանը փորձում է Արցախի իշխանությանը դարձնել դաշնակից՝ իր դեմ Տեր-Պետրոսյան-Սարգսյան տանդեմին հակակշռելու համար

  • 12-05-2016 17:33:11   | Հայաստան  |  Վերլուծություն

Մայիսի 11-ին տարածվեց տեղեկություն, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Արցախ եւ հանդիպել Բակո Սահակյանին, նրա հետ քննարկելով ապրիլի 2-5-ը տեղի ունեցած պատերազմը, ներկայիս իրավիճակն ու հեռանկարները:
 
Փաստորեն, ապրիլի 2-ից ի վեր Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ հրապարակային անմիջական առնչություն է ունենում գործընթացին: Մինչ այդ նա բավարարվել էր հայտարարությամբ, որ Արցախի իշխանությունը կատարում է անհրաժեշտ ու ճիշտ գործողություններ, որ պետք է ներկայիս պահին: Դա պատերազմի թեժ օրերին էր:
 
Ընդ որում, հատկանշական էր, որ, օրինակ ի տարբերություն առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանն այդ օրերին ոչինչ չխոսեց Հայաստանի իշխանության, Սերժ Սարգսյանին աջակցելու մասին: Ավելին, նրա հայտարարությունը կարծես թե հատուկ ընդգծում էր Արցախի իշխանության հանգամանքը Տեր-Պետրոսյան-Սարգսյան հանդիպման ֆոնին:
Այն, որ ադ հանդիպման առանցքում եղել է որոշակի մարտավարությունը Ռոբերտ Քոչարյանի դեմ, կարծես թե բավական տեսանելիորեն ուրվագծվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի հարցազրույցում՝ հանդիպումից հետո, որտեղ նա ստեղծված իրավիճակի, Մադրիդյան սկզբունքների պատասխանատվությունը դրեց Ռոբերտ Քոչարյանի վրա, ասելով, որ Սերժ Սարգսյանի վրա է մնացել հետեւանքը:
Արդյոք Քոչարյանն ընդգծելով Արցախի իշխանության գործողությունները եւ ընդգծված չխոսելով Հայաստանի իշխանության մասին, ոչ միայն փորձում էր ֆորմալ առումով Արցախի սուբյեկտություն ընդգծել, այլ քաղաքական առումով նաեւ Արցախի իշխանությանը դարձնել իր դաշնակից՝ իր դեմ Տեր-Պետրոսյան-Սարգսյան տանդեմին հակակշռելու համար:
Ի դեպ, հետաքրքիր է, որ Ռոբերտ Քոչարյանն Արցախ է այցելում Լեւոն Տեր-Պետրոսյանի այցից եւ Բակո Սահակյանի հետ հանդիպումից մի քանի օր անց: Այդ հանդիպումից հետո Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե Հայաստանի ու Արցախի իշխանությունը վստահ եւ զուսպ անում է այն, ինչ պետք է: Ռոբերտ Քոչարյանն Արցախ այցից հետո չի հայտարարել ոչինչ:
Փոխարենը բավական ուշագրավ պարբերություն է առկա Սահակյան-Քոչարյան հանդիպման մասին Արցախի նախագահի նստավայրի տարածած հաղորդագրության մեջ: «Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մեր հաղթանակների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ կարեւորելով քաղաքական ուժերի կողմից ցուցաբերած միասնականությունը եւ գործուն քայլերն Արցախին սատարելու ուղղությամբ»:
Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը Բակո Սահակյանը խոսում է քաղաքական ուժերի «ցուցաբերած» միասնականության կարեւորության մասին: Արդյոք դա ակնարկ է, որ Արցախի իշխանությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հետ Տեր-Պետրոսյան-Սարգսյան տանդեմին հակակշռելու առաջարկը, թե՞ այդպիսի առաջարկ չի էլ եղել, պարզապես Բակո Սահակյանը Ռոբերտ Քոչարյանին հորդորել է «միանալ» Սերժ Սարգսյանին, կամ հակառակ պարագայում հույս չկապել Արցախի իշխանության հետ:
Բարդ է ասել: Վերջին հաշվով, «միանալը» ներկայիս ստեղծված իրավիճակում իրապես հարաբերական հասկացություն է, քանի որ Սարգսյանն ունի աջակցության կարիք ոչ միայն իր դիրքորոշումներին հրապարակավ սատարելու, այլ մեկ այլ տեսանկյունից էլ դրանց հրապարակային հակադարձման տեսքով:
Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանը այդ տեսանկյունից ներկայացրել է իշխանության այլընտրանք դառնալու հայտ, պարզապես ոչ թե իր, այլ իր արտգործնախարար Վարդան Օսկանյանի անունից: Թեեւ Օսկանյանը հայտարարել է, որ իր ստեղծելիք Համախմբում անունը կրող կուսակցությունը Քոչարյանի հետ չունի կապ, այդուհանդերձ Օսկանյանն ինքն էլ անկասկած հասկանում է, որ եթե այդ կուսակցությունը որեւէ ակնկալիք կարող է ունենալ ներկայիս իրավիճակում դերակատարման իմաստով, ապա դա կարող է լինել միայն Քոչարյանի հետ կապի շնորհիվ:
Վերջին հաշվով, իշխող համակարգն այս ժամանակահատվածում ըստ երեւույթին ինչ-ինչ հանգամանքների պատճառով անկարող եղավ գալ հանրային տրամադրությունների արդյունավետ կառավարման նախընտրական նոր քաղաքական մոդելի եւ ներկայում ստիպված է ինչ որ իմաստով վերստին անդրադառնալ արդեն մի քանի անգամ փորձարկված մոդելին՝ երկբեւեռ նախընտրական իրավիճակին, որի երկու բեւեռները միեւնույն համակարգի երկու տարբեր թեւեր են: Դա եւս միասնություն է, ինչպես ցույց են տվել 2007 եւ 2012 թվականների խորհրդարանների ընտրությունների արդյունքները:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն