Հայ քաղաքական մտքի խեղճությունը


Հայ քաղաքական մտքի խեղճությունը

  • 16-05-2016 15:13:11   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի քաղաքական դաշտում խառնաշփոթ է:
 
Աշխարհաքաղաքական և ներքաղաքական զարգացումների հանդեպ երբեմնի անհաղորդ և անտարբեր հայ քաղաքական միտքը քառօրյա պատերազմից հետո պատեպատ է զարնում  անկանխատեսելիության և անսպասելիության սառը քամիների հորձանքում: Հայաստան–Ղարաբաղի սահմաններից հեռու այս անկայուն և կարճատև թվացող խաղաղությունը ոչ միայն վրդովել է ներքաղաքական անդորրը (ավելի ճիշտ՝ նինջը), այլև ամբողջվին բացահայտել է ներկա հայ քաղաքական մտքի խեղճությունը: Ներհայաստանյան դաշտում ցանած քաղաքական անհեռատեսության և կարճամտության, շաղակրատանքի և դեմագոգիայի, միանձնյա կառավարման և թույլատրված քաղաքական ազատության սերմերն առատ բերք են տվել՝ ի ցույց դնելով ՀՀ քաղաքական իշխանության և ընդդիմության ողջ անխոհեմությունը և ապաշնորհությունը գերբարդ աշխարհաքաղաքական իրադարձությունների հորձանուտում պետությունը տանելու անվտանգ և հեռատես քաղաքական ուղեգծով: Արագահաս աշխարհաքաղաքական ուժգին քամիները քանդեցին ոչ միայն քաղաքական իշխանության, այլև վերահսկվող ընդդիմության  թույլ ու ծուռումուռ քաղաքական ցանկապատերը՝ ի ցույց դնելով նրանց քաղաքական ընդհանուր կեցավայրում գոյություն ունեցող ողջ խառաշփոթը, որի շուրջպարում է այժմ հայտնվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարի փնտրտուքը:
 
Քառօրյա պատերազմից հետո այս մեկ ամսվա ընթացքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների փաղանգի քաղաքական հայտարարությունների ադամանադե փայլից ղարաբաղյան հակամարտության հեռանկարը կարող էր լուսավորվել, եթե, իհարկե, այդ փայլը չլիներ այդչափ կուրացուցիչ՝ ստիպելով գոցել մեր՝ շարքային մահկանացուներիս և քաղաքացիներիս աչքերը և շեղել մեր միամիտ մտքերի ուղղությունը ետպատերազմական ակնհայտ իրողութուններից:
 
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ հայ քաղաքական գործիչների տեսակետների բազմազանությունը կարող էր վկայել հրապարակային հասարակական բանավեճի մասին (մանավանդ որ պատգամավորները կաշկանդված չեն հրամայական մանդատով), եթե ապրիլյան պատերազմից հետո ՀՀ ԱԺ պատգամավորների հայտարարությունների բովանդակությունը ի ցույց չդներ թե՛ հայ քաղաքական մտքի խեղճությունը, թե՛ այն վտանգները, որոնք կարող են իրական սպառնալիքի վերածվել, եթե պատգամավորները որոշեն խոսքից անցնել գործի: Այդ հայտարարություններից մի քանիսն այնպիսի չարագույժ ներուժ են պարունակում, որ կարող է ի հայտ ոչ միայն  ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում՝ հիմնահատակ ավերելով Հայաստանի Հանրապետության՝ առանց այդ էլ խարխուլ դիրքերն արտաքին աշխարհում:
 
Ապրիլի 21-ին Հայաստանի հասարակությունը հանկարծակիի եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությունից, որն արել էր ի հակադրություն «Ոչ մի թիզ հող թշնամուն» հանրային պահանջ-կարգախոսի: «Մի թիզ այս կողմ, մի թիզ այն կողմ՝ կարող է էական դերակատար չլինել»,-հայտարարեց հողահավաքի հարատև պահանջով հանդես եկող կուսակցության ներկայացուցիչը: Այս հայտարարությունից տասը օր անց՝ մայիսի 1-ին, Աղվան Վարդանյանն ընտրվեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ՝ կարծես դրանով իսկ վերահաստատելով «Մի թիզ այս կողմ, մի թիզ այն կողմ» դիրքորոշման՝ ՀՅԴ կուսակցական վավերացումը: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարի աղմկահարույց հայտարարությունը թերևս անսպասելի չլիներ, եթե Դաշնակցությունը Հայաստան վերադառնալուց հետո չդառնար ազգային խնդիրների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ուղեգծի անզիջում ընդդիմախոսն ու գաղափարաքաղաքական հակառակորդը: ՀՅԴ-ն այժմ ՀՀ կառավարող կոալցիայի երկու կուսակցություններից մեկն է:
 
Ապրիլի 26-ին հանրությունը ցնցվեց ԱԺ-ում մեծամասնություն կազմող և կոալիցիայի անդամ կուսակցության՝ ՀՀԿ բարձրաստիճան ներկայացուցչի հայտարարությունից: ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, անդրադառնալով հակամարտության կարգավորմանը և նշելով, թե Հայաստանը պատրաստ է փոխզիջումների, ի լուր ադրբեջանցիների հայտարարեց. «Մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում»:
 
Նաղդալյանի հայտարարությունն անարգանք էր վերջին ամսվա ընթացքում հայկական կողմի շուրջ հարյուր զոհերի, ընդհանրապես, վերջին 25 տարվա ղարաբաղյան պատերազմների բոլոր  տարիների զոհերի հիշատակի հանդեպ: Այդ հայտարարությանը հաջորդող օրերին Նաղդալյանի հրաժարականի պահանջները հեղեղի պես ողողել էին հասարակական դաշտը՝ լցվելով պաշտոնական Երևանի միջանցքներ: Սակայն Երևանն անդրդվելի էր. Նաղդալյանը դեռ շարունակում է պաշտոնավարել: Հերմինե Նաղդալյանի այդ հայտարարությունը գործող ական է, որ դեռ պայթելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին:
 
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայտարարությունների առումով իրավիճակն ավելի բարվոք չէ նաև խորհրդարանական ընդդիմության ճակատում: Քառօրյա պատերազմից մի քանի օր անց՝ ապրիլի 8-ին, Աժ ՀԱԿ խմբակցության խաղաղապահ ջոկատը՝ Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ, անդրադառնալով Ղարաբաղ-Ադրբեջան սահմանագոտում խաղաղարարների տեղակայմանը, հայտարարեց,. «Մենք կողմ ենք, ոչ ոք երբեք դեմ չի եղել խաղաղապահներին: Դա երաշխիք է գործողությունների չվերսկսման համար»: Ակնհայտ էր, որ խոսքը ռուս խաղաղարարների մասին էր, թեպետ հստակ էր նաև ցանկացած դրոշի տակ հանդես եկող խաղաղարարների տեղակայման ոչ միայն անթույլատրելիությունը, այլև դրա աշխարհաքաղաքական անհնարինությունը: ՀԱԿ-ը Հայաստանում միակ քաղաքական ուժն էր, որը շտապեց համաձայնություն տալ խաղաղարարների տեղակայմանը: Նույնիսկ Սերժ Սարգսյանը, ով նախկինում հակամարտության կարգավորման Կազանի սկզբունքներով համաձայնություն էր տվել խաղաղարարների տեղակայմանը, արդեն ապրիլի 25-ին Blooomberg-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ռուս խաղաղարարների տեղակայմանը, նշել էր. «Գիտեք, ես այդպիսի հնարավորություն չեմ տեսնում: Եթե բանակցություններ չկան, ռուսական զորքն ինչպե՞ս պետք է հայտնվի Ղարաբաղում կամ  Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի  միջև»:  Արտաքին քաղաքականության շուրջ սա միակ տարակարծությունն  էր, որն առկա էր ընդդիմադիր ՀԱԿ-ի և գործող իշխանությունների միջև: ՀԱԿ խմբակցության քարտուղարը, իհարկե, համերաշխություն էր շտապում էր հայտնել նախևառաջ Մոսկվային, որի ռազմաքաղաքական ուղեգծին Հայաստանում միշտ ջերմեռանդորեն աջակցել է: Զուրաբյանի այս վտանգավոր հայտարարությունը սակայն արագորեն մոռացվեց Ղարաբաղի գլխին կախված արտաքին վտանգի մեծացմանը զուգահեռ:
 
Սակայն ՀԱԿ-ում միայն խաղաղապահ ջոկատը չէր, որ արթուն էր: Այնտեղ նաև  ռազմատենչ ազգայնական նոր դեմք էր երևում: Ավելի շուտ, այդ դեմքը վաղուց կար ՀԱԿ-ում և ՀՀ քաղաքական դաշտում: Երբեմնի համոզված լիբերալ գործիչ, ՀՀ նախկին վարչապետ, այժմ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ  Հրանտ Բագրատյանն ապրիլի 29-ին ի լուր Ադրբեջանի հայտարարեց. «Հայաստանը միջուկային զենք ստեղծելու բոլոր հնարավորություններն ունի», ավելին՝ «Այդ զենքն արդեն ստեղծված է»: Հրանտ Բագրատյանը հավանաբար մոռացել էր հարևան Իրանի միջուկային ծրագրի հռչակումից հետո այդ երկրի նկատմամբ ծայր առած միջազգային պատժամիջոցները, այդ երկրի միջազգային մեկուսացումը, ՄԱԳԱՏԷ-ի պարբերական ստուգումները: Իրավիճակը չփրկեց նաև մայիսի 10-ին ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովի՝  «Հայաստանը միջուկային զենք արտադրելու մտադրություն չունի» հայտարարությունը: Նույն օրը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոսյանչիչը հայտարարեց, թե Եվրահանձնաժողովը մտադիր է ստուգել Հայաստանի՝ միջուկային զենք ունենալու մասին տեղեկությունները. «Ես պետք է ստուգեմ: Դուք գիտեք մեր դիրքորոշումը միջուկային զենքի չտարածման վերաբերյալ:  Դուք ծանոթ եք մեր մոտեցմանը: Այն շատ պարզ է» (http://armtimes.com/hy/read/85268):
 
Միջուկային զենք ունենալու մասին Բագրատյանի հայտարարությունը դեռ կարող է լրջորեն հարվածել Հայաստանի՝ առանց այն էլ թույլ միջազգային վարկին:
 
Սակայն նորահայտ ազգայնական գործիչ Հրանտ Բագրատյանի ռազմաքաղաքական գործունեությունը դրանով չի ավարտվում: Ավելի վաղ նա ԱԺ մեկ այլ պատգամավորի հետ հանդես էր եկել Ղարաբաղի անկախությունը ճանաչելու օրենսդրական նախաձեռնությամբ, որին վերջերս կառավարությունը դրական եզրակացություն տվեց: Ղարաբաղի անկախության ճանաչման նախանձախնդիր գործիչներն անտեսում են այն հնարավոր վտանգները, որոնց առջև կարող է հայտնվել Հայաստանի Հանրապետությունը արտաքին աշխարհում: Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը ոչ միայն ոչինչ չի ավելացնելու ճանաչման գործընթացին, այլև կարող է վերածվել Հայաստանի անվտանգության լուրջ սպառնալիքի: (Սակայն սա այլ խոակցության նյութ է):
 
Քաղաքական հոգեբանության համաձայն՝ պատերազմները, արտակարգ և ճգնաժամային իրավիճակները բացահայտում են անհատի իրական ունակությունները, վարքագիծը, հոգեվիճակը, որոնք կարող են մինչ այդ թաքնված և անհայտ լինել: Քառօրյա պատերազմը ի ցույց դրեց ոչ միայն մինչ այդ հանրությանն անհայտ քաղաքացիների սխրանքների և հերոսության պատրաստակամությունը, այլև հանրությանը հայտնի քաղաքական գործիչների իրական՝ վհատեցնող և մերժելի վարքագիծը՝ բացահայտելով այդ գործիչների մարդկային և քաղաքական որակները:
 
Ազատագրված տարածքները թիզ առ թիզ կամ փաթեթով հանձնելու պատրաստ կամ քաղաքական սնապարծությյամբ աչքի ընկնող ԱԺ պատգամավորներին պատերազմը բացահայտեց  հենց այնպիսին, ինչպիսին նրանք իրականում կան: Պատկերը կարող էր անչափ հիասթափեցնող և հուսահատեցնող լիներ, եթե չլիներ այդքան ծանոթ և …վտանգահարույց:
 
 
 
Նարինե Մկրտչյան
ՄԱԱ նախագահ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play