Բոլորս ենք մեղավոր Հայաստանում ձևավորված այլանդակ ընտրական համակարգի համար. Նաիրա Զոհրաբյան


Բոլորս ենք մեղավոր Հայաստանում ձևավորված այլանդակ ընտրական համակարգի համար. Նաիրա Զոհրաբյան

  • 16-05-2016 16:17:15   | Հայաստան  |  Քաղաքական

«Հայաստանում գլխավոր խնդիրը ոչ թե մեծամասնական կամ համամասնական ընտրակարգն է, ընտրացուցակների հրապարակումն ու չհրապարակումը, այլ  իշխանությունների կողմից ազատ և արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք չդրսևորելը»,- Ազգային ժողովում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
 
Ըստ նրա` անկախությունից ի վեր Հայաստանում բոլոր իշխանություններն առանց բացառության ապացուցել են, որ չունեն քաղաքական կամք ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար, այս պարագայում ամենաիդեալական ընտրական օրենսգիրքն անգամ չի փրկելու: 
Նրա խոսքերով` քաղաքական կամք պետք է դրսևորի նաև ընդդիմությունը. «Դեմագոգիաներով ու գոռալով հարց չի լուծվում. Բոլորս ենք մեղավոր Հայաստանում ձևավորված այս այլանդակ ընտրական համակարգի և ՀՀ քաղաքացիներին դրա մաս դարձնելու համար: Ժողովուրդը հույսը կտրել է բոլոր քաղաքական ուժերից ու ընտրություններից, ուստի անհամբեր սպասում է ընտրությունների նախաշեմին հինգ հազար դրամ վերցնելու և ծախվելու մասին:  Մենք ենք մեր հասարակության սովորեցրել, որ մեր երկրում ընտրություններով ոչինչ չի փոխվի»: 
Ն. Զոհրաբյանի կարծիքով` ոչ մի երաշխիք չկա, որ 2017 թվականին Հայաստանում կանցկացվեն ազատ և արդար ընտրություններ: 
Դրան հասնելու համար ԱԺ պատգամավորը հորդորեց բոլոր քաղաքական ուժերին նախևառաջ փորձել գիտակցել ու հասկանալ սեփական պատասխանատվության և մեղավորության չափը, քայլեր անել մինչ օրս թույլ տված սխալների վերացման  ուղղությամբ:  
Վերջինիս համոզմամբ` միայն այդ սկզբունքով առաջնորդվելու դեպքում հնարավոր կլինի Հայաստանում ինչ-որ բան փոխել: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play