Փլուզվող կայսերականությունը որպես խոչընդոտ և մեծ հնարավորություն հայ ժողովրդի և հայկական տարածքների ազատագրման գործում


Փլուզվող կայսերականությունը որպես խոչընդոտ և մեծ հնարավորություն հայ ժողովրդի և հայկական տարածքների ազատագրման գործում

  • 15-05-2016 14:30:04   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները մշտապես եղել են բարեկամա-թշնամական:
 
Այս երկու պետականությունների քաղաքական դոկտրինի հիմքում ընկած է հզոր բռնապետական ընդլայնումը և տարածումը:
 
Այս երկու պետականությունների հանրային կարգի կառուցվածքը կարելի է բնորոշել որպես կողոպտիչ-գիշատչական պետություն: Քաղաքացու կարգավիճակն այս պետություններում պայմանավորված է բռնապետին մատուցած ծառայություններից և ռազմա-վարչական ապարատում նրա զբաղեցրած պաշտոնից: 
 
Այս երկու պետականություններն իրենց քաղաքական համակարգը մի քանի անգամ արդիականացրել են (մոդերնիզացրել), սակայն հիմքում մնացել են նույնը` կողոպտիչ-գիշատչական կառուցվածք կրողը, որտեղ քաղաքական վերնախավը, Ոսկե Հորդայի տրամաբանության ներքո, ղեկավարում է բռնապետը` խանը (ժամանակակից սուլթանը և ցարը): Այս երկուսի քաղաքական վերնախավը իրենց համակարգի գոյատևման համար քարոզում և տարածում են համահորդայական ընդլայնման գաղափարախոսություն` Ռուսաստանը սոցիալիզմը դարձրել է եվրասիզմ, Թուրքիան կրկին կիրառում է պանթուրքիզմը` չխուսափելով օգտվել նաև պանիսլամիզմից: 
 
Մի կողմ թողնելով ներկայիս Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքական ռեժիմների բարոյազուրկ գաղափարախոսությունը` այս ռեժիմներն աղետալիորեն անարդյունավետ են նաև տնտեսական տեսանկյունից: Ներկայիս աշխարհաքաղաքական կարգում այսպիսի պետություններն անմրցունակ են, նրանք պարտված են թե՛ տեխնոլոգիապես, թե՛ տնտեսապես: 
 
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի «հիվանդ մարդը»` Թուրքիան, և ցարական Ռուսաստանը, վերափոխելով իրենց հանրային կառավարման կառուցվածքը և միմյանց հետ կնքելով քեմալա-բոլշևիկյան գործարքը, թարմ արյուն ստացան, ինչի շնորհիվ երկարաձգեցին իրենց կայսերական կյանքը և խուսափեցին փլուզումից:
 
1920 և 1921 թվականները նշանակալի էին Ռուսաստանի և Թուրքիայի համար` Ռուսաստանը ստեղծում էր նոր կայսրություն, իսկ Թուրքիան Օսմանյան կայսրության ավերակների վրա փորձում էր ստեղծել նոր թուրքական պետություն: Հիմնականում շնորհիվ նոր Ռուսական կայսրության` Խորհրդային Միության օգնության և Հայաստանի տարածքների հաշվին` Թուրքիան արագորեն վերածվեց ազդեցիկ պետության և ձեռք բերեց կարևոր դեր Արևմուտքի քաղաքական շահի սպասարկման հարցում: Թուրքիայի պահանջվածությունն Արևմուտքի համար իր գագաթնակետին հասավ Սառը պատերազմի տարիներին, քանի որ նա միակն  էր ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, որն ուներ անմիջական ցամաքային սահման ԽՍՀՄ-ի հետ:
 
Թուրքիայի և Ռուսաստանի կողմից հարաբերությունների ճշտումը, որն ամրագրվեց 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում բարեկամության և եղբայրության պայմանագրով, կովկասյան և սևծովյան տարածաշրջանում մինչ օրս փոփոխության չի ենթարկվել:
 
Սովետական Միության անկումից հետո ռուսական պետականությունը բախվեց կայսերական ոչ լիարժեքության բարդույթի հետ: Արդի ժամանակաշրջանում ռուսաստանյան կայսերական մտայնությունը` աշխարհում իրենց պետության դերի մասին, չփոխվեց: Գրեթե նույն ծագումնաբանությունն ունեցող մեկ այլ կայսերական պետականություն` ի դեմս Թուրքիայի, նույնպես տառապում է կայսերական բարդույթով:
 
Այս երկու պետությունների շահերը` բռնապետական ընդլայնման և տարածման, կիրառվում են Հայաստանի դեմ:
 
Ռուսաստանի Դաշնության վերջին տասը տարիների արտաքին քաղաքականության դոկտրինը շարունակեց առավել ցայտուն ընդգծել կայսերական քաղաքականությունը: Այս ընթացքում փորձ կատարվեց վերադարձնել ԽՍՀՄ գերտերության համբավը, սակայն  դա չհաջողվեց: Ձախողման պատճառը ոչ միայն պոստինդուստրիալ հասարակությանը բնորոշ տնտեսության բացակայությունն է, այլ նաև նախկին ԽՍՀՄ տարածքում հասարակական հարաբերությունների հիմքում ընկած համակեցության կանոնների գլոբալ, ընդհանուր կառուցվածքի բացակայությունը: Չնայած նրան, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքներում ապրող ժողովուրդների համար նույնպես չունեն համակեցության ընդհանուր միջավայր, նրանք երկուսն էլ հավակնում են հետխորհրդային տարածքը (նաև` միմյանց տարածքները) ներառել իրենց պետությունների մեջ: Հետխորհրդային տարածքը գտնվում է նրանց առավել հետաքրքրությունների տիրույթում, և երկուսն էլ հավակնում են տիրանալ այդ տարածքներին:
 
 
Չնայած նրան, որ Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հարգել քեմալա-բոլշևիկյան գործարքը, այնուամենայնիվ, նրանք երկուսն էլ հասկանում են, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ձևավորված Միջին Արևելքի քաղաքական  քարտեզը լայնածավալ ձևափոխման է ենթարկվում, հետևաբար` իրենց պայմանավորվածությունը չի կարող երկար շարունակվել: Թուրքիան, հաշվի առնելով Ռուսաստանի կողմից հետխորհրդային միջազգային համաձայնության տապալումը (Բուդապեշտյան հուշագիրը Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ), իր ակտիվ միջամտությունը չի թաքցնում ոչ միայն Սիրիայում, այլ նաև առավել ընդգծում է ադրբեջանա-արցախյան գոտում:
 
Ռուսաստանի և Թուրքիայի ապագան պայմանավորված է ոչ միայն միմյանց հետ կայուն հարաբերություններով, այլ նաև լայն տարածաշրջանային գործընթացներով` Ուկրաինա, Կովկաս, Մերձավոր Արևելք: 
 
Նախկին Խորհրդային Միության տարածքում և Թուրքիայում ապրող ժողովուրդները, պատկանելով տարբեր մշակութային ինքնության, ժամանակակից Թուրքիայի և Ռուսաստանի կայսերականության թուլացման պայմաններում առավել զգայուն են իրենց ինքնության պահպանման հարցում, և կարելի է ասել` կայսրությունների կողմից իրենց դեմ հրահրված պատերազմում նրանք մղում են նոր պայքար` նոր պատերազմ տակավին հին թշնամիների հետ: 
 
Այդպիսի պատերազմ է ընթանում  ներկայիս երկու Հայկական պետությունների` ադրբեջանա-հայկական սահմաններում: Խորհրդային Միության անկումից հետո հայ ժողովուրդը հնարավորություն ունեցավ շարունակելու կասեցված ազգային-ազատագրական պայքարը: Հայկական զինված ուժերը մեր պատմական հայրենիքի արևելյան հատվածում ազատագրեցին Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների մի մասը, սակայն մեր հաղթական ազատագրումը կասեցվեց 1994 թվականին` հիմնականում Ռուսաստանի Դաշնության և այն ժամանակվա հայկական քաղաքական վերնախավի կողմից: Կասեցման հետևանքով Դաշտային Արցախը, Ուտիքը և Նախիջևանը շարունակեցին բռնազավթված մնալ Ադրբեջանի կողմից, իսկ Ադրբեջանի կապիտուլյացիայի վերաբերյալ փաստաթղթի փոխարեն կնքվեց զինադադարի համաձայնագիր:
 
Այս զինադադարից շուրջ 20 տարի անց նոր պատերազմը հին թշնամու հետ ոչ միայն հանգեցրեց բազմաթիվ զոհերի, այլ նաև հայկական կողմին պատճառեց տարածքային կորուստ, ինչի հետևանքով շուրջ 20 տարի ադրբեջանական սահմանին գործող հայկական անվտանգության համակարգը խախտվեց: Երբ այս պատերազմում Հայկական զինված ուժերը ոչ միայն կասեցրեցին լայնածավալ հարձակումը, այլև  արդեն  սկսեցին բարձունքների ազատագրումը, Ռուսաստանի Դաշնության և հայկական իշխանական վերնախավի միջոցով այն դադարեցվեց` տրվեց հրաման չվերականգնել Արցախի Հանրապետության խախտված տարածքային ամբողջականությունը:
 
Ադրբեջանա-արցախյան սահմանի չորսօրյա պատերազմը պատռեց բոլոր դիմակներն ու քողարկումները, և ոչ միայն ակնառու դարձրեց, որ Ռուսաստանի Դաշնության համար թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը դիտարկվում են որպես իր կայսրության անբաժանելի մաս, այլև կայսրության կյանքը երկարաձգելու համար նախատեսված Եվրասիական տնտեսական միության ծրագրում Ադրբեջանին միավորելու համար Ռուսաստանի Դաշնությունը թույլատրել է և շարունակելու է թույլատրել Ադրբեջանի ագրեսիան Հայկական երկու պետությունների դեմ: 
 
Արդյոք կանխատեսելի՞ էր չորսօրյա պատերազմը, և արդյոք այդ հարձակման մասին չգիտե՞ր հայկական իշխանական քաղաքական վերնախավը:
 
Իհարկե, պատերազմը կանխատեսելի էր, և հարձակման մասին քաջ տեղեկացված էր հայկական քաղաքական իշխանական վերնախավը:
 
Հայկական ոչ իշխանական քաղաքական վերնախավը և վերլուծաբան-փորձագետները տարիներ շարունակ բարձրաձայնում էին և մատնանշում պատերազմը կանխելու ուղիները, սակայն հայկական իշխանական վերնախավը, հիմնականում համալրված լինելով նախկին Խորհրդային Միության վարչական նոմենկլատուրայից, արմատներով սերված ԿԳԲ-ից, զուրկ լինելով լեգիտիմությունից` չկարողացավ 1994 զինադադարից հետո կանխել նոր պատերազմը: 
 
Ներկայիս արհեստականորեն ստեղծված Ադրբեջան պետական միավորումը ինքնուրույն պատերազմ սկսելու հնարավորության իրավունք չուներ, այդ իրավունքը նա ստացել է առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունից: 
 
Երբ տարիներ շարունակ բարձրաձայնվում էր Ադրբեջանի կողմից սպասվող հարձակման մասին և Ռուսաստանի կողմից Ադրբեջանին տարիներ շարունակ հսկայածավալ հարձակողական սպառազինություն մատակարարելու անթույլատրելիության մասին, հայկական իշխանական քաղաքական վերնախավի կողմից Ադրբեջանի հնարավոր հարձակումը մեկնաբանվում էր որպես իրենց ներքին լսարանի համար լոկ հայտարարություն, իսկ Ռուսաստանի կողմից լայնածավալ հարձակողական սպառազինության վաճառքը` որպես շահավետ բիզնես: 
 
Միջազգային հարթակներում այս ուղղությամբ հայկական կողմը  որևէ պաշտոնական գործընթաց չի հարուցել: Դեռ ավելին` տարիներ շարունակ առանց Արցախի Հանրապետության ներկայացուցիչների բանակցել է հող հանձնելու անթույլատրելի փաստաթղթի շուրջ, դիտավորյալ չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, որպեսզի օգտվի Արցախի հարցը շահարկելուց և ապօրինի իշխանության մնալու համար առևտրի առարկայի ընձեռած հնարավորությունից:
 
Հայկական անվտանգության քաղաքական դոկտրինը պետք է գործառույթներ իրականացնի արհեստածին Ադրբեջանի և նրա հովանավոր Թուրքիայի լծի տակ գտնվող ժողովուրդների ապագաղութացման ուղղությամբ:
 
Մեկնաբանությունը, թե միայն Ռուսաստանի հետ ռազմական գործընկերությունը, ռուսական ռազմաբազայի ներկայությունը և մեր սահմաններին ռուսական զինված ուժերի առկայությունը հանդիսանում են մեր անվտանգության երաշխիքը` բացարձակ հակասում են իրականությանը: 
 
Մեկնաբանում էին, թե Ռուսաստանը մեզ է տրամադրում սպառազինություն արտոնյալ պայմաններով: Պարզվեց, որ դա էլ չի համապատասխանում իրականությանը` 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկով սպառազինություն մինչև հիմա չի տրամադրվել: ՀԱՊԿ անվտանգության երաշխիքը նույնպես չի համապատասխանում իրականությանը: ԵՏՄ անդամակցությունը, որպես անվտանգության հիմնավորում, ևս չի համապատասխանում իրականությանը:
 
Ռուսաստանի հետ Հայաստանի նման հարաբերությունները, վերջիվերջո, խախտեցին շուրջ 20-ամյա ստատուս քվոն և հանգեցրեցին պատերազմի, որի ավերիչ հարձակումը կանխեց ո՛չ ռուսական սահմանապահ զորախումբը, ո՛չ ռուսական ռազմաբազան, ո՛չ ռուսական զենքը, ո՛չ ՀԱՊԿ-ն, ո՛չ ԵՏՄ-ն, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները, այլ` պատերազմի ավերիչ հարձակումը կանխեց հայ զինվորը, Հայկական զինված ուժերը: Իսկ հայրենիքի ազատագրման շարունակումը կասեցվեց Սերժ Սարգսյանով, ով Մոսկվա ուղարկեց Յուրի Խաչատուրովին` հնչեցնելու այնտեղից ազատագրման կասեցման մասին:
 
Ժամանակակից աշխարհում միակողմանի ռազմաքաղաքական և տնտեսական քաղաքականություն վարելը Հայկական պետականության համար դարձել է անվտանգության անմիջական սպառնալիք: 
 
Այս իրավիճակը թելադրում է անհապաղ լուծում, ռազմաքաղաքական և տնտեսական հարաբերությունների այլընտրանքների ձևակերպում և ընդունում:
 
 
 
 
Զարուհի Փոստանջյան
 
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play