Արդյո՞ք Վիեննայի հանդիպման արդյունքը ապահովում է խաղաղ գիշերներ ու լուսաբացեր հայ դիրքապահների համար


Արդյո՞ք Վիեննայի հանդիպման արդյունքը ապահովում է խաղաղ գիշերներ ու լուսաբացեր հայ դիրքապահների համար

  • 17-05-2016 13:12:43   | Հայաստան  |  Վերլուծություն

Վիեննայում Սարգսյան-Ալիեւ-Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարներ-համանախագահներ ձեւաչափի հանդիպումներից հետո տարածվել է հայտարարություն արդյունքի վերաբերյալ:
 
Ըստ այդ հայտարարության, համանախագահ երկրները հաստատել են, որ չի կարող լինել խնդրի ռազմական լուծում: Նրանք միաժամանակ պնդել են, որ պետք է պահպանվի հրադադարի մասին 1994 թվականի համաձայնագիրն ու դրա 1995 թվականի վերհաստատումը:
Միաժամանակ, համանախագահ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հայտարարության մեջ ասվում է, որ նախագահները հաստատել են իրենց հավատարմությունը կրակի դադարեցմանն ու խաղաղ կարգավորմանը: Հետագա ռիսկերը նվազեցնելու համար նրանք, ըստ հայտարարության, պարտավորվել են կարճ ժամկետում կատարել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմի ձեւավորման համար անհրաժեշտ քայլեր:
Նախագահները նաեւ պայմանավորվել են ԵԱՀԿ գործող Նախագահի մշտական ներկայացուցչի Գրասենյակի ընդլայնման մասին:
Եվ ի վերջո, ինչպես նշվում է երեք համանախագահ երկրների հայտարարության մեջ, նախագահները պայմանավորվել են փոխանակել անհետ կորած անձանց տվյալները, ի կատարում 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի վեհաժողովում ձեռք բերած համաձայնության: Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ նախագահները պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ, որը պետք է լինի հունիսին՝ նրանց մատնանշած վայրում, եւ որը պետք է վերաբերի արդեն համապարփակ կարգավորման շուրջ բանակցության վերականգնմանը:
Այդպիսով, հնարավոր է ամփոփել Վիեննայի հանդիպման նախնական արդյունքը:
Նախ հատկանշական է, որ հայտարարվեց հանդիպման ամերիկյան նախաձեռնություն լինելը: Այդ իմաստով հետաքրքիր էր նաեւ հանդիպման դահլիճում սուբյեկտների դասավորությունը: Ամերիկյան պատվիրակությունը դահլիճում կարծես թե նստած էր դատավորի կամ արբիտրի կարգավիճակով, ինչը գուցե բխում էր արարողակարգից, բայց բավական խորհրդանշական էր ընդհանուր իրավիճակի առումով, որի համատեքստը կարձանագրեմ վերջում:
Վիեննայի հանդիպումն արդյոք Հայաստանի դիվանագիտական հաջողություն է, քանի որ հանդիպման արդյունքի վերաբերյալ հայտարարության բովանդակությունը խոսում է այն մասին, որ քննարկվել եւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այն երեք կետերի վերաբերյալ, որոնց մասին ապրիլյան պատերազմից հետո հայտարարել էր Երեւանը՝ որպես բանակցության գործընթացի վերսկսման պայման: Այդ երեք կետերն էին՝ հրադադարի մեխանիզմի ներդրում, համանախագահների հասցեական հայտարարություններ՝ դրանք իհարկե բխելու են հրադադարի մեխանիզմի աշխատանքից, եւ Արցախի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի բացառման երաշխիք:
Խոսքը կարող է Հայաստանի համար հաջող արդյունքի վերաբերել նաեւ այն պատճառով, որ Հայաստանը հենց սկզբից՝ ավելի քան մեկ-երկու տարի հավանություն է տվել հրադադարի պահպանման միջազգային հետաքննությունների մեխանիզմի ներդրման ամերիկյան գաղափարին, իսկ Ադրբեջանը մերժում էր այն: Ավելին, Ադրբեջանն ապրիլի 2-ին պատերազմ սկսեց Ալիեւի Վաշինգտոն այցից հետո, որտեղ, ըստ տարբեր փորձագիտական գնահատականների, ԱՄՆ ձգտել էր էական քայլեր կատարել Բաքվին հրադադարի պահպանման դաշտ բերելու համար, ինչից խուսանավելու հուսահատ տարբերակն էլ Ադրբեջանն ընտրել էր պատերազմը:
Պատերազմի անհաջողությունը, հայկական բանակից ստացած ծանր հակահարվածը Բաքվին ստիպեց բավարարվել մի քանի հյուսիսային եւ հարավային հենակետի ձեռքբերումով: Եվ թեեւ այդ ձեռքբերումները Բաքուն պահպանում է՝ հայկական հենակատերը նա գրավել է եւ փաստորեն պահում է Վիեննայի բանակցության արդյունքում, այդուհանդերձ ակնհայտ է, որ Ադրբեջանը մատնվել է ռազմական եւ դիվանագիտական որոշակի անհաջողության, քանի որ Բաքվի լայնամասշտաբ ռազմական գործողության թիրախն ակնհայտորեն շատ ավելի մեծ էր, քան մի քանի հենակետը:
Ավելին, Ադրբեջանը, որ հայտարարում էր, թե զենքի ուժով լուծելու է հարցը եւ հայերը ամեն րոպե պետք է սպասեն դրան, փաստորեն ապրիլյան չստացված բլից-կրիգից հետո վերհաստատում է 1994-ի հրադադարի համաձայնագիրը՝ առավել եւս, որ փորձ էր արել ՄԱԿ դիմել դրանից դուրս գալու նամակով, եւ ընդունում հրադադարի մեխանիզմի ներդրման գաղափարը՝ որը մերժում էր միշտ եւ որի համար ԱՄՆ-ին մեղադրում էր հայամետ լինելու համար:
Միեւնույն ժամանակ, առերեւույթ դիվանագիտական այդ հաջողության ֆոնին, Հայաստանի տեսանկյունից բաց է մնում հարցը. արդյոք Վիեննայի հանդիպման արդյունքը ապահովում է խաղաղ գիշերներ ու լուսաբացեր հայկական դիրքերի, դիրքապահների համար, թե՞ Ադրբեջանին արգելված է գրոհել, իսկ ահա հրետանակոծելն ու արկակոծելը՝ ոչ: Միեւնույն ժամանակ, ի՞նչ է լինելու Բաքվի հետ, եթե խախտի հրադադարը: Ի՞նչ պատիժ ու պատասխանատվություն է նա կրելու դրա համար: Օրինակ, Բաքվի դեմ կիրառվելու՞ են որոշակի պատճամիջոցներ, եթե այն խախտի հրադադարը այն մանր սադրանքների ձեւով, ինչն արել է վերջին երկու-երեք տարիների ընթացքում:
Համենայն դեպս, դեռեւս որեւէ խոսք չկա այդ հարցերի մասին, որեւէ խոսք չկա ծանր զինտեխնիկան եւ հրետանին առաջնագծից հետ քաշելու մասին, դիպուկահարների հետ քաշելու մասին: Առավել եւս, ինչպես վերը նշեցի, խոսք չկա այն մասին, թե արդյոք Բաքուն հեռանալու է այն տարածքից, ուր առաջացել է ապրիլի պատերազմի ընթացքում:
Պարզ չէ նաեւ, թե արդյոք հայկական կողմը դրել է այդ հարցերը Վիեննայի հանդիպմանը: Ի՞նչ են պատասխանել այդ հարցերի կապակցությամբ:
Այդ իմաստով, ակնհայտ է, որ Վիեննայի հանդիպման շուրջ պահպանվում է անորոշությունը, հետեւաբար՝ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հեռանկարը: Իսկ դա նշանակում է, որ հրադադարի մասին պայմանավորվածությունը ոչ թե փխրուն է, այլ հեղհեղուկ: Վերջին հաշվով, Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում եղել են շատ ավելի լուրջ եւ համապարփակ պայմանավորվածություններ, որոնք սակայն արագորեն խախտվել են: Իսկ պատճառը եղել է հենց այն, որ հստակ չի եղել խախտման համար պատասխանատվության մեխանիզմը:
Այդ մեխանիզմը հստակ չէ նաեւ այժմ, չկա որեւէ փաստաթուղթ, որի տակ Բաքուն որոշակի պարտավորությամբ է հաստատել իր հավատարմությունը 1994 թվականի հրադադարի համաձայնագրին:
Այդ անորոշությունը հուշում է, որ մեծ է ռիսկը, որ Բաքվին է հաջողվել ապրիլյան բլից-կրիգի ձախողումից, նաեւ հետագայում հայկական ուժերի պատժիչ գործողություններից խուսափելու համար ժամանակ շահելու նպատակով գնալ որոշակի զիջումների հրադադարի մեխանիզմի հարցում, մինչ վերադասավորումն ու ռազմական դիվանագիտության նոր հնարավորության ձեւավորումը:
Միեւնույն ժամանակ, ուշագրավ է հայտարարությունը, որ նախագահները պայմանավորվել են հունիսին հանդիպել ու քննարկել բանակցության վերսկսումը: Այստեղ իհարկե անհրաժեշտ է ուշադրության արժանացնել, որ խոսքը ոչ թե համապարփակ կարգավորման բանակցությունը վերսկսելու, այլ վերսկսման հնարավորությունը քննարկելու վերաբերյալ հանդիպման մասին է:
Այսինքն, այդ հանդիպման արդյունքը ըստ երեւույթին կախված կլինի հրադադարի մեխանիզմի ներդրմանն ուղղված աշխատանքի արդյունքից:
Բայց, այստեղ նաեւ հարց է, թե ինչ է լինում բանակցային գործընթացում այդ մեխանիզմի ներդրման արդյունավետ ընթացքի պարագայում: Ենթադրենք, հաջողվել է Ադրբեջանին ստիպել հարգել հրադադարը, ենթադրենք հաջողվել է Ռուսաստանին ստիպել, որպեսզի գործի հրադադարի պահպանման, ոչ թե լարվածության էսկալացիայի տրամաբանությամբ՝ որովհետեւ հրադադարի մեխանիզմի գաղափարը մինչ այդ չէր ընդունում նաեւ Ռուսաստանը: Ենթադրենք, մեխանիզմը հստակ սկսում է աշխատել եւ հայկական կողմի այսպես ասած բոլոր պայմանները կատարվում են, ու չի մնում համապարփակ կարգավորման բանակցությունը վերսկսելուց հրաժարվելու պատճառ:
Ի՞նչ է լինում հետո: Փաստացի, հայկական կողմը վերստին մնում է Մադրիդյան սկզբունքների «տարածք կարգավիճակի դիմաց» տրամաբանությամբ գործընթացի մե՞ջ: Կրկին հույսո՞վ, որ Ադրբեջանը կամ կմերժի մասը եւ կպահանջի ամբողջը՝ ինչը համանախագահները չեն ընդունի, թե՞ հույսով, որ համանախագահները կրկին միմյանց մեջ կվիճարկեն, թե ով է լինելու կարգավորման գլխավոր հովանավորն, ու գործընթացը կձգվի: Իսկ ինչքա՞ն կձգվի, կրկին քսաներկու տարի՞: Իսկ կձգվի՞, գոնե այդքան, թե՞ մի քանի տարի անց այդ տրամաբանությունը կրկին կբերի պատերազմի, երբ Բաքուն կհայտարարի, որ ինքը համբերատար համաձայնել է խաղաղ կարգավորմանը, սակայն քանի որ իր տարածքները շարունակում են մնալ հայկական վերահսկողության տակ, ինքը վերստին վերադառնում է զենքի ուժով դրանք հետ բերելու տարբերակին:
Այլ կերպ ասած, գործընթացը վերադառնալու է այն տրամաբանություն, որը կար 22 տարի եւ որը ի վերջո բերեց պատերազմի:
Ի՞նչ է փոխվելու: Այդ ուղղությամբ ի՞նչ է անելու Հայաստանը, որի անվտանգությունից եւ շահից է առաջին հերթին բխում գործընթացի տրամաբանության փոփոխությունը, որպեսզի ամեն ինչ չվերադառնա յուր պատերազմական շրջանին:
Թե՞ Հայաստանը ակնկալում է այս անգամ այդ վերադարձը կանխել ոչ թե գործընթացի տրամաբանության փոփոխության նախաձեռնությամբ, այլ արտաքին միակողմանի քաղաքականության փոփոխության շնորհիվ, աստիճանաբար վրայից թափ տալով ապասուբյեկտացման եվրասիական տիղմը, ինչի մի շարք նախադարյալներ ստեղծվեցին ապրիլյան պատերազմի արդյունքում:
Ըստ այդմ, Վիեննայից հետո առկա է առավել ընդգրկուն հարցը՝ Վիեննայում տարածաշրջանը սկսեց նոր պտույտ դեպի պատերա՞զմ, թե՞ սկսվեց տարածաշրջանային անվտանգության համակարգի վերափոխման գործընթացի նոր ու կարեւոր փուլ, ռուսական պատրոնաժությամբ այլեւս ակնհայտորեն անգործունակ, անկայուն եւ պայթյունավտանգ համակարգի փոխարեն:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն